Նոյեմբերի 24, 2024

Հադրութի ու Շուշիի հին ու նոր կյանքը․ ապագա լրագրողների ավարտական աշխատանքը

By Սրբուհի Վանյան Հունվարի 27, 2023
Ստեփանակերտի մամուլի ակումբն ավարտեց Քաղաքացիական լրագրության հերթական դասընթացը։ Այս անգամ այն կազմակերպվել է Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից տեղահանված անձանց համար։ Նախագծին մասնակցելու հայտ էին ներկայացրել 17 հոգի։ Մրցութային կարգով 9 հոգի ընտրվել և մասնակցել են քառամսյա դասընթացներին։ Դասընթացները, ծրագրի համակարգողներից մեկի՝ Ժաննա Կրիկորովայի խոսքով, սովորաբար  ավելի երկար են տևում՝ 10 ամիս, բայց ներկա փուլում հարմար գտան ամփոփ դասընթաց կազմակերպել։ Ժամանակները փոխվում են, սոցիալական ցանցերը տեղեկատվական դաշտում թելադրող են, և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձինք, նույնիսկ եթե երբեք պրոֆեսիոնալ լրագրությամբ չեն զբաղվելու, լրագրողական տարրական հմտությունների ու գիտելիքների պետք է տիրապետեն՝ համոզված է բանախոսը։ 
 
«Սոցիալական ցանցերի զարգացումը նոր մասնագիտություն է ի հայտ բերել՝ բլոգեր։ Եվ ցանկացած մարդ, որ ոնի քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, հմտություններ, ինքը կարող է ԶԼՄ հանդիսանալ։ Դրա համար իհարկե գործիքակազմ պետք է ունենալ, գիտելիքներ։ Մամուլի ակումբը այդ գործիքակազմը տրամադրելու ֆունկցիա է իր վրա վերցրել, այն մարդկանց համար, ովքեր ուզում են զբաղվել ժամանակակից այդ մասնագիտությամբ։ Հրավիրվում են փորձագետներ, կազմակերպվում են դասընթացներ, որպեսզի այդ մարդիկ լրագրության հմտություններին ծանոթանան»։ 
 
Արդյունքերն ամփոփելու ժամանակն է, և դասընթացի մասնակիցներն ու դասընթացավարները կիսվում են ամիսներ տևած աշխատանքի արդյունքերով։ Լրագրող Մարինե Մկրտչյանն իր բազմամյա փորձն այս ամիսներին փոխանցել է դասընթացի մասնակիցներին։ Ասում է՝ չնայած դասընթացավարն ինքն էր, ոչ միայն փոխանցել, այլև ստացել է գիտելիք ու դրական լիցքեր։ 
 
«Հենց առաջին պահից հասկացա, որ ուժեղ խումբ է լինելու։ Նախ՝ հադրութցիները շատ էին, գիտեք, հադրութցիները տարբերվում են։Կային ազատ մտածողությամբ, համարձակ մարդիկ, որոնք, համոզված էի, կաշխատեն, և իրենց մոտ կստացվի։Որոշների ես իմ մտքում առանձնացրի, և տեսա, որ ճիշտ էի»։ 
 
Եթե մարդ զգում է, որ ասելիք ունի, և իր մեջ կա ճշմարտությունը տեղ հասցնելու մեծ ցանկություն ու ձիրք՝ ուրեմն լրագրողի մասնագիտությունը իր համար է՝ ասում է Մարինեն։ Տեղեկատվական տեխնոլոգիաները այսօր   բաց հարթակ են քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող մարդկանց համար։ Իսկ եթե դրան գումարվում է գրագետ մոտեցումն ու գիտելիքը, ապա նման անձինք չեն կարող աննկատ մնալ և կունենան իրենց գործատուին ու զարգացման հնարավորությունը։ Այս հարցում  համոզված է ծրագրի դասընթացավարներից Նորայր Հովսեփյանը։ 
 
«Դուք այսօր ունեք ապրանք արտադրելու և սոցցանցերում դրանք ներկայացնելու ազատ հնարավորություն, Իսկ լավ արտադրանքը միշտ պահանջարկ ունենում է։ Սա է կանոնը։ Շատերդ այդ ճանապարհով անցել եք, գիտեք որ այդպես է, հաջողություն ձեզ։» 
 
Շնորհանդեսին դասընթացի մասնակիցները հավաստագրեր ստացան, պատմեցին  այս ընթացքում ստացած տպավորություններից, նրանցից շատերը իրենց ապագան լրագրության հետ են կապում։ 
 
Անուշ Սայիյան 
«Մեզ հնարավորություն է տրվել մի մասնագիտությունում էլ հմտանալ։Ձեզ հետ աշխատելը հաճելի էր։ Շնորհակալ ենք բոլորին։ Ձեր տված գիտելիքները մեզ պետք են գալու մեր հետագա աշխատանքում»։
 
Հարություն Անդրեասյան 
«Ես ստացա առաջադրանքը ու հասկացա, որ իմ կոմֆորտ զոնայից դուրս եմ գալիս։ Հասկացա, որ այդ զոնայից ինձ դուրս եմ հանում։ Հաջորդը՝ հասկացա, որ գոյություն ունեն եզրագծեր ու դրանք պիտի պահպանվեն։ Դրանք փոխեցին իմ պատկերացումները։» 
 
Տաթևիկ Մկրտչյան 
«Ես լրագրողի մասնագիտության դժվարությունը հասկացա, երբ զգացի, երբ հասկացա, որ ինֆորմացիան կարող են և չտրամադրել։ Շատ դժվար պահ է հոգեբանորեն։ Դուք դժվար աշխատանք եք կատարում, և ես շնորհակալ եմ ամեն օր ձեր մատուցած նյութերի համար։ Այն իսկապես դժվարությամբ է հայթայթվում»։
 
 Եվս 9 հոգու լրագրողական հմտություններ փոխանցելու համար մեծ թիմ է աշխատել․ ծրագրի համակարգողներից Ալբերտ Ոսկանյանը, մեկ-մեկ ներկայացնում է նրանցից յուրաքանչյուրին, նաև կարևորելու համար, թե ինչքան կարևոր է լրագրողական գործունեության մեջ թիմային աշխատանքն ու պատասխանատվությունը։ Նաև սեփական խոսքի հանդեպ։ Ծրագրի մասնակիցները, օգտագործելով նոր ձեռքբերած գիտելիքները, ֆիլմ են նկարահանել՝ Շուշիի ու Հադրութի հին ու նոր կյանքը։ Ֆիլմը ոչ թե կորցրածի, այլ ունեցածի մասին է։ Անկախ նրանից, որ մեր քաղաքներն ու գյուղերը կորցրել ենք, դրանք շարունակում են մնալ մերը, քանի  դեռ  շարունակում ենք կրել մեր մեջ  այն մշակույթը, որ մնացել է Հադրութից ու Շուշիից։ 
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 27 Հունվարի 2023 17:25
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ