«Փոթորիկ Կովկասում» գիրքը հայերեն թարգմանել է «Սիվիլնեթ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը։ Գրքում տեղ են գտել վերլուծություններ 44-օրյա պատերազմի ընթացքի, պատճառների ու հետևանքների մասին։ Հեղինակներն անդրադարձել են Արցախյան պատերազմի տարբեր կողմերին՝ և՛ քաղաքական, և՛ աշխարհաքաղաքական, և՛ ռազմական։ Ներկայացված տեսակետները երբեմն նաև իրարամերժ են։
«Ենթադրենք թուրք հետազոտող Քերիմ Հասը համարում է, որ 44-օրյա պատերազմի արդյունքները Ռուսաստանի ռազմավարական շահերից էին բխում, որովհետև ռուսները եկան տարածաշրջան, և որքան էլ Թուրքիան ակտիվ ներգրավվածություն է ունեցել պատերազմում, թուրք զինվորները՝ որպես խաղաղապահներ, չեկան այստեղ։ Իսկ գրքի խմբագիր Ռուսլան Պուխովը պնդում է, որ սա Ռուսաստանի ռազմավարական պարտությունն էր, որովհետև առաջին անգամ հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի անդամ երկիրը, թեկուզ ոչ ուղղակիորեն, մասնակցեց ռազմական գործողություններին»։
Կարծիքների ու տեսակետների բախումն ու հակասությունն այս աշխատությունն ավելի արժեքավոր են դարձնում։ Հայ ընթերցողի համար գրքում առավել կարևոր են մարտական գործողությունների վերլուծությունները՝ ասում է Կարեն Հարությունյանը։ Գրքից կարելի է բազմաթիվ հետևություններ անել։
«Գրքի հետաքրքիր դրվագներից մեկն է այն է, երբ մենք տեսանք, որ արդեն իսկ 2016թ․ Ադրբեջանը որոշակի քանակությամբ անօդաչուներ է ձեռք բերել ու դրանից որևէ հետևություն չենք արել։ Հայաստանն ու Արցախը 20-րդ դարի բանակով էին կռվում 21-րդ դարի բանակի դեմ»։
Կովկասում փոթորիկները չեն դադարում՝ ասում է հանրապետության նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը։ Պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ քաղաքական զսպման մեխանիզմները վերացվում են։ Մենք պետք է խուսափենք մակրոտարածաշրջանային զարգացումներից, որովհետև մենք վերջնաարդյունքում կարող ենք ունենալ շատ ավելի խոշոր և շատ ավելի աղետալի պատերազմներ։ Քաղաքագետն Արցախյան երրորդ պատերազմի և ստեղծված իրավիճակի մասին է խոսում։
«Մեր պատերազմն իր չափերով, խտությամբ, մարդկային ուժի, զինտեխնիկայի ներգրավվածությամբ, մեր կողմից տարածքային կորուստներով աղետաբեր էր։ Այս դեպքում քաղաքական զսպումներն արդեն իսկ սպառվել էին, և դա հասցրել է պատերազմի․ տարածաշրջանում աճում է Ադրբեջանի ներկայությունը»։
Գրքի հայերեն թարգամանությունը լույս է տեսել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի «Եկ աշխարհը պիրինիք Արցախ» ծրագրի շրջանակներում: «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանը կարևորում է գրքի հայերեն թարգմանությունը:
«Կարևոր է, որովհետև շատ քաղաքական դեմքերի ու մասնագետների տեսակետներ են ներկայացված։ Կարևոր էր, որ այն թարգմանվի հարերեն, որպեսզի ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլև աշխարհի չորս կողմում ապրող հայերը հնարավորություն ունենան ընթերցելու, գոնե դասեր քաղեն այդ հոդվածներից»։
Այսօր պետությունները հայտնվել են դանդաղ հոսանքում՝ ծանր հարվածների ու նոր նավաբեկությունների վտանգի ճիշտ մեջտեղում՝ կարդում ենք գրքի ներածական հատվածում։ Գրքի հայերեն հրատարակությունը հնարավորություն է տալիս վտանգի ճիշտ մեջտեղում հայտնված հայերին հասկանալու վերջին խոշոր նավաբեկության բոլոր հայեցակետերը։