Հայոց բանակի օրն առանձնացավ լռությամբ։ Մարդիկ՝ խումբ-խումբ, թե առանձին-առանձին, եկել էին Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին, որոնց շնորհիվ այսօր շարունակում ենք ապրել Արցախում։ Լուսինե Հակոբջանյանն ու Նուբար Հայրիյանը Սղնախից են։ Տոնական սեղան բացելու փոխարեն արհեստական ծաղիկներ են բերել իրենց ամուսիններին։
«Այս օրն ամեն տարի շատ լավ էինք նշում, հիմա ամեն ինչ փոխվել է: Լավ օր է այս օրը, եթե ամեն ինչ այս ձևով չավարտվեր, պատերազմ չլիներ: Ինձ համար հայոց բանակը միշտ էլ եղել է բարձրից բարձր»:
«Քանի որ մեր ամուսինների գերազմաններն այստեղ է, մեր տունն էլ է այստեղ»:
Պատերազմը փոխել է մեր կյանքը, վերանայվել են շատ ավանդույթներ, անփոփոխ է մնում մեկը. բոլոր տոները սկսվում ու ավարտվում են անմահացած հերոսների հիշատակը հարգելով: Անկախ ամեն ինչից, մենք պարտավոր ենք հիշել այս օրը՝ ասում է Մհեր Առստամյանը:
«Հաշվի առնելով այն, որ մեր առաջխաղացման հիմքը հենց այս բանակի կազմավորումն է, մենք պարտավոր ենք հիշել այս օրը: Մենք պարտավոր ենք հնարավորինս կատարելագործել բանակը: Անկախ վերջին պատերազմում ունեցած մեր բացթողումներից, մեր բանակը մնում է մեր անվտանգության միակ երաշխավորը»:
Տարիների հեռվից հայոց բանակի դերն ու նշականությունն ավելի ակնառու է դառնում: Այսօր էլ Հայաստանի ու Արցախի անվտանգության ամենակարևոր երաշխավորը սահմանին կանգնած զինվորն ու սպան են: Նրանց ձեռքերում է մեր վաղվա օրը:
«Ու էլի պիտի հզոր բանակ ունենանք, մեր երաշխավորը միայն մեր բանակը պետք է լինի, ուրիշ ոչ ոքի վրա հույս չպետք է դնել»:
Հունվարի 28-ն այսօր անցածը վերաարժեվորելու, անելիքների մասին խորհելու խորհուրդն ունի։ Արդյոք, մենք գիտակցո՞ւմ էինք հայոց բանակի իրական նշանակությունն, արդյոք, արե՞լ ենք մեզնից կախված հնարավոր ամեն բան՝ բանակը զորացնելու, զինվորի թիկունքն ամրացնելու համար: Իրա Առստամյանը երկու զինվորի մայր է։ Իր որդիներին նա անպայման կշնորհավորի, իհարկե, բայց սկզբից եկել է Հուշահամալիր՝ երկնային զորքը համալրած տղաների շիրիմներին այցելելու։
«Բանակով սկսել եմ հետաքրքրվել, երբ մեծ տղայիս ուղարկել եմ բանակ: Երևի մի 4 տարի է՝ ես ապրում եմ բանակի կյանքով, հետաքրքրվում եմ, լսում, տեսնելու համար, թե այնտեղ ինչ է կատարվում»:
Հայկական բանակը գոյության 31 տարիների ընթացքում հաղթանակներ ու պանծալի էջեր շատ է ունեցել ու էլի կունենա։ Այդ համոզմունքն է, որ ամեն օր ապրելու ուժ է տալիս շրջափակման մեջ գտնվող արցախցիներիս, ուժ տալիս երազելու և գործելու։