Նոյեմբերի 24, 2024

Քրիստոս ծնավ և հայտնեցավ․ Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս

By Անի Աբաղյան Հունվարի 06, 2023
Այսօր քրիստոնյաների ամենասիրած ու սպասված տոնն է՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը: Հայ Առաքելական եկեղեցում  տոնը սկսել է հունվարի 5-ին: Երեկ երեկոյան բոլոր գործող  եկեղեցիներում մատուցվել է Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Մինչև ուշ երեկո մարդիկ   մեծ  Ավետիսը՝ փրկչի ծննդյան բարի լուրը  իրենց ու միմյանց տներ էին տանում։  Այսօր առավոտյան Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ: ՛
 
«Մեր ուժը հոգևոր լինելու մեջ է, և հոգևորից դուրս մենք թուլանում ու տկարանում ենք։ Արցախը և մեզանից յուրաքանչյուրը պետք է դառնա մեր ազգի հոգու և խղճի զարթուցիչը»,- դիմելով հավատացյալներին նշել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։  
 
«Ինչպես 2023 տարիներ առաջ Բեթղեհեմի երկնքում փայլող աստղը աշխարհի երեք իմաստուն թագավորների ուղեկցեց դեպի մի աննշան քարայրի մեջ ծնված Հիսուսի մոտ՝ երկրպագելու և արեգակի արդարության ձայնին վկա լինելու, նույն կերպ սուրբծննդյան այս օրը այդ աստղը ծագում է աշխարհից մերժված ու մոռացված Արցախ անունով մսուրի վրա: Եվ հրավիրում է աշխարհի հզորներին լսելու այստեղ շարունակ ծնվող արդարության ձայնը: Բեթղեհեմյան մսուրի մեջ ծնված Մանուկն այս օրերին գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ճշմարտության և արդարության ձայնը հնարավոր չէ խլացնել և անգամ մի աննշան քարայրում ծնվելով այն կարող է ազդել և փոխել ամբողջ աշխարհը»։ 
 
Հազարավոր մարդիկ էին մասնակցում սուրբծննդյան պատարագին։ Նրանք համոզված են՝ այս օրերին հնչող աղոթքները մեկ նպատակ ունեն․ բոլորը  հայրենի տանը խաղաղ ապրել են ուզում։ 
 
«Հիսուս ծնավ և հայտնեցավ․ Ձեզ և Մեզ Մեծ ավետիս։ Ես ուզում եմ՝ մենք հավատանք Աստծուն ու Հիսուսին, որ բարի գործեր կատարենք, ուզում եմ՝ բոլոր զինվորները առողջ տուն վերադառնան»։
«Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծննդի առթիվ, ցանկանում եմ, որ այս տարի ամեն ինչ լավ լինի և մենք վերադառնանք մեր տները»։
 
 Ընկերներիս, հարազատներիս լավատեսությամբ վարակելը բնավորություն է արդեն՝ ասում է պատարագի մասնակիցներից Սուսաննա Մկրտչյանը, բայց այս օրերին, երբ արդեն 25 օր է շրջափակված ենք, դժվարանում եմ անգամ խոսել, բայց հույսս՝ վաղվա օրվա լուսավոր լինելու նկատմամբ չեմ կորցնում։ 
 
«Եթե մենք կարողանանք բացել մեր սիրտը Աստծո առաջ, ապա նրա լույսը կթափանցի մեր հոգու մեջ։ Այս պայծառ օրը շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ժողովրդին, մաղթում խաղաղություն, երկնային Աստծո օրհնություն, թող բոլորի հոգիները լուսավորվեն լույսով, իմաստնություն իջնի մեր ժողովրդին, համախմբվածություն լինի, որպեսզի կարողանանք մի բուռ դարձած փրկենք հայոց երկիրը այս արհավիրքից»։
 
 Չնայած խանութներում արդեն չեն երևում չիր, չամիչ, բրինձ ու քաղցր փլով պատրաստելու մյուս պարագաները, այնուամենայնիվ,  շատերը, ինչպես իրենք են ասում, մի կերպ «պեղել» են այդ մթերքներն ու քաղցր փլովը ինչպես կարգն է պատրաստել։ 
 
«Սուրբ ծնունդը իմ ամենասիրած տոնն է, շնորհավորում եմ տոնի կապակցությամբ։ Բոլորիս երազանքը այն է, որ խաղաղություն լինի։ Ես չիր, չամիչ գնել եմ ու քաղցր փլով պատրաստել եմ։ Ճիշտն ասած, չիր, չամիչ դեռ կա, այ բրինձը չկա»։ 
 
 Սուրբ Ծննդյան պատարագին հաջորդել է Ջրօրհնեքի կարգ, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի։ Խաչքավոր է կարգվել հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Արամ Սարգսյանը։ Սուրբ Ծննդյան պատարագին ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ և երրորդ նախագահները, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ