«Ես Տող գյուղից եմ, թուրքերը դուրս են արել, դափ-դատարկ եկել ենք այստեղ։ Մենք կցանկանա՞նք նորից նրանց հետ ապրել։ Ոչ մի ժամանակ»։
Նինա Սարգսյանն է, թոշակառու․ հիշում է, թե ինչպես էր, տակավին երիտասարդ, ապրում ադրբեջանցիների կողքին՝ Խորհրդային միությունում, երբ ժողովուրդների եղբայրության քարոզի պայմաններում անգամ խորհրդային Ադրբեջանի իշխանությունները հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն էին վարում։ Հիշում է Տողում թողած իր տուն ու տեղը, իր հարազատների գերեզմանները, մշակութային արժեքները, որի նկատմամբ վանդալիզմին ինտերնետում հենց իրենց՝ ադրբեջանցիների կողմից տեղադրված տեսանյութերից ու նկարներից է տեղեկանում։ Լսել է, որ « Արցախն օզումըն թօրքին կազմը քցին» ․ Եկել էր հանրահավաք՝ իր ընդվզումը հայտնելու։ «Բալա, պա տա ինելի պենա՞, պա մեր էսքան զոհե՞րը, պա մեր էս 30 տըռնըվա պայքարը»։Նինա Սարգսյանի նման մտածողները, որ եկել էին մասնակցելու երեկվա հանրահավաքին, տարբեր հաշվարկներով 50-60 հազար էին։ Եկել էին նաև շրջաններից, իշխանություն ու ժողովուրդ միաբանված՝ աշխարհին միայն մեկ ասելիք ունեն․ մենք կանք, այստեղ ենք, հարգեք մեր ինքնորոշման իրավունքը, հարգեք ձեզ, ձեր իսկ կողմից ընդունված օրենքները, մենք չենք կարող և չենք ուզում ապրել թշնամի պետության կազմում, մի ազգի հետ, որի իշխանություններն ամեն օր մեզ սպառնում են, ճնշում ու ոչնչացնում։Լեոնիդ Մարությանը Ստեփանակերտում է ծնվել ու մեծացել։Հրապարակ էր եկել իր համերաշխությունը հայտնելու ժողովրդի ու Արցախի իշխանությունների որոշմանը։
«Ղարաբաղցին մնում է ղարաբաղցի, և նա պետք է ապրի Ղարաբաղում։ Առանց Ադրբեջանի։Այդքան բան։ Կարո՞ղ ենք համոզել աշխարհին՝ հենց դրա համար էլ այստեղ ենք, որպեսզի ասենք, որ մենք ադրբեջանցիների հետ չենք կարող ապրել»։
Սվետլանա Ներսիսյանն ուսուցչուհի է․ ողջունում է Ազգային ժողովի նախաձեռնությունը։ «Վաղուց պիտի անեին, ասում է, և մենք պիտի նրանց հետ լինենք այս ճակատագրական պահին»։
«Մենք չենք կարող ապրել Ադրբեջանի կազմում, մենք տարբեր մարդիկ ենք։ Այն, ինչ տեսել ենք 44 օրյա պատերազմում՝ աննկարագրելի է, մեր ազգը այնքան է տառապել։ Նրանց հետ ապրել, կնշանակի ցեղասպանվել նորից»։
Նա հույս ունի, որ աշխարհը կլսի, կտեսնի վերջապես, կզարթնի նրա քնած խիղճը, և միջազգային օրենքները կգործեն ոչ երկակի ստանդարտներով։Հանրահավաքին զուգահեռ Ազգային ժողովի արտահերթ նիստն էր ընթանում․ այն ուղիղ հեռարձակվում էր նաեւ հրապարակում։Նիստը մեկնարկել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին ուղղված ուղերձով.
«Այս փոքրիկ աշխարհատարածքն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը։ Հայ ժողովրդի հավաքական ապագան վճռվում է նաև Արցախում։ Դիմում եմ ողջ հայ ժողովրդին՝ միասնաբար նեցուկ կանգնեք արցախահայությանը, շարունակեք աջակցել նրա ազատագրական պայքարին՝ հասնելու նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը։ Այսօր հայոց պետականությունը կանգնած է ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող վտանգի առաջ։ Այսօր առավել քան երբևէ հայ ժողովուրդը պետք է շարունակի գործել միաբան»:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները մեր հայրենիքի նկատմամբ զուրկ են պատմական, իրավական, ու բարոյական հիմքերից, քանի որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս ու չի կարող լինել։Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հայոց պետականությանը, ազգային ինքնությանն ու լինելիությանը սպառնացող լուրջ վտանգներին, դիմել է նաև ողջ հայ ժողովրդին՝ միասնական լինել, նեցուկ կանգնել արցախահայությանը, և հասնել նրա ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմանը: Նիստի օրակարգում ԱՀ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին հարցն էր:Հայտարարության տեքստը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը, ով կորցրել է որդուն՝ Արցախյան 44-օրյա պատերազմում։Ազգային ժողովն հայտարարությունն ընդունել է միաձայն:Նիստի ավարտից հետո խորհրդարանականներն ու ԱԺ աշխատակազմի անդամները միացել են հանրահավաքին: «Անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստն է։Արցախի գոյության փաստացի երաշխիքը Արցախում ապրող հայն է։Արցախի ինքնության բացարձակ երաշխավորը Մայր Հայաստանն է։Արցախի անվտանգության շոշափելի երաշխիքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ներկայությունն է»։Հանրահավաքի հիմնական ելույթներն այս միտքն էին արտահայտում։ Արցախցին այդ օրը եկել էր ասելու իր խոսքը և հատկանշական է, որ՝ հոկտեմբերի 30-ին, երբ հաջորդ օրը Սոչիում ՌԴ, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը պիտի մեկնարկեր։ Արցախում ակնկալում են, որ այնտեղ հայկական շահին հակասող որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։