Երեք ժամ շարունակ Արցախում 120 000 մարդ գտնվել է շրջափակմամ մեջ։ Արցախը Մայր Հայստանին կապող միակ ճանապարհի՝ Ստեփանակերտ-Երևան մայրուղու դիտավորյալ փակումը խաղաղ բնակչության հանդեպ հոգեբանական ահաբեկչություն է, որը համապատասխան գնահատականի չարժանանալու դեպքում կարող է կրկնվել։ Ճանապարհն արդեն բաց է, բայց ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը նորից չի դիմելու այդ սադրանքին։ «Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր նպատակները և բացեիբաց ներկայացնում է իր գերնպատակները»,-ասում է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։
«Մեզ համար սպասելի է եղել, որ մի օր նրանք ոտնձգություններ կիրականացնեն նաև ճանապարհի վրա, սա ակնհայտ է ու պարզ։ Ահա և առաջին քայլը իրականացրին, ճիշտ է նման քայլերի էին փորձում դիմել նաև առաջ, բայց հիմա փաստորեն առաջին քայլերն է։ Շատ լավ է, որ օպերատիվ ձևով ճանապարհի լիարժեք աշխատանքը վերականգնվեց»։
Այս քայլին գնալուց առաջ Ադրբեջանը տեղեկատվական ֆոն էր ապահովում։ Արդեն տևական ժամանակ է, ադրբեջանական մամուլը հող էր նախապատրաստում միջանցքի փակման կամ դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Ադրբեջանական փաստարկները տարբեր ու մեկը մյուսից անհիմն էին՝ միջանցքով տեղափոխվող զինամթերքից մինչև օգտակար հանածոների ապօրինի դուրսբերում։ Իսկ հրադադարի ռեժիմի խախտումների մասին ապատեղեկատվությունները կրկնվում էին արդեն օրական մի քանի անգամ։ Իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանը բազմաթիվ հնարքներ է օգտագործում։ Դավիթ Բաբայանը հնարավոր լայնածավալ ագրեսիայի մասին է խոսում։
«Լայնածավալ ագրեսիան խոշորագույն իրադարձություն կլինի և դա ուղղված կլինի ոչ միայն մեր դեմ, այլ նաև բացեիբաց մարտահրավեր կլինի Ռուսաստանին՝ համապատասխան բոլոր հետևանքներով։ Դրա համար Ադրբեջանը որդեգրել է մի փոքր այլ մարտավարություն, բայց գերնպատակը մնացել է նույնը՝ հայաթափել Արցախը։ Նման քայլերով Ադրբեջանը փորձում է ահաբեկել Արցախի բնակչությունը, որպեսզի արցախցիները թողնեն գնան»։
Չնայած ճանապարհն արդեն բաց է, բոլոր ենթակառուցվածքներն անխափան աշխատում են, սակայն եթե իրավիճակը երկար շարունակվեր լրջագույն խնդիրների առաջ կկանգնեինք՝ ընդհուպ մինչև հումանիտար աղետ։ Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական Տաթևիկ Խաչատրյանն է ասում։
«Ադրբեջանական կողմը այսօր փաստացի խախտել է ինչպես մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, այնպես էլ փորձել է զրկել Արցախի ժողովրդի կենսական անհրաժեշտության բոլոր տեսակի ենթակառուցվացքային մատակարարումներից․ խոսքս և՛ էներգամատակարարմանն է վերաբերում, և՛ սննդին»։
Այս անգամ Ադրբեջանն իր սադրանքը հիմնավորել է բնապահպանական խնդիրներով։ Իբր Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության խնդրանքով ՊՆ-ն դիմել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը, որպեսզի Ադրբեջանի համապատասխան կառույցներից «մասնագետներ» գործուղվեն Առաքելության վերահսկողության տակ գտնվող գոտի՝ օգտակար հանածոների «ապօրինի» շահագործման մշտադիտարկում իրականացնելու համար: Դավիթ Բաբայանը թերահավատ է՝ ի՞նչ բնապահպանների մասին կարող է խոսք լինել։ Ճանապարհը փակողները կա՛մ հանցագործներ են, կա՛մ համապատասխան տարրեր, որոնք ծառայում են ադրբեջանական բանակում։ Նման սադրանքներն էլ, ըստ Արցախի գլխավոր դիվանագետի, շարունակական բնույթ են կրելու։ Ինչքան էլ վրդովվենք, երբեք չպետք է ահաբեկվենք այսօրինակ սադրանքներից՝ ասում է Բաբայանը։
«Եթե մենք բարոյալքվենք, ոչ մի պետություն չի կարողանալու սատարել մեզ, անգամ, ամենահզոր պետությունները։ Բայց եթե մենք չբարոյալքվենք, կորող ենք դուրս գալ այս ծանր իրավիճակից։ Չափազանց կարևոր է նաև հայկական միասնականության ապահովումը։ Արցախ, Մայր Հայաստան, Սփյուռք․ բոլոր ճակատներով պետք է միասնկան աշխատենք»։
Թշնամին ձեռագիրը չի փոխում, դժվար էլ փոխի, մենք պրովոկացիանների չտրվելու խնդիր ունենք, խնդիր ունենք համախմբվելու և ստեղծված իրավիճակից միասին դուրս գալու։