Նոյեմբերի 24, 2024

ԱրՊՀ-ում տեղի է ունեցել հոգեբանական աշխատաժողով

By Ասպրամ Ավանեսյան Սեպտեմբերի 26, 2022

44-օրյա պատերազմից ուղիղ 2 տարի է անցել: Անորոշությունը, տագնապը հուսահատությունն ու  անվտանգության զգացման խաթարումը, որ պատերազմական սթրեսի արդյունք են,  դեռևս չեն հաղթահարվել։  Բայց այս  հոգեբանական խնդիրները դատավճիռ չեն։ Պետք է քայլեր ձեռնարկենք այն գոնե մասամբ հաղթահարելու համար՝ ասում է ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Վիտյա Յարամիշյանը:   Այս հարցում առանձնակի կարևոր է հոգեբանների դերը: 

«5-րդ սերնդի պատերազմ. այս պատերազմը մի նոր իրողություն էր ոչ միայն մեզ հայկական իրականության, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Այս պատերազմում օգտագործվել են գերճշգրիտ զինատեսակներ, նախկինում, այո՛, ռմբակոծում էին, բայց ԱԹՍ-ների նման սմ-ի ճշգրտությամբ հարվածներ չէին հասցնում: Այս պատերազմում կիրառվել են մարտ վարելու նորագույն մեթոդներ, մարտավարություն, ահաբեկիչեր են ներգրավվել: Սակայն վճռորոշ նշանակություն ունեցել են տեղեկատվահոգեբանական պայքարի միջոցները, այն մեր հասարակությանը բերել է այս ծանրագույն իրավիճակին»:

 Հետպատերազմական Արցախում աշխատում է 50 հոգեբան: Բազմաթիվ հոգեբաններ և հոգեբանական կազմակերպություններ, այդ թվում նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հոգեբանները  զգալի աշխատանք են իրականացրել բնակչության շրջանում հետտրավմատիկ սթրեսի հաղթահարման ուղղությամբ: 

«ԿԽՄԿ, Բժիշկներ առանց սահմանի, ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀՊԲՀ հոգեբաններ, Սփյուռքի հայ մասնագետներ. նրանց ցուցաբերած հոգեբանական աջակցությունը նպաստել է հետվնասվածքային սթրեսի հաղթահարմանը»:

 Աշխատաժողովին մասնակցել է նաև Կալիֆորնիայի պետական համալսարանի պրոֆեսոր, հ.գ.դ, Ալլեն Ազիզյանը: Պրոֆեսորը հանդես է եկել «Ինտեգրատիվ հոգեթերապիա. թերապևտիկ փոփոխությունների սկզբունքները» թեմայով բանախոսությամբ: Նրա խոսքով՝  աշխարհում 500-ից ավելի հոգեթերապիայի մեթոդներ կան, բայց հստակ որևէ մեթոդ, որը կարող է կիրառվել  առկա խնդիրները լուծելու համար՝ չկա։ 

«Ձեր առջև մեծ պարտականություն կա: Նախ շատ կարևոր է, որ ամեն հոգեբան ինքը լինի կայուն: Եթե հոգեբանն ինքը ունի խնդիրներ, ապա աշխատանքն ավելի է բարդանալու: Ինտեգրատիվ հոգեթերապիա. երևի պատերազմից հետո շատ հոգեբաններ են եկել Արցախ, ամեն մեկը հոգեթերապիայի իր մեթոդն ու տեխնիկան է առաջադրում: Ինտեգրատիվ հոգեթերապիան տեխնիկ չէ, ոչ էլ մեթոդ, այն բոլոր մեթոդների և տեխնիկաների օգտակար մասի ամբողջությունն է»:

 Աշխատաժողովի նպատակը ուսանողների և մասնագետների գիտելիքներն ու կարողությունները զարգացնելն ու համագործակցային հարթակ ձևավորելն է: Աշխատաժողովի ընթացքում հոգեբան մասնագետները հանդես են եկել զեկույցներով: Հոգեբանական աշխատաժողովն ուղեկցվել է քննարկումներով, մասնակից մասնագետներն արտահայտել են իրենց տեսակետները առկա խնդիրների վերաբերյալ:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ