Այս պահին մի խումբ մեր հայրենակիցներ, Երևան-Ստեփանակերտ ճանապարհին են։ Ճանապարհ, որը նրանցից շատերն այս տարիներին անցել են հարյուրավոր անգամ, և որն արդեն փակ է 15 օր։ Նախաձեռնությունը Սամվել Մովսիսյանին ու Հայկ Բարսեղյանինն է: Նրանք մինչ օրս տարբեր ծրագրեր էին իրականացնում Արցախում և հիմա էլ որոշել են, որ պիտի կատարեն Ամանորյա այց՝ «Ձմեռ պապիկն այցելում է բոլորին» նախաձեռնության շրջանակներում։ Սամվել Մովսիսյանն է մանրամասնում նախաձեռնության նպատակների ու կանոնների մասին։
«Նպատակն Արցախում ապրող մեր հայրենակիցներին քաջալերելն է։ Մանավանդ այնտեղ ապրող երեխաներին։ Մեզ հետ կտանենք նվերներ և կկազմակերպենք հյուրասիրություն։ Ձմեռ պապիկն այցելում է բոլորին»։
Այս Ամանորին պետք է քաջալերենք մեր հայրենակիցներին, նրանք պիտի զգան, որ մենակ չեն՝ ասում է։ Դժվարությունները պետք է միավորեն մեզ, միայն այդպես կարող ենք հաղթահարել դրանք: Այսօր առավոտյան ժամը 09։00-ին, Արցախ ուղևորվող խումբը դուրս է եկել Երևանից։ Հայկ Բարսեղյանը նախաձեռնության մասին է պատմում։
«Որոշեցինք, որ դեկտեմբերի 26-ին այցելենք Արցախ, իսկ այդ օրն ընտրվել է նրա համար, որ դեկտեմբերի 24-ից հետո բոլոր միջազգային կառույցներն արձակուրդ են գնում, և 26-ին որոշել ենք Արցախ մեկնել անկախ ամեն ինչից՝ տեսնելու մեր աշակերտներին, ընկերներին։ Հասկացանք, որ ճամփան կարող է փակ լինել։ Ուրեմն առավել ևս պիտի գնանք։ Կարևոր էր մեզ համար։Եթե շատվոր լինենք, գուցե իրավիճակ փոխվի։ Մեզ միացել են մարդիկ, որոնց չեմ ճանաչել, այսօր մեզ հետ գալու են նաև արցախցիներ, որոնք մնացել են Հայաստանի տարածքում։»
Գորիսում ակցիայի նախաձեռնողները հանդիպում են ունեցել այնտեղ ապաստանած արցախցի երեխաների հետ, հյուրասիրություն կատարել և նվերներ փոխանցել։ Հայկ Բարսեղյանի հետ մենք մշտական կապի մեջ ենք՝ իրազեկելու մեր ունկնդիրներին նրանց հետագա պլանների ու ուղևորության ընթացքի մասին։
«Ճանապարհի փակ լինելը խնդիր է․ մեզ առաջարկ է եղել Կարմիր խաչի ուղեկցությամբ գնալ։ Մենք չենք կարող այդպես, կուզեկուզ․ մեզ համար կարևոր է, որ միջանցքն առաջվա ռեժիմով գործի։ Ռու խաղաղապահները պիտի կատարեն իրենց կողմից ստանձնած պարտավորությունները։Այս ակցիան ինչ որ մեկին դեմ կամ կողմ չէ, քաղաքական հայտարարություններ կամ այլ նպատակներ չունենք։»
Ակցիայի կազմակերպիչները հայտարարում են՝ նախաձեռնությունը չի հետապնդում քաղաքական կամ այլ նպատակներ, ի սկզբանե և արդեն ավելի քան 10 տարի Արցախում նախաձեռնության իրականացման միակ նպատակն է ոգեշնչել և խրախուսել երեխաների գալիք կրթական հաջողություններն ու առաջընթացը՝ հանուն ավելի լավ ապագայի։
«Այս պահին Տեղ գյուղի անցակետի մոտ ենք, սպասում ենք ռուս ինչ որ հրամանատարի այցելության, անուն և պաշտոն չգիտեմ, չեմ կարող ասել։ Նրա հետ բանակցություններ պիտի վարվեն։ մենք ուզում ենք, որ ամեն ինչ կարգ ու կանոնով լինի։ Դրա համար մենք անիմաստ չենք ուզեցել ընդդիմանալ մեր հայ ոստիկաններին, որոնք հորդորել են սպասել։Համաձայնեցված աշխատում ենք ու սպասում ռուս զինվորականի այցին»։
Հասնելով Հայաստանի ու Արցախի սահմանին՝ մեր հայրենակիցները պիտի հանդիպեին Արցախից ակցիային միացած խմբի հետ: Բայց, ինչպես հայտնի դարձավ, Արցախից չեն գնացել դեպի Շուշի․ նրանք պատրաստվում են վաղը՝ դեկտեմբերի 27-ին գնալ Ստեփանակերտի օդանավակայանի տարածք՝ պարզաբանումներ ստանալու ռուս խաղաղապահներից՝ դեկտեմբերի 26-ին ճանապարհը, խոստացածի համաձայն, չբացելու համար։