Նրանք ծնվում են, որ հաղթեն, հաղթանակ պարգևեն ու հավերժանան: Ասում են՝ հերոսները չեն մեռնում: Բեկորն ապրում է նրան հիշողների սրտերում: Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքական-հասարակական գործիչ Աշոտ Ղուլյանի խոսքով՝ հերոսի և իր նմանների շնորհիվ ենք մենք հասել Արցախյան առաջին պատերազմում պանծալի հաղթանակին, որի մասին դեռ երկար է խոսվելու:
«Բեկորի և իր նման տղաների բերած հաղթանակները դեռ երկար ծառայելու են մեր երկրի, մեր ժողովրդի ազատության ու անկախության, այդ մեծ գաղափարին։ Մենք ունեցել ենք և հաջողություններ, և անհաջողություններ։ Մենք պետք է ընդունենք այն գլխավոր փաստը, որ և Բեկորը, և նրա հրամանատարությամբ բոլոր այն տղաները, որոնք հաղթանակ բերեցին մեր ազգին, նրանք արցախահայության և ամբողջ հայ ժողովրդի համար բերեցին վաղվա օրվա հանդեպ վստահություն և խոր հավատ։ Նրանց կարիքն այսօր շատ է զգացվում է»:
«Եթե Արցախը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով». Ճիշտ էր Բեկորը՝ համոզված է Լիլիթ Արզանգուլյանը՝ Ստեփանակերտի համար համար 2 դպրոցի ուսուցչուհին, որի դասարանն այսօր, Հերոսի հուշակոթողի առջև երդվում է՝ պահել հերոսի արյունով սրբագործված հողը: Անկախ ամեն ինչից Արցախը ապրելու է, ասում է, հանուն Բեկորի հիշատակի ու իր նման հերոսների:
«Ես՝ Գոռ Բաղդասարյանս, ընդունվելով «Զարթոնք» մանկապատանեկան Արծվիկների խումբը, ընկերներիս առջև հանդիսավոր երդվում եմ՝ իմ գիտելիքներով ու կարողություններով ծառայել ազգիս ու հայրենիքիս, ձգտել հասնել աշխատանքի առաջավորներին և ազգի հերոսներին, պատրաստվել դառնալ Հայրենիքի խիզախ պաշտպան»։
Պատերազմից հետո և ընդհանրապես վերջին քաղաքական և ռազմական զարգացումների ֆոնին հաճախ ենք լսում միտքը, թե՝ «Եթե Բեկորը, Մոնթեն ողջ լինեին, մենք այս ամենի առաջ չէինք կանգնի»: Քաղաքական գործիչ Աշոտ Ղուլյանը կիսում է այս միտքը:
«Պետք է այնպես անել, որ երկրում նոր Աշոտների, նոր Մոնթեների, նոր Լեոնիդների անուններ լինեն։ պետք է մեր առօրյան, մեր կյանքը հենց դրան ուղղված լինի, ինչպես որ Աշոտն էր ժամանակին ասում՝ ամեն մի պաշտոնյա, ամեն մի անձ պետք է զգա, որ իր գործունեությունից է կախված երկրի ապագան»։
Միջոցառմանը ներկա են եղել Բեկոր Աշոտի ընտանիքի անդամները, մարտական ընկերները։ Աշոտ Ղուլյան կրտսերը՝ Բոկոր-Աշոտի թոռնիկը պապիկի մասին լսել է թե՛ ծնողներից, թե՛ շրջապատից: Ասում է. «Պապիկս «Ազգային հերոս» է, բոլորը հարգում, սիրում են նրան»:
«Որովհետև նա պայքարել է, որ այսօր բոլորը ողջ լինեն, երեխաները դպրոց գնան, կարողանանք պարապմունքների գնալ: Նրա գործը շարունակելու համար ես լավ եմ սովորում: Մենք պետք է գերազանց սովորենք, որպեսզի կարողանանք պապիկիս գործը շարունակել»:
Միջոցառմանը ներկա էին նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, Բեկորի մարտական ընկերները: