«Իմ ձեռքին Գրիգորյան Խաժակի նկարն է, նա իմ ավագ եղբայրն է»։ «Իմ ձեռքին Մկրտչյան Սարիբեկի նկարն է, նա իմ ավագ ընկերն է»։ «Ձեռքիս Ալեքսանյան Ալեքսեյի նկարն է, նա իմ ավագ ընկերն է»։ «Ձեռքիս Հովհաննիսյան Դավիթի նկարն է, նա իմ ընկերն էր»։
Խաչերթի մասնակիցները «զույգերով» էին․ մեկը եղբոր հետ, մեկը՝ հոր, մյուսը՝ սիրելիի, պարզապես, եթե մինչ 2020 թվականի պատերազմը նրանք ֆիզիկապես էլ էին միասին, այսօր միայն նկարներն են վերևում պահված։
«Այսօրվա երթը կազմակերպվել է ի հիշատակ մեր այն լուսավոր տղաների, որոնք 44-օրյա պատերազմում զոհաբերեցին իրենց կյանքը, որպեսզի այսօր Արցախը շարունակի շնչել, ապրել, գուցե, հաջողվի վերագտնել երբեմնի փառքը, հնարավորությունները, ուժը, կարողությունները։ Ամեն դեպքում չպետք է դադարենք պայքարել»։
44-օրյա պատերազմից հետո հարգանքի տուրք մատուցելու համար երթերը ավանդույթ են դարձել՝ նշում է Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Սա ապրողներիս պարտքն է։
«Եվս մեկ անգամ հայտնելու մեր հարգանքն ու շնորհակալությունը բոլոր այն մարդկանց, որոնք իրենց կյանքի գնով ապահովել են այսօրվա հարաբերական խաղաղությունը։ Արցախում ու Հայաստանում ապրող մարդիկ իրենց ողջ գիտակցական կյանքում պետք է միշտ երախտապարտ լինեն մեր զոհված հերոսներին ու նրանց ընտանիքներին, վարքով, ապրելակերպով հիշեն ու փառքի մեջ պահեն նրանց գործը»։
Երթի կեսից մասնակիցներին միացան Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանն ու պաշտոնատար այլ անձիք։ Զինվորական պանթեոնում լացի ձայները պատարագով ընդհատվեցին․ Պանթեոնում նոր հուշակոթողի օրհնության կարգ էր։
Աստված է մարդկանց կյանք տալիս և վերցնում, բայց մեր տղաներին երկնային բանակ պատերազմը տարավ։ Յուրաքանչյուրիս համար այսօր ուխտի նորոգման օր է՝ ասում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանը։
«Ի՞նչ պարտքի զգացում ունենք և ինչպե՞ս ենք վառ պահում մեր տղաների հիշատակը, այս հարցերի մասին պետք է մտածենք և ուխտենք՝ այն բոլոր ծրագրերը, որ իրենց սրտում տարել են հավերժություն, ուղենշելու են և պիտի ուղենշեն մեզանից յուրաքանչյուրի անցնելիք ճանապարհը՝ ոչ թե խոսքով, այլ գործով»։
Այսօր սգի օր չէ․ մեր որդիների համար հպարտության, մեզ համար՝ գաղափարների, կենսակերպի վերարժևորման օր է։ Մեր տղաները չեն զոհվել, որ մնացյալը զոհենք, այլ եղածի վրա ստեղծենք՝ ասում է արցախյան քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմում երկու որդիներին կորցրած Միքայել Հաջյանը։
«Յուրաքանչյուր ավագ սերունդ բեռ է փոխել իր ժառանգների ուսերին, իմ սերունդը նունպես այդպես վարվեց, ցավոք։ Մենք չպետք է մոռանանք, որ աշխարհում մեզ բարեկամ երկրներ ու ժողովուրդներ չունենք, անգամ եթե կան բարեկամության դրսևորումներ, ապա դրանք բխում են միայն նրանց շահերից։ Մենք չպետք մոռանանք, որ միակողմանի սեր չի լինում առավելապես ժողովուրդների և պետությունների միջև։ Մենք պետք է մշտապես մտածենք, որ մեր սերը մենք ենք․ մենք պետք է իրար սիրենք, մենք պետք է իրար գնահատենք, մենք պետք է ուս ուսի տանք, որ երկիր պահենք, այն սուրբ հողը, այն սուրբ ջուրը, որ Աստված է մեզ շնորհել, որտեղ մեր նախնիներն են ապրել, մենք ենք ապրում և մեր ժառանգները պետք է ապրեն»։
Երիտասարդ աղջիկներ, որ պիտի սիրելիի հետ եկեղեցի մտնեին, նկարներով Պանթեոն են եկել, երեխաներ, որ դպրոց, տուն ու խաղալու պիտի շտապեին՝ հայրերի գերեզմանին։ Այստեղ լռությունը անտանելի ծանր է միշտ առանց նախապես հայտարարվելու։ Մենք հիմա զուգված ենք ապրում, ամենքս կրում ենք նրանցից մեկի երազանքը, նպատակն ու գաղափարը։ Մենք հիմա կրկնակի պատասխանատու ենք։