ԱրՊՀ պատմության մեջ առաջին անգամ է գիտական քննարկումների կաբինետ բացվում: Գաղափարի հեղինակն ու նախաձեռողը ԱրՊՀ պատվավոր դոկտոր Գրիգորի Գաբրիելյանցն է: Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր -պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի իրականացրած ծրագրերը բազմաթիվ են՝ նշել է համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ բարձր գնահատելով նրա ավանդը Արցախի զարգացման գործում:
«Այս տարիների ընթացքում Գրիգորի Գաբրիելյանցը տնտեսության, հանքարդյունաբերության, նախադպրոցական կրթության, հանրակրթության, բարձրագույն կրթության, գիտության և այլ բնագավառներում իրականացրել է մի շարք ծրագրեր, և այսօրվա կաբինետի կահավորումն ու բացումը այդ ծրագրերից մեկն է: Այս կաբինետը համալսարանի համար կդառնա գիտական քննարկումների, նիստերի, խորհրդակցությունների յուրահատուկ հարթակ»:
Առաջին դասախոսությունը վարել է հենց պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը: Թեման՝ հավասարակշռությունը բնության և հասարակության մեջ: Պրոֆեսորը հույս է հայտնել, որ առաջին դասախոսությունը հետագա մեծ քննարկումների սկիզբ կլինի: Դասախոսության թեման պատահական չէ ընտրվել՝ ասում է: « Պետնախարար Ռուբեն Վարդանյանը, համալսարանի համար կարևորելով քննարկումների կաբինետ ունենալը, շնորհավորել է բոլորին և շնորհակալություն հայտնել Գրիգորի Գաբրիելյանցին:
«Մեր իրականությունում քննարկումների մշակույթը վերականգնելու անհրաժեշտություն կա: Այս առումով կարևորում եմ գիտական քննարկումների, բանավեճերի կազմակերպումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Գրիգորի Արկադիի, նման մեկնարկի համար, Ձեր փորձի, գիտելիքի, իմաստության շնորհիվ ստեղծվել է մի հարթակ, որը կնպաստի քննարկումների մշակույթի զարգացմանը»:
Դասախոսությունից հետո ծավալվել է քննարկում, որի ընթացքում մասնակիցները կիսվել են իրենց տեսակետներով՝ կարևորելով քննարկումների կաբինետի նշանակությունը: