Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք, չսահմանված օրենքներով, պաշտոնավարման 100 օրն ամփոփելով, փորձում են վերլուծել, գնահատել կատարված աշխատանքը, հստակեցնել անելիքները։ Պետական նախարարի պաշտոնը Ռուբեն Վարդանյանը զբաղեցնում է արդեն 105 օր։ 105-ից 67-ը նա պաշտոնավարել է ոչ ստանդարտ՝ շրջափակման պայմաններում։ Ի՞նչ արձանագրումներ է կատարել ինքն իր համար՝ Ռուբեն Վարդանյանը անկեղծանում է․
«Արցախում կան մարդիկ, որոնք պատրաստ են ու անում են ամեն ինչ, որ իրենց հայրենիքը զարգանա, լինի ուժեղ, և դա զուտ խոսքեր չեն։ Իրավիճակը, որ ստեղծվել է հիմա, հայկական աշխարհում, նման է այն իրավիճակին, որ տեղի է ունեցել 100 տարի առաջ։ Ինձ թվում է, որ մենք դասեր քաղենք, և այն, ինչ ասում էին մարդիկ այն ժամանակ, կարդալով, ուսումնասիրելով , հասկանանք, որ դա մեր համար է ասված։ Պիտի հասկանանք, այլ ճանապարհ չունենք։ Այդ հավատի բացակայությունը, թե մենք հնարավորություն չունենք հաղթելու, վտանգավոր է։»
Տեղափոխվելով Արցախ՝ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր պայքարի մասին, այդ պայքարը համարելով գոյի պահպանման միակ ճանապարհը։ Ու թող որ այդ պայքարի հաջողության տոկոսը բարձր չէ, միևնույն է, պայքարել պետք է։ Պետնախարարը ներկա իրավիճակը համեմատում է 35 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ, Արցախյան շարժման սկզբի հետ։ Այն ժամանակ էլ պայքարի հաջողությանը դժվար էր հավատալ, բայց հաղթանակներ եղան։ Շատ խորհրդանշական է, որ մենք այս մասին խոսում ենք դարձյալ փետրվարին և կանգնած ենք որոշում կայացնելու առջև՝ նշում է պետնախարարը։ Ռուբեն Վարդանյանը ոչ միայն խոսում է պայքարի մասին, այլև ներկայացնում պայքարի իր տեսլականը․ կարևոր են սկզբունքները, խնդիրներին համակարգային մոտեցումը, հետևողականությունն ու կարգապահությունը։
«Պայքարել նշանակում է ոչ միայն պատերազմի պատրաստվել, այլ մեծ աշխատանքներ անել տարբեր ուղղություններում։ Եվ դրանք կապված են և կրթության, անվտանգության , և այն բանի հետ, որ ինքներս պիտի կարողանանք ապահովել մեր հարցը։ Դա կապված է նաև հիբրիդսյին պատերազմում պայքարի, տնտեսական համակարգի վերանայման հետ։ մենք չենք հասկանում, որ այդ պատերազմը նաև տնտեսական, մշակութային պատերազմ է։ Կարևոր է, որ հակյկական աշխարհը Արցախի շուրջ համախմբենք»։
Պայքարում հաջողելու համար անհրաժեշտ է կրողը լինել այն արժեքների, հանուն որոնց իրականացվում է այդ պայքարը։ Դրա համար պետք է ապավինել սեփական ուժերին, ունենալ հավատ ապագայի ու հարգանք՝ աշխատանքի նկատմամբ։ Ամեն ինչ հեշտ չէ՝ ասում է պետնախարարը։ Բոլորս ունենք կարմիր գծեր, և յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որն է իր համար կարմիր գիծը։
«Ո՞րն է այն վերջին գիծը, որ ասում ենք, դրանից հետո չենք ենթարկվելու։ Ես առանձնացրել եմ կետեր, որոնք քննարկման համար են, մենք բոլորս մեր մեջ պիտի ընդունենք, թե ինչ պիտի անենք, եթե նրանք հատեն մեր կարմիր գծերը։ Ո՞րն է լինելու մեր քայլը։ Դրա շուրջ ազնիվ և կարևոր քննարկումներ պիտի լինեն։ Գաղափարը, նպատակը, որ մենք հայտարարել ենք 35 տարի առաջ, սկզբունքները, արժեքները, ճիշտ, հստակ կարողանո՞ւմ ենք ընդունել, հասցնել հասարակությանը։ Ես վստահ եմ, որ դա մեզ ուժ է տալու, եթե կարողանում ենք»։
2020 թվականի պատերազմից հետո մարտահրավերները փոխվել են։ Առաջնային խնդիր է Արցախի սուբյեկտայնության, անվտանգության ապահովումը, ինչը հետագա զարգացման և վերջնական նպատակներին հասնելու հիմքը պիտի դառնա։ Հասարակության մեջ ապագայի նկատմամբ անորոշություն ու թերահավատություն կա, հավատի վերականգնումը կարևոր է։ Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է առկա մարտահրավերներին, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությանը, ֆինանսական ճգնաժամին, ստվերային տնտեսությանը։
«Մենք ունենք լուրջ մարտահրավերներ ֆինանսական առումով։ Եթե մենք խոսում ենք թափանցիկության մասին, պատկերացնում ենք իրավիճակը, պիտի հասկանանք ֆինանսական ճգնաժամի խորությունը։ Դուք բոլորդ կամ չգիտեք, կամ չեք ուզում մինչև վերջ հասկանալ, կառավարությունը միասին է կրում այդ պատասխանատվությունը, այն միայն նախագահինը կամ պետնախարարաինը չէ։ Եվ դա կարևոր է՝ իրավիճակը ճիշտ վերլուծելու համար։Մենք մեծ քննարկում ունենք սահմանադրական փոփոխությունների շուրջ, կարևոր է այս առումով ճիշտ լուծումներ գտնել՝ առկա մարտահրավերների պայմաններում»։
Մարտահրավերներն անլուծելի չեն՝ ասում է Ռուբեն Վարդանյանը։ Շրջափակման այս 67 օրերը նաև հնարավորությունների բացահայտման օրեր էին․ պետք է ուղղակի անտարբեր չլինել, հավատալ ապագային ու չդադարել պայքարել՝ հաշվի առնելով ռիսկերը, բայց չվախենալով դրանցից։ Ամփոփելով 100 օրվա ընթացքում կատարածը՝ պետնախարարը նաև անհաջողությունների ու իրականություն չդարձած ծրագրերի ու նպատակների մասին է խոսում։
«Իհարկե շատ բաներ չկարողացանք անել, քանի որ վերջին 67 օրը ստիպված էինք ոչ թե փոփոխություններ անել կառավարման մոդելում, այլ կոնկրետ հարցեր լուծել, քանի որ գիտեինք, որ ծանր ձմեռ է սպասվում, և պիտի ելքեր գտնեինք»։
Արցախը պատերազմի մեջ է, որի անբաժանելի տարրը ինֆորմացիոն դաշտն է։ Ռուբեն Վարդանյանը կարևոր է համարում, որ 105 օրերին Արցախի մասին սկսել է խոսել միջազգային մամուլը, և միջազգային հարթակներում բարձրացվել են Արցախի խնդիրները։ Նաև դա է ապացուցում, որ Արցախը կա, ու Արցախի հարցը փակված չէ։ Սա կարևոր հաղթանակ է, ասում է, և այն իր պտուղները տալու է։