Նոյեմբերի 24, 2024

Բացվել է Սևակ Ասրյանի «Հիշողության ուժը» խորագրով ցուցահանդեսը․

By Ասպրամ Ավանեսյան Նոյեմբերի 09, 2022

Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խունացած պատերին կյանքով լցված լուսանկարներ են։ Հունոտի կիրճը, պատմական Տողը, Ալ լիճը, Արաքսն ու Թարթառը Սևակ Ասրյանն է հավերժացրել ու պահ տվել հիշողությանը։ Լուսանկարիչը ցուցահանդեսն անվանել է «Հիշողության ուժը»։ Հիշողությունը մեծ դեր ունի մարդու կայնքում՝ ասում է։ Կան բարի, չար, ընկճող, նաև ուժ տվող հիշողություններ։ Սևակ Ասրյանն ուզում է, որ իր նկարներով ուժ տա դիտողներին։

«Ընտրել ենք այն նկարները, որոնք իսկապես ուժ կտան ժողովրդին։ Վերջին շրջանում հասարակության մոտ պասիվ վերաբերմունք կա Արցախի նկատմամբ, կարծես թե հարմարվել ենք այս վիճակին։ Հույս ունեմ, որ այս ցուցահանդեսը ժողովրդին հույս կտա, կոգևորի»։

Լուսանկարչի հիշողությունները բարի են, լուսավոր՝ ճիշտ նկարների նման, որոնց մեջ հույս կա, ապրելու հրամայական։ Ցուցահանդեսի 44 լուսանկարները պատերազմի 44 օրերն են խորհրդանշում, բայց նրանք  պատերազմի մասին չեն։ Նկարները խաղաղության մասին են։ 500-ից ավելի լուսանկարներ ունի Սևակ Ասրյանը։  Դժվար էր նրանցից  44-ն  ընտրելը։

«Տարածքներ կան, որոնց լուսանկարները չեն ներգրավվել ցուցահանդեսում։ Շատ էին նկարները և դժվար էր ընտրել դրանցից 44-ը։ Բոլոր նկարներն էլ հավանում էի։ Եկավ մի պահ, որ արդեն դժվարանում էի ընտրել, 150 նկար էր մնացել վերջում։ Դիմեցի «Ռե-Արմենիային», նրանք ցուցահանդեսի հիմնական կազմակերպիչներն են, խնդրեցի, որ նրանք ընտրեն նկարները»։

Սևակ Ասրյանը բազմաթիվ հիշողություններ ունի։ Այդ հիշողությունները   երբեմն ցավ են պատճառում։ Ցավով է կարդում եկեղեցիների, հայկական պատմամշակութային հուշարձանների վանդալիզմի դեպքերի մասին։

«Հիշողություններ կան՝ կապված բազմաթիվ եկեղեցիների հետ, որոնք երևի արդեն ոչնչացված են, օրինակ՝ Աղավնավանքը, որն արդեն գոյություն չունի։ Տեղեկություններ կան Գտչավանքի վերաբերյալ․ խաչքարեր են ոչնչացնում, պատերը։ Ես այդ ամեն ինչից ինձ վատ եմ զգում»։

Լուսանկարչի մոտ ամենից շատը Խաչենի ջրամբարն ու Վանքասարն են տպավորվել։ Էությամբ լավատես լուսանկարիչը նույնը փորձում է փոխանցել իր գործերին։ «Ես ուզում եմ, որ Արցախը միշտ ոչ թե մռայլ, այլ գունավոր լինի։ Ես սև-սպիտակ նկարներ չեմ նկարում»,-ասում է։

«Եթե լավատես չլինեի, այստեղ, երևի, չէի ապրի։ Իմ ընկերներն ու բարեկամներն այստեղ են ապրում։ Նրանցից շատերը պատերազմից հետո երեխաներ են ունեցել։ Նրանք մեծ պատասխանատվություն են վերցրել իրենց ուսերին։ Եթե այդ մարդիկ այս ծանր վիճակում այստեղ են և երեխաներ են ունենում, ապա ես, որ մեծ մարդ եմ, ինչից պետք է վախենամ»։

Սևակ Ասրյանը շրջել է Արցախի բոլոր գյուղերով ու քաղաքներով, սիրահարվել նրա անզուգական բնությանը, ձեռակերտ ու անձեռակերտ հուշարձաններին, լուսաբացներին ու մայրամուտներին։ Լուսանկարիչն այդ ամենը մեզ է վերադարձրել տեսախցիկի միջոցով ու հիշողության ուժով։  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ