Սա նմանօրինակ ծրագրի իրականացման արդեն երկրորդ դասընթացն է Արցախում: «Հանրային առաջնորդության» առաջին դասընթացը կազմակերպվել էր նոյեմբերին՝ բարձր օղակի ղեկավարների համար: Պետական համակարգում իրական ու արմատական փոփոխությունների համար նոր մոտեցումներին պետք է պատրաստ լինի ամբողջ թիմը՝ ասում է «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի տնօրեն Ռուբեն Հայրապետյանը՝ նշելով, որ կարևոր է պահպանել ծրագրի շարունակականությունը:
«Որպեսզի հնարավոր լինի ոչ թե կոսմետիկ փոփոխություններ իրականացնել Արցախի հանրային կառավարման համակարգում, այլ իրապես այնպիսի ռեֆորմներ, որոնց ազդեցությունը Արցախի բնակիչները կզգան: Եվ հետևաբար մենք որոշեցինք նաև երկրորդ ծրագիրն անել՝ բարձր և միջին օղակների համար»:
Դասընթացի մասնակիցներին ողջունել է պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ու հանդես եկել դասախոսությամբ: Թեման՝ «Համայն հայության ռեսուրսների կոնսոլիդացումը՝ որպես Արցախի զարգացման շարժիչ ուժ»: Պետնախարարը խոսել է նաև նման ծրագրերի կազմակերպման նպատակների մասին:
«Մի քանի նապատակ կա՝ ինչու եք դուք այստեղ: Առաջինը՝ ես ուզում եմ, որ դուք ավելի լավ ճանաչեք, թե ով եմ ես և ինչ գաղափարներով ու ինչպես եմ տեսնում ապագա զարգացումը: Այն քայլերը, որպեսզի Արցախը դառնա ավելի ուժեղ, ավելի անկախ ու երջանիկ: Երկրորդ. Ճգնաժամը, ըստ չինացիների, ոչ միայն վտանգ է, այլև հնարավորություն: Եվ մենք ունենք հնարավորություն՝ այս իրավիճակում շատ բան փոխելու: Եվ երրորդը՝ դուք ձեզ վրա նայելու եք ուրիշ ձև: Ասելու եք՝ ես ուզու՞մ եմ, թե՞ չեմ ուզում ինչ-որ բան փոխել ու գնալ առաջ»:
Արցախում ծրագրերի իրականացումը Մատենայի համար առաջնահերթություն է: Առաջիկա ամսիների և տարիների ընթացքում դրանց թիվը կավելանա՝ ասում է Ռուբեն Հայրապետյանը:
«Գերնպատակն այն է, որ համապատասխան ռեֆորմներ իրականացվեն Արցախի պետական կառավարման համակարգում, որոնց անմիջական դրական ազդեցությունը պետք է զգան հենց բնակիչները: Եվ հետևաբար շատ կարևոր է, որ ղեկավարները, կառավարման մարմինները պատրաստ լինեն այդ փոփոխություններին՝ թե փոփոխությունների կառավարման, թե ռազմավարական պլանավորման և ճգնաժամային իրավիճակում կառավարման առումով»:
Երկօրյա դասընթացների ընթացքում նախատեսված է մի շարք փորձագետների ու հանրային գործիչների ելույթներ: Հիմնական թեմանները կլինեն կառավարումը ճգնաժամային իրավիճակում և հանրային կառավարման ոլորտում փոփոխությունների իրագործումը: