Նոյեմբերի 24, 2024

2 տարի առաջ այս օրը Ադրբեջանը ռմբակոծեց Շուշիի Ս․ Ղազանչեցոց եկեղեցին

By Ասպրամ ԱՎանեսյան Հոկտեմբերի 08, 2022

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը, ադրբեջանական զինված ուժերը միտումնավոր թիրախավորեցին և մեկ օրվա ընթացքում երկու անգամ գերճշգրիտ հարվածով ռմբակոծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։ Հայկական պատմամշակութային ժառանգությունը ոչնչացնելն Ադրբեջանում պետական քաղաքականություն է, որում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք 2 տարի առաջ և այսօր էլ շարունակվում ենք առնչվել դրան։ «Շուշիի մշակույթային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը» խորագրով մամուլի ասուլիսի բանախոսները համոզված են սրանում։ Ինչու՞ տեղի ունեցան այս ցավալի իրադարձությունները, որտե՞ղ ենք մենք թերացել և ինչո՞ւ այս պատերազմն այսքան ծանր հետևանքներ ունեցավ․ ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը կարծում է, որ այս պահին կարևոր է հստակ հասկանալ այս հարցերի պատասխանները։ 

««Երջանիկ են, բայց դա չեն գիտակցում այն ժողովուրդները, որոնք չունեն քաղաքակրթություն կործանող հարևաններ». Սամվել Կարապետյանի խոսքերն են։ Ցավոք մենք հայտնվել ենք այդպիսի պետության հարևանությամբ և պետք է մեր ճանապարհը ճիշտ կառուցենք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես պետք է անցնենք այդ ճանապարհը, որը մեզ համար առավել նախընտրելի հետևանքների հասցնի»։

  Պատերազմական գործողությունների ընթացքում մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը ոչ միայն հանդիսանում է մշակութային ցեղասպանություն, այլ նաև` ռազմական հանցագործություն, որն ամրագրված է միջազգային մի շարք կոնվենցիաներում և բանաձևերում։ Այս հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն՝ ասում է բանախոս Հովիկ Ավանեսովը։ 

«Քանի դեռ նախկինում իրականացված մշակութային ցեղասպանությունների համար ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն պատժվել պարարտ հող են նախապատրաստում նոր վայրագությունների համար։ Ինչին մենք ականատես ենք ականատես ենք լինում ամենօրյա պարբերականությամբ։ Սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում թշնամին թիրախավորել է Ջերմուկի եկեղեցին, բայց դրա մասին ոչ մի տեղ չի նշվում»։  

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին ուսումնասիրություններ են կատարվում, արձանագրություններ կազմվում։ Հովիկ Ավանեսովն ասում է, որ այս հանցագործությունների մասին պետք է խոսվի ամենօրյա պարբերականությամբ։ Բայց, արդյոք, այս ամենը բավարա՞ր է թշնամու վայրագությունները կանխելու համար։ Լրագրողների հարցին ի պատասխան Մելանյա Բալայանը ասում է․ 

«Պետք է իրատես լինենք, համենայն դեպս ներկայումս տեղի ունեցող քաղաքական գործողությունների համատեքստում ես իրատեսական չեմ համարում գործնական քայլերով թշնամուն կանգնեցնելը»։   

Միասնականության ու  համախմբման  կոչեր ու  հայտարարություններ շատ ենք լսում։ Մելայնա Բալայանն ասում է՝ այևս գործնական քայլերի անցնելու ժամանակն է։ 

«Այսօր ժամանակն է, որ մենք հասկանանք և ինքնակազմակերպվելու արդյունքում, համապատասխան քայլերով կարողանանք դուրս գալ այս իրավիճակից»։  

Ասուլիսի առիթը Շուշին էր, բայց  խոսվեց ոչ միայն Շուշիի մասին։ 2020թ․պատերազմում մենք կորցրել ենք հայրենիք, իսկ հայրենիքը միայն հուշարձանները չեն, հայրենիքը հիշողություն է, բազմադարյա պատմությունը, սերունդների արյան գնով պահված ժառանգությունը, որը պետք է հիշել, արձանագրել ու պահպանել։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ