Նոյեմբերի 24, 2024

Հայտնի է «Արցախյան գոյամարտ» խորագրով ինտելեկտուալ խաղի հաղթողը

By Մարգարիտա Ղուշունց Հոկտեմբերի 04, 2022
Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում հավաքված աշակերտների տրամադրությունը բարձր էր, մարտական, պատրաստ՝ նվաճելու գլխավոր մրցանակը: Նրանք եկել էին մասնակցելու «Արցախյան գոյամարտ» խորագիրը կրող խաղ-մրցույթի հանրապետական փուլին:   Ինտելեկտուալ խաղ-մրցույթն առաջին անգամ  ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժինն է կազմակերպել՝ ասում է նախարարության արտադպրոցական ծրագրերի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանը։    
 
«Նպատակն է համախմբել դպրոցականներին, բացահայտել և խրախուսել գիտաճանաչ աշակերտներին»: 
 
Մրցույթը նախ անց է կացվել քաղաքային ու շրջանային փուլով, լավագույն արդյունքներ գրանցած թիմերն այսօր մասնակցել են հանրապետական փուլին: Ստեփանակերտը ներկայացրել է «Խաղաղություն», Ասկերանը՝ «Նորագյուղ», Շուշին՝ «Բյուրեղ»,  Մարտակերտը՝ «Բեկոր», Հադրութը՝ «Դիզակ» թիմերը : Մարտունու շրջանը ներկայացնող՝ «Շանթ» թիմը  Հերհեր գյուղի  միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանի աշակերտներն էին ներկայացնում: Դպրոցի պատմության ուսուցիչ Նվեր Չալյանը կարևորում է  նման մրցույթների անցկացումը, այն համարում  ևս մի յուրահատուկ ձև՝ հայրենաճանաչություն և հայրենասիրություն սերմանելու համար։ Խաղի ընթացքից գոհ է: 
 
«Խաղը նորմալ է ընթանում, երեխաների ոգևորությունը բարձր է, միայն թե չամաչեն»։  
 
Խաղ-մրցույթի հանրապետական  փուլը 3 մասից էր կազմված: Առաջինում յուրաքանչյուր  թիմի տրվել է  երեքական հարց, յուրաքանչյուր  հարցի համար   15 վրկ․ ժամանակ։  2-րդ փուլում հարցերը ընդհանուր են հնչել, պատասխանել են այն թիմերը, որոնք առաջինն են բարձրացրել իրենց դրոշները։ Պատասխանի համար թիմերն ունեին 1 րոպե: 3-րդ փուլի առաջին ենթափուլում էկրաններին  պատկերված էր ԱՀ և ՀՀ հերոսների նկարները։   Մասնակիցները  պետք է  նշեին ԱՀ հերոսներին,ՀՀ հերոսներին և ԱՀ ու ՀՀ հերոսներին։  Տեսասահիկի  տևողությունը 3 րոպե էր, մասնակիցներին լրացուցիչ տրվել է ևս 1 րոպե՝ ներկայացնելու իրենց  պատասխանները: Երկրորդ ենթափուլում  յուրաքանչյուր թիմի բաժանվել են թերթիկներ, որտեղ նրանք  լրացրել են    էկրանին հայտնված տողերի հեղինակների անունները: Հարցերը մեծամասամբ Արցախյան  շարժման, քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների, Արցախի և Հայաստանի անկախացման գործընթացների մասին էին:  Խաղը բարձր մակարդակի վրա է՝ ասում է ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանը, նա և՛ կազմակերպչական աշխատանքներով է զբաղվել, և՛ որպես դիտորդ հետևում էր խաղի ընթացքին, գնահատում թիմերի ակտիվությունը: 
 
«Տեսնում ենք, որ կա առողջ մրցակցություն։  Չի բացառվում, որ խաղի ընթացքում վեճեր էլ կլինեն, անհամաձայնություններ էլ։ Բայց  փորձառու ժյուրին   կգնահատի ամենաարժանիներին»:
 
 Աշակերտների մասնակցությունը այսօրինակ մրցույթների կարևորեց նաև ժյուրիի նախագահ Մելանյա  Բալայանը: Այս սերունդն է լավ ապագայի հույսը՝  ասում է։   
 
«Միայն խելացի երիտասարդություն ունենալու մեջ է ցանկացած պետության հաջողությունը, առավելևս Արցախի և Հայաստանի Հանրապետության համար»: 
 
Հանրապետական փուլի հաղթող ճանաչվեց Ասկերանի շրջանը ներկայացնող «Նորագյուղ» թիմը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար՝ Մարտակերտի «Բեկոր» և Մարտունու «Շանթ» թիմերը: Բոլոր մասնակիցները ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են պատվոգրեր և գրքեր, իսկ հաղթող թիմերը՝ նաև հուշանվերներ։
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ