Նոյեմբերի 24, 2024

Տեղի է ունեցել «Թվայնացման խորհրդի» նիստ

By Մարգարիտա Ղուշունց Սեպտեմբերի 30, 2022

«Թվայնացման գործակալություն»-ը ստեղծվել է անցյալ տարվա  հունիսին։ Կարճ ժամանակ անց նախագահի հրամանագրով հաստատվել է նաև թվայնացման խորհրդի կազմն ու  աշխատակարգը։ Խորհուրդը նախագահում է  ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Համագործակցելով ՏՏ համայնքի և ՀՀ պետական մարմինների հետ՝ գործակալությունը զբաղվում է պետական կառավարման բոլոր համակարգերում բոլոր հնարավոր ծառայությունների, գործառույթների թվայնացմամբ։ Թվայնացման խորհրդի անդամ, Հանրապետության նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետ Արսեն Եղյանը  գործակալության հիմնական գործառույթներն է նշում․    

«Թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, համացանցի ոլորտների հավասարակշիռ և կայուն զարգացման համար պայմանների ստեղծում ու ամրապնդում»։

 Թվայնացման խորհրդի նախագահ Արտակ Բեգլարյանը, խոսեց աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների մասին, հույս հայտնելով, որ դրանք սեղմ  ժամանակետներում  կլուծվեն։ 

«Այդքան էլ բավարար չեն առ այսօր կատարված աշխատանքները՝ հիմնականում օբեկտիվ խնդիրներից ելնելով։ Առաջնային պատճառը ՀՀ-ի տվյալների շտեմարանների ու ծրագրերի փոխգործելիության խնդիրներն են, որոնք առաջիկայում կլուծվեն։ Հաջորդ խնդիրը թվային ենթակառուցվածքների ոչ համապատասխան մակարդակն է ու   ֆինանսական ռեսուրսների սղությունը»։

  Այս ամենին զուգահեռ գործակալության մի շարք ծրագրեր շոշափելի արդյունքներ են գրանցել։  Թվայնացման տարեկան ծրագրերի մաս են կազմել «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդնումը, ուսուցումը և սպասարկումը պետական մարմիններում,    պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գործող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ու  հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում։ Շուրջ 11 պետական մարմին արդեն օգտագործում է Mulberry համակարգը՝ ասում է Արսեն Եղյանը, մինչև տարեվերջ թիվը  կավելանա։ Համակարգը մի շարք հնարավորություներ է ստեղծում արագ և արդյունավետ աշխատելու համար։ 

«Այս համակարգը հնարավորություն է տալիս օգտագործել էլեկտրոնային ստորագրություն, այն կատարվում է նույնականացման քարտով։ Ի տարբերություն հասարակ սքան արած թղթի, որը չունի լիազորություն, էլեկտրոնային ստորագրությունը ամբողջովին ապահովում է լիազորություն»։ 

Mulberry-ի համակարգի արդյունավետությունն ու անվատգությունը բարձրացնելու համար պարբերաբար աշխատանքներ են տարվում՝ ասում է խորհրդի անդամ Ալեքսանդր Ղուլյանը։ Այս աշխատանքները շարունակվում են և կախված են ֆինանսական խնդիրների լուծումից։ Ծրագրվում է նաև գործարկել գույքահարկի միասնական համակարգը։ 

«Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ և շարժական գույքի միասնական եւ արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ․ Այս գործիքն առավել թափանցիկ ու հեշտ է դարձնում ինչպես ՏԻՄ–ների աշխատանքը, այնպես էլ քաղաքացիների հարկերի վճարման գործընթացը: Արդյունավետությունը կայանում է նրանում, որ համայնքապետարանն արդեն առցանց է տեսնում նույն փոխադրամիջոցի կամ անշարժ գույքի տվյալները: Գույքահարկի միասնական համակարգի ներդրումը քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց համայնքապետարան կամ բանկ գնալու ուղղակի սեփական համակարգչից կամ հեռախոսից կամ վճարահաշվարկային տերմինալներից կատարել իր հարկային պարտավորությունները»։ 

Առողջապահական համակարգում  նույնպես թվայնացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել։ Այնտեղ ներդրվել է համակարգը։  Տարբեր գերատեսչություններում  նախատեսվում է նաև միջգերատեսչական լոկալ ցանցի նախագծի ներդնում։ Խորհրդի անդամների կողմից առաջարկվել է համապատասխան մասնագետներին թվայնացման աշխատանքում ընդգրկելու համար սահմանել բարձր աշխատավարձ։ Խոսվել է նաև համակարգչային ցանցերի և սերվերների անվտանգության միջոցառումների ճիշտ կազմակերպման մասին։  Նիստին հրավիրված էին «Ղարաբաղ Տելեկոմ» և «Արցախկապ» ՓԲԸ-ների տնօրենները,  ներկա էին նաև Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը և ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը։ Թվայնացման գործակալության խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2023-ի մարտին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ