Հերոսները բացակա են, նրանց հիշատակը՝ վառ։ Նոյեմբերը նշանավորվում է 2 լեգենդար հրամանատարների ծնունդով։ Այս նոյեմբերի 22-ին Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 80 տարեկան, նոյեմբերի 25-ին էլ Մոնթե Մելքոնյանը՝ 65։ Հերոսների ու նրանց հիշատակի մասին էր համերգը։ Պատերազմից հետո Մարտունիում եզակի տոնական համերգներից էր։ Դահլիճը բազմամարդ էր։ Երեկոյի մեկնարկը ազդարարում է «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթը:
Րոպեներ անց համույթին արդեն միանում է ամբողջ դահլիճը։
Համույթի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ավետիսյանի խոսքով՝ առաջին անգամ են Մարտունիում։ Մեծ ոգևորվածությամբ են եկել․ դահլիճի արձագանքը արդարացրեց բոլոր սպասելիքները։
«Ոգեշչնված ենք Մոնթեի գաղափարներով, լցված՝ երախտագիտությամբ։ Որովհետև Մոնթեի ու իր նման քաջերի շնորհիվ է այսօր կանգուն Մարտունին։ Շատ գոհ ենք ամեն առումով»։
«Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթի ելույթը երկու մասից էր բաղկացած։
«Առաջին բաժնում Արևմտյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարերգեր ու պարեր էին։ Իսկ երկրորդ բաժնում սևծովյան մշակույթն էր, որն իր մեջ ներառում էր հատկապես Տրապիզոն- Համշենի շրջանը։ Ներկայացրեցինք նաև համշենական հագուկապը, որը շատ հետաքրքրիր տեսք ունի»։
Երեկոյի երկրորդ հատվածը շատ սպասված էր։ «Կաթիլ» բենդին դահլիճը դիմավորեց շատ ջերմ ծափերով, իսկ բենդը դահլիճին ողջունեց արցախյան բարբառով։ Յուրաքանչյուր համերգ իր գույնն ունի՝ ասում է խմբի վոկալիստ և կիթառահար Սևադա Համբարչյանը։ Բայց այն համերգը, որում թախիծ ու կորուստ կա, ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում՝ ասում է։
«Կաթիլ» բենդը հաճախակի է լինում Արցախում։ Արդեն հյուրի կարգավիճակով չենք գալիս՝ ասում է Սևադա Համբարչյանը։ Այս անգամ էլ Արցախն ընդունեց իրենց՝
Երեկոյի ամբողջ ընթացքում դահլիճը երգում էր։ Երգում էր՝ ի հիշատակ ու հանուն լեգենդների։ Հանուն այն անունների, որ տարիներ հետո էլ զգաստացնում ու պահանջում են՝ Արցախը պիտի մնա հայկական։