Նոյեմբերի 23, 2024

Քաղաքի մարդիկ․ ջութակահար Բորիս Բաբայանի արձանը տեղադրվեց Հուշահամալիրում

By Սրբուհի Վանյան Հոկտեմբերի 11, 2022

Ջութակահար Բորիս Բաբայանը, կամ ինչպես ստեփանակերտցիները սովոր են ասել՝ Սկրիպաչ Բորյան, Ստեփանակերտի կոլորիտային կերպարներից է․ նրան, դեռևս 90-ականներից, հաճախ կարելի էր հանդիպել Ստեփանակերտի հուշահամալիրում, որպես կանոն՝ մուգ հագուստով, ալեհեր գլուխը թեքած իր անբաժան ընկերոջ՝ ջութակի կողմը՝ կարծես մտքում զրուցելով նրա հետ։ Լուռ, առանց աչքերը բարձրացնելու, մոտենում էր շիրմաքարին, նվագում մի քանի րոպե՝ ջութակի ելևէջները քամուն տալով, ապա նույնքան անսպասելի հեռանում՝ օդում թողնելով զոհվածի հարազատների հեծկլտոցին խառնված ջութակի լացը։ 44-օրյա պատերազմից հետո ջութակահարը հեռացավ կյանքից։ Նրա մահից երկու տարի անց, ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ջութակահար Բորիս Բաբայանի արձանը կանգնեցվեց Հուշահամալիրում։ Այսօր արձանի բացման արարողությունն էր․ ջութակահարի հիշատակը հարգելու էին եկել պետական այրեր, հարազատներ, ընկերներ, նաև շարքային ստեփանակերտցիներ, որոնց հիշողություններում Սկրիպաչ Բորյան մնացել է որպես Ստեփանակերտի դիմագիծը ներկայացնող կերպարից մեկը։ Բորիս Բաբայանի արձանի տեղադրումը հենց Ստեփանակերտի հուշահամալիրում պատահական չէր․ 

«Բորիս Բաբայանին իր մշտական արբանյակի՝ ջութակի հետ հաճախ կարելի էր տեսնել Ստեփանակերտի Հուշահամալիրում՝ եղբայրական գերեզմանոցում։ Այսօր եղբայրական գերեզմանոցի շարքերը խտացել են․ Բորիս Բաբայանի քարեղեն ներկայության համար ավելի հարմար այլ տեղ, քան Եղբայրական գերեզմանոցն է, դժվար է պատկերացնել։ Նա կրկին այստեղ է, տղաների կողքին»։

 Արձանի հեղինակը քանդակագործ Տիգրան Արզումանյանն է։ Բորիս Բաբայանի մասին իրենց հուշերով կիսվեցին երաժշտի ընկերները, հարազատները։ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ևս ասելիք ուներ․ 

«Հաճախ պատերազմն ու մշակույթը միաձուլվում են, ներդաշնակվում իրար։ Բորիս Բաբայանը կոլորիտային գործիչ էր, մարդ, որն անընդհատ խոսում էր երաժշտության լեզվով՝ մեր զոհված ազատամարտիկների հետ։Մարդ, ով կարողացավ մեզ՝ ողջ մնացածներիս և հեռացած ազատամարտիկների  միջև ներդաշնակ կապ ստեղծել»։

 44-օրյա պատերազմում զոհված մեր տղաներից շատերը երաժշտին գիտեին անձամբ։ Հիմա նրանք Ստեփանակերտի հուշահամալիրում իրենց մշտական անկյունն ունեն․ խաղաղ ու բարեկարգ անկյունը․ Բորիս Բաբայանը նրանց շիրիմներին ջութակ չի նվագի, բայց այսուհետ կլինի նրանց կողքին միշտ՝ բարձունքում, սիրելի, բայց արդեն ընդմիշտ լռած ջութակը ուսին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ