Նոյեմբերի 24, 2024

Հիմնակառուցվել է Քերթի միջնակարգ դպրոցը

By Ասպրամ Ավանեսյան Նոյեմբերի 25, 2022
Ծաղիկների խոնարhման արարողությանը կես ժամից քիչ ժամանակ էր մնացել։ Հուշահամալիրում միայն տղամարդիկ էին։ Շտկման վերջին աշխատանքներն էին անում։ Մինչև հյուրերը կհավաքվեին՝ հուշահամալիրն արդեն մաքուր էր փոշուց ու ավելորդ իրերից։ Հյուրերը ծաղիկներ խոնարհեցին ու բարձրացան դպրոց։ Դպրոցի բակն այսօր մարդաշատ էր։ Դպրոցի բացումն գյուղում նշանակալի իրադարձություն է։ Այստեղ բարերարին աղ ու հացով դիմավորեցին, հայկական դափ-դհոլով։ Արցախի օրհներգ․ մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ Մոնթեի ու մյուս զոհված զինծառայողների։ Միջոցառումն սկսված է։ Հայրենիքը դպրոցից է սկսվում, կրթությունն է ամեն ինչի հիմքը։ Ապրելու երկիր ստեղծելու ճանապարհը Մոնթեի մարտական ընկեր Վահրամ Բաղդասարյանը հենց դպրոցներ հիմնելու, կրթությունը արժևորելու մեջ է տեսնում։ Վահրամ Բաղդասարյանը հենց Մոնթեի օրինակն է բերում։ Նրա երազանքը մեկն է․ թող լինի գիտության իշխանություն։ 
 
«Երկիրն ապրեցնում են այս ձևով, ապրելու երկիր ստեղծելու ճանապարհը սա եմ համարում․ ունենալ կրթօջախներ, ունենալ կրթություն և տարածել գիտելիք։ Ես պատիվ ունեմ ներկայացնելու ազգային հերոս Մոնթեին, ով դեռ կենդանության օրոք էր լեգենդ»։ 
 
Մոնթեն բարերար Աշոտ Ջիվանյանի հերոսն էլ է։ Բարեգործական հիմնադրամը «Մոնթե «Ավո»» է կոչվում։ Մոնթեն գաղափարի զինվոր էր, ով Արցախ է եկել Կալիֆոռնիայից՝ արյան կանչով։ Բարերարը հերոսի մասին ներկայով է խոսում։ 
 
«Դու եղել ես, կաս ու կլինես իմ կյանքի ամենաարժանի հրամանատարը, որի զինվորն եմ ես եղել ու որի համար շատ հպարտ եմ։ Այնքան նպատակասլացություն, նվիրվածություն, հայրենասիրություն կար նրա մեջ, որ նախանձել կարելի էր»։ 
 
Աշոտ Ջիվանյանը մայրական կողմով Քերթ գյուղից է։ Համայնքի դպրոց առաջին անգամ այցելել է 2018 թ․ մարտին։ Նա ծանոթացավ դպրոցի անձնակազմի հետ, տեսավ դպրոցի վիճակն ու նրա հայացքում հարցական արտահայտություն կար՝ ասում է դպրոցի տնօրեն Ստելլա Ղուլյանը։ 
 
«Մեզանից ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե ինչպիսի ծրագրի ականատեսը կդառնար։ Բայց Աշոտ Ջիվանյանը գիտեր, որ անելիք ունի և մտածել ու ծրագրել էր իր անելիքը։ Վերանորոգման աշխատանքներն սկսվեցին սպորտդահլիճից, կառուցվեցին 2 դասասենյակ։ Մեր աչքի առաջ արագ ու թափով ամեն ինչ փոխվում էր»։
 
 Դպրոցի հիմնանորոգումն արդեն հրատապ հարց էր։ Դպրոցի պատերը ճաքճքվել էին, չկար կենտրոնացված ջեռուցում, դասասենյակներն ու միջանցքները ցուրտ էին, մութ ու անբարեկարգ։ Հիմա արդեն Քերթի միջնակարգ դպրոցը բարեկարգ է Աշոտ Ջիվանյանի ջանքերով։ 
 
«16 տարի է, ինչ ես Արցախում ներդրումներ եմ կատարում կրթության ոլորտում։ Որովհետև կրթությունը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է։ 16 տարիների ընթացքում ես եկել եմ  եզրակացության, որ այս ոլորտը զարգացնելու գործին պետք է լծվենք բոլորս»։ 
 
Քերթի միջնակարգ դպրոցի անձնակազմը բարերարին շնորհակալագիր է տվել ու նվիրել նրա սիրելի նարդի խաղը։ Գյուղի կյանքում այս կարևորագույն իրադարձության համար բարերարին շնորհել են համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ