Այսօր Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնն է։ Տոնի առթիվ նախատեսված համազգային ուխտագնացությունը չի կայացել․ պատճառը Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակվելն է։ Հայաստանից Գորիս էին եկել տասնյակ քաղաքացիներ այն մտադրությամբ, որ շուտով ճանապարհը կբացվի և նրանք կկարողանա մասնակցել ուխտագնացությանը, բայց ճանապարհը դեռ փակ է մնում։ Սուրբ Հակոբավանքում տեղի ունեցած ուխտի պատարագին մասնակցել են միայն Ստեփանակերտի և մի քանի գյուղերի բնակիչներ։ Ի՞նչ խորհուրդ ունեն սրբերի տոնին կազմակերպված ուխտագնացությունն ու պատարագը՝ պարզաբանում է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Ուխտավորները պարբերաբար գալով այստեղ, սրբի անունը հնչեցնելով, բարեխոսությունը խնդրելով՝ Աստված իր հովանու տակ է նորից վերցնում այդ ժողովրդին, որ այդ սրբի անունով են եկել, և եկեղեցին դրանով ուժեղանում, հզորանում, պայծառանում է»։
Սրբազանը, անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին, նշել է, որ թշնամին հետևողականորեն շարունակում է նախօրոք մշակած ծրագիրը՝ Արցախը հայաթափելու, էթնիկ զտումների ենթարկելու համար։ Ճանապարհը փակելը տնտեսական ու ֆիզիկական տեռոր է, բայց այն կարելի է դիտարկել նաև որպես կրոնական տեռոր, որովհետև մեր հավատացյալների ցանկությունը՝ Ս․ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը Արցախ բերելը չի հաջողվել։
«Մեր ժողովուրդը ապրում է այս շրջափակման մեջ, որը նշանակում է՝ մենք լուրջ մտածելու տեղիք ունենք և պետք է լուրջ անդրադարձ ունենանք մեր մտածելակերպին, հոգեկերտվածքին ու կենցաղին։ Սա գալիս է ասելու, որ մենք մեկ վայրկյան, մեկ րոպե, մեկ ժամ առաջ պետք է միավորվենք, մեկս մյուսին շատ սիրենք և անդրադառնանք այն ամենին, ինչ բաց ենք թողել․ վերաարտադրենք, վերալիցքավորենք, նոր կերպարանք ստանանք, նոր մարդ ձևավորենք մեր մեջ և կարողանանք համարժեք պատասխան տալ այս ամենին»։
Ուխի պատարագի մասնակիցներից էր Մարտակերտի շրջանի Շահմասուր համայնքի՝ 6-րդ դասարանի աշակերտ Սվետլանա Աբրահամյանը։ Առաջին անգամ է Հակոբավանքում։ Ս․ Հակոբ Մծբնա Հայրապետի մասին Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչն է պատմել։
«Երբ նա բարձրանում էր Արարատ լեռը նրա առջև հայտնվեցին Աստծո հրեշտակնեն ու ասացին, որ չի կարող տեսնել Նոյան տապանը։ Ս․ Մծբնան քնեց և արթնացավ, տեսավ՝ իր ձեռքում կա Նոյան տապանի մասունքից»։
Հայրապետի՝ Արարատ լեռ բարձրանալու պատճառը Նոյան տապանից մասունք բերելն ու թերահավատորեն ու կասկածով մոտեցողներին դրա գոյությունը ապացուցելն էր։ Նոյան տապանի այդ մասունքը մինչ օրս պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Համազգային ուխտագնացություն կազմակերպելը նպատակ ուներ նաև զարգացնել Հակոբավանքի վերանորոգման ծրագիրը։ Նրա չեղարկումը կվնասի՞, արդյոք, ծրագրի զարգացմանը։ Սրբազանն ասում է․ «Խանգարողը միշտ էլ փորձելու է խանգարել, բայց մենք այն նպատակները, որ ունենք մեր մտքում, սրտում և աղոթում ենք դրանց իրականացման համար, ոչ ոք չի կարող չեղարկել։ Եթե ոչ այսօր, վաղը հաստատ այն իրականություն կդառնա»։