Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում նշում են հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության միջազգային օրը: Տոնը նշվում է նաև Արցախում: Սոցիալական զարգացման և միգրացիայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում: Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող անձինք էին նրանց ուղեկցողների հետ միասին: Համերգի նպատակը՝ սոցիալական այս խմբին ուշադրության կենտրոնում պահելն ու առօրյա հոգսերից գոնե մի քանի ժամով կտրելն է՝ ասում է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ սոցաջակցության և հաշմանդամների հիմնահարցերի պետ Սամվել Իսրայելյանը:
«Վերջին տարիների ընթացքում մշակվում և թարմացվում է հաշմանդամերի սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը, որտեղ ներառված են բոլոր այն դրույթները, որոնք իրականացվում են պետության կողմից հաշմանդամների համար, ներառված են նաև բոլոր այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեն այս կամ այն մարմինների կամ օղակների կողմից: Եթե վերլուծենք որպես տարեկան, այսպես ասած, գնահատման արդյունք: Բնականաբար, կան օղակներ, որտեղ ամենօրյա աշխատանքներ են կատարվում հաշմանդամների նկատմամբ»:
«Արցախյան պատերազմի վիրավորների միության» նախագահ Դավիթ Բաբայանը հարցազրույցներից մեկում նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո հաշմանդամների թիվը ավելացել է 178-ով: Սամվել Իսրայելյանը ընդգծում է՝ բոլորս պետք է անենք հնարավորը, որ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց հասարակության լիիրավ անդամներ զգան: Նրա խոսքով՝ այս տարի 25-30 ծրագիր է իրականացվել:
«Ընդհանրապես մեր բոլոր ծրագրերը կարևոր ու անհրաժեշտ են սկսած բուժսպասարկման, բուժօգնության, վերականգնողական ծրագրերից, կրթություն ստանալու հնարավորությունից, առողջարանային բուժման, պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների ապահովման: Անհրաժեշտություն է առաջանում նշված ծրագրերը պարբերաբար թարմացնել, համապատասխանացնել միջազգային ստանդարտներին»:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը տարին մեկ անգամ է նշվում, բայց նրանք ամենօրյա խնամքի և ուշադրության կարիք ունեն՝ ասում է զրուցակիցս ու հավելում՝ միայն պետության ու հասարակության համատեղ աշխատանքով կարող ենք օգնել ու թեթևացնել և՛ հաշմանդամություն ունեցող անձանց, և՛ նրանց խնամակալների հոգսը: