Արցախում ստեղծվել է Հանրային խորհուրդ։ Նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն հաստատել է խորհրդի կազմը, կանոնադրությունը։ Հայտնի է խորհդի նախագահի անունը։ Արմեն Էդուարդի Գևորգյանն է՝ «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպության նախագահը։ Օրերս Հանրային խորհրդի անդամներին ընդունել է Արայիկ Հարությունյանը։ Արմեն Գևորգյանի հետ խորհրդի անելիքների ու նրա ստեղծման շարժառիթների մասին ենք խոսել։ Արցախյան վերջին պատերազմից հետո մի քանի հասարակական կազմակերպության անդամներով, հաշվի առնելով առաջացած սոցիալական խնդիրները, հատկապես բնակարանային, որոնց շուրջ նաև բողոքներ ու սոցիալական արդարության վերականգնման անհրաժեշտություն կար, հանդես են եկել նման նախաձեռնությամբ։
«Որոշեցինք դիմել Բնակարանային կոմիտեին, որպեսզի Կոմիտեին կից ստեղծվի հանրային վերահսկող խումբ՝ այդ գործընթացները վերահսկելու համար։ Ձևակերպեցինք պաշտոնական նամակ, ուղարկեցինք։ Մեզ պատասխանեցին, որ այս պահի դրությամբ դա հնարավոր չէ։ Դրանից հետո հանդիպեցինք պետնախարար Արտակ Բեգլարյանին, քննարկեցինք, ասացին, որ հնարավոր է՝ պետնախարարին կից ստեղծվի Հանրային խորհուրդը»։
Արդյունքում Հանրային խորհուրդը ստեղծվեց նախագահին կից։ Իսկ մինչ այդ, սկզբում 8, վերջում արդեն 18 հասարակական կազմակերպություններ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որի կարևոր կետերից մեկը հենց Հանրային խորհրդի ստեղծումն էր։ Արմեն Գևորգյանը նման կառույցի գոյությունն անհրաժեշտ է համարում․
«Առաջին հերթին հանրային վերահսկողությունն է բոլոր գործընթացներում՝ թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական, թե՛ բնակարանային հերթացուցակներում՝ սոցիալական արդարության վերականգնման նպատակով»։
Անցյալ տարվա նոյեմբերին համագործակցության համաձայնագիրը ստորագրած կազմակերպություններն ընդհանուր համաձայնությամբ ստեղծեցին 6 հանձնաժողով և սկսեցին աշխատել հասարակական հիմունքներով։ Մշակվեցին առաջարկություններն ու ծրագրերը՝ ասում է զրուցակիցս։ Առաջարկությունները ներկայացվել են համապատասխան մարմիններին։ Հանրային խորհրդի նախագահը կառույցի առաջնահերթություններն է թվարկում․
«Մեզ համար անհրաժեշտը պաշտպանություն-անվտանգությունն է։ Այդ թվում և տեղեկատվական անվտանգությունը, հետո՝ քաղպաշտպանությունը, հետո արդեն՝ մնացածը»։
Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ խորհրդի կազմի հանդիպմանը ներկայացվել են այդ առաջնահերթությունները, երկիրը ստեղծված իրավիճակից հանելու տեսլականը՝ ասում է Արմեն Գևորգյանը։ Հանրային խորհրդի գործունեության ուղղություններից մեկը վերահսկողական գործառույթն է, կառույցը պետք է նաև հանրության ու իշխանությունների միջև կապող օղակի դեր ստանձնի։
«Մեր տեսլականն առաջին հերթին ժողովրդի համախմբումն է։ Մասնատված են, թերահավատ, չգիտեն՝ ապրե՞լ այստեղ, թե՞՝ ոչ։ Դա իշխանությունների ոչ ճիշտ գործելաոճի արդյունք է։ Իշխանությունը քայլեր պիտի անի՝ ժողովրդի շրջանում վստահությունը վերականգնելու համար»։
Ամսվա վերջին 6 հանձնաժողովները պիտի ներկայացնեն իրենց աշխատանքային պլանը, հետո համայնքներում սկսելու են հանդիպումների շարքը՝ ճանաչողական այցերի շրջանակում։ Հանրային խորհրդի կազմում կուսակցականներ չկան․ կառույցի սկզբունքն է։