Նոյեմբերի 24, 2024

Արցախում մետաղամշակման արտադրամաս է կառուցվելու

By Անի Աբաղյան Հոկտեմբերի 30, 2022
Այսօր Կառավարության և «Genesis Armenia» ուղեղային կենտրոն հիմնադրամի միջև հուշագիր է ստորագրվել՝ Արցախում մետաղամշակման արտադրամաս է կառուցվելու: ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյան. 
 
«Ամենամեծ ծրագիրն ենք մեկնարկում «Genesis Armenia»-ի հետ․ շուրջ 200 մլն դրամի ներդրմամբ Արցախում հիմնում ենք մետաղամշակման արտադրամաս «Genesis Armenia»-ի և «ԷԿՈՊՐՈՖ» ընկերության հետ համատեղ՝ հաշվի առնելով նաև Սամվել Վարդանյանի ներդրումը»։ 
 
Արտադրամասի կառուցման գաղափարը կարիքների գնահատման արդյունքում է ծագել։ Մետաղամշակման արտադրամասում աշխատանքը սկսելու համար նախնական ներդրվելու է  200 մլն դրամ՝ հաստոցներ ձեռք բերելու նպատակով, համապատասխան վայրը հատկացնելու է Արցախի կառավարությունը։ Կառուցման աշխատանքներին զուգահեռ կկազմապերվեն դասընթացներ՝ մասնագետներ պատրաստելու համար։ Կառավարության և «Genesis»-ի համագործակցությունը կարևոր է նաև մասնավոր ու պետական սեկտորների համագործակցության առումով՝  նշել է պետնախարարը։ 
 
«Շատ-շատերը, այդ թվում՝ բարերարները, որոշակի կաշկանդվածություն կամ զգուշավորություն են ցուցաբերում Արցախում ներդրում կատարելու տեսանկյունից, մասնավոր ընկերությունը առավել ևս․ ներդրումները վերջին շրջանում սուղ են լինում, բայց դրա ֆոնին «Genesis Armenia»-ն և «ԷԿՈՊՐՈՖ»-ը լուրջ օրինակ են ծառայում։ Արցախում որևէ ներդրում կատարելով հնարավոր է և՛ բիզնես շահույթ ունենալ, և՛ բավականին լուրջ ռազմավարական, կրթական, տնտեսական, սոցիալական նշանակության արդյունք ապահովել կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածներում»։ 
 
«Արցախ տեխնոպարկը» հանրապետությունում տեխնոլոգիական և տեխնիկական ամենամեծ ծրագիրն է՝ ընդգծել է «Genesis Armenia» ուղեղային կենտրոն-հիմնադրամի հիմնադիր ու գործադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը՝ ներկայացնելով ծրագիրը։ Արտադրամասի աշխատողները պետք է Արցախից լինեն, շահառուների թիրախում 16-18 տարեկան տղաներն են։
 
«Ամենալուրջ գրավականը մետաղի հետ ճիշտ աշխատելն է։ Մետաղ, որից ձուլում են զենք, փամփուշտ, գրիչ և տնտեսություն են կառուցում։ Ողջ աշխարհում գրեթե 3000 գերպրոֆեսիոնալ հայրենակիցների ներուժը ունենալով պատրաստ ենք հենց այդ ներուժը ճիշտ գործածել, որպեսզի Արցախում, գոնե Արցախում ունենանք հայկական պետության այն մոդելը, որը մեզ համար շատ բաղձալի, ցանկալի է»։ Ի՞նչ խնդիրներ է լուծելու նոր արտադրամասը։ 
 
  Հանրապետությունում միջին մասնագիտությամբ հետաքրքրվողների թիվը վերջին շրջանում ավելի է պակասել, ինչի հետևանք է օրինակ մեկ կամ մի քանի լավ խառատ գտնելու խնդիրը, կամ այլ արհեստով զարգացած երիտասարդի։ 
 
«Ի՞նչ խնդիր ենք լուծելու․այս արտադրամասի ստեղծումից հետո դուք հնարավություն կունենաք գյուղմշակման, մեքենաշինության, ավտոտրանսպորտային միջոցների, ռազմարդյունաբերության վերաբերյալ ցանկացած արդյունաբերական մետաղ մշակել հենց այստեղ և ստիպված չեք լինի ո՛չ Գորիս, ո՛չ էլ Երևան ուղարկելու։ Մենք ունենք նաև շատ լուրջ խնդիր՝ մասնագետների խնդիրը։ Ցանկը կարելի է ընդլայնել»։ 
 
«Արցախ տեխնոպարկը» համագործակցելու է ՊԲ-ի, ԿԳՄՍ և Գյուղատնտեսության նախարարությունների հետ։  Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին ԿԳՄՍ, գյուղատնտեսության նախարարները, հանրապետության՝ Շուշիի, Եզնիկ Մոզյանի, Մարտունու արհեստագործական ուսումնարանների տնօրենները։ Նախնական տվյալներով՝ արտադրամասը կգործի գարնան սկզբից։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ