Նոյեմբերի 24, 2024

Ընթերցողի սեղանին է «Հայրենականչ. Վիրավոր Թաղավարդ» աշխատությունը

By Վիկտորյա Սարգսյան Նոյեմբերի 18, 2022

Ընթերցողի սեղանին «Հայրենականչ. Վիրավոր Թաղավարդ» աշխատությունն է: Այն թաղավարդցիների պատմությունն է, մշակույթը, ավանդույթներն ու մտածողությունը: Աշխատությունը նվիրված է հեղինակի հայրենի գյուղին ու հերոս թաղավարդցիներին: Այն կազմված է 19 պատումից և 7 հավելվածից, որտեղ  հեղինակի խոհերն ու մտորումներն են հայրենիքի մասին: Այստեղ են զետեղված  նաև թաղավարդցիների՝ հայրենի գյուղին նվիրված բանաստեղծություններ և բնակավայրին առնչվող տարբեր փաստաթղթերի պատճեններ: Հեղինակ Վլադիմիր Հովսեփյանը պատմում է՝ ինչպես առաջացավ  գյուղի մասին գիրք գրելու միտքը: 

«Վաղուց իմ մեջ ցանկություն կար մի բան անել ծննդավայրիս համար: Հավաքել եմ բազմաթիվ նյութեր ու բազմաթիվ գրականություն եմ ուսումնասիրել: Եվ այս պատերազմն էլ ավելի արագացրեց, որ թղթին հանձնեմ այս հինավուրց գյուղի պատմությունը: Եվ այդպես էլ գիրքը հանձնեցինք ընթերցողի դատին: Լավ եմ գրել, թե վատ՝ գնահատականը կտա ընթերցողը: Իհարկե, գիրքը զերծ չէ թերություններից: Ընթերցողի յուրաքանչյուր առաջարկ, դիտողություն էլ ընդունելի է»: 

Աշխատությունը սկսվում է «Թաղավարդ» անվան ստուգաբանությամբ: Հեղինակը ներկայացրել է գյուղի տեղանվան մի շարք տեսակետեր ու եկել այն  եզրահանգման, որ գյուղի անվան հիմքում ընկած է «գեղեցիկ բնակավայր», «վարդերի մեջ տարածված բնակավայր» հատկանիշը: 44 օրյա պատերազմի հետևանքով Թաղավարդը կիսվել է: Գյուղի բարձրադիր մասը անցել է թշնամու հսկողության տակ: Այս փաստը նույնպես հրամայական դարձավ Թաղավարդի մասին հավաքագրված տվյալները հրապարակելու համար՝ ասում է Վլադիմիր Հովսեփյանը: 

«Գյուղի հիմնական մասը մնացել է այնտեղ՝ մեր նախնիների գերեզմանները, մեր պապական տները, հուշարձաններ և այլն: Իհարկե, երբ գյուղը լրիվությամբ կազատագրվի, այդ ժամանակ մենք մեզ մի փոքր թեթևացած կզգանք և նոր գիրք կգրենք՝ «Վերադարձ լուսավոր Թաղավարդ»:

 Շուրջ 10 տարի է պահանջվել աշխատությունը վերջնական տեսքի բերելու համար: Այն սերունդների համար սեղանի գիրք է դառնալու՝ համոզված է գրքի խմբագիր Միքայել Հաջյանը:

«Նման գրքերը, ես գտնում եմ, որ խիստ անհրաժեշտ են: Որովհետև հայոց պատմությունը, ոչ իհարկե հեղինակների անմիջական մեղքով, հանգամանքների բերումով աղճատված ու խեղաթյուրված կամ թերի է ներկայացվում: Վլադիմիր Հովսեփյանը կարողացել է հնարավորինս հավաքագրել բոլոր այն նյութերը, որ անհրաժեշտ է գյուղի պատմությունը ներկայացնելու համար: Եվ բավականին գեղեցիկ գիրք է ստացվել»: 

Աշխատության մեջ հեղինակը շղթայական կապ է ստեղծել անցյալի ու ներկայի միջև՝ ընթերցողին հնարավորություն տալով խորանալ պատմության տարբեր ժամանակաշրջաններում: Միևնույն ժամանակ հեղինակը լավատեսությամբ է խոսում ապագայի մասին, հույս հայտնում, որ մի օր կվերադարձնենք ոչ միայն Թաղավարդի գերեվարված  մասը, այլև ամբողջ Արցախը:

Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 19 Նոյեմբերի 2022 11:40
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ