Ամեն տարի փետրվարին ուսանողների հանդիպումը Արցախյան շարժման մասնակիցների հետ ավանդույթ է դարձել: Հանդիպումները նպատակ ունեն վերաիմաստավորելու և վերաարժևորելու Շարժումը: Այսօր էլ հերթական հանդիպման բանախոսները 1987թ․ աշնանը Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում ստեղծված «Արցախական միություն» կազմակերպության ուսանողական միության անդամներ Դավիթ Իշխանյանն ու Եղիշե Առուշանյանն էին: Ղարաբաղյան շարժումը որևէ քաղաքական նպատակ հետապնդող շարժում չէր, այն ազգային-ազատագրական շարժում էր՝ ընդգծում է Եղիշե Առուշանյանը: Եթե 1960-ական թթ․ սկիզբ առած շարժումը մտավորականության շարժում էր, ապա 80-ական թվականների շարժման շարժիչ ուժը երիտասարդներն էին, ուսանողները՝ ասում է Առուշանյանը:
«Պատկերացում կա ստեղծված, որ Շարժման առաջնորդները տարիքով, մազ-միրուքի մեջ կորած մարդիկ են: Ո՛չ։ Շարժման ընդհատակյա խմբերի միջին տարիքը երևի թե չանցներ 25-ը: Այնտեղ կային և՛ երիտասարդ հասարակական գործիչներ, և՛ կուսակցական գործիչներ, խմբերում կային նաև ուսանողներ՝ 18 տարեկան, 20 տարեկան: Եվ մենք պետք է առաջնորդեինք հասարակության որևէ խմբի»:
1980-ական թթ․ կեսերից, երբ սկիզբ առավ Գորբաչովյան «ձնհալի» դարաշրջանը, խորհրդային միության երկրներում սկսեցին ձևավորվել ոչ պետական երիտասարդական խմբեր: Խմբերում ներգրավված ուսանողներին սովորաբար միավորում էր սպորտը, մշակույթը, կինոն, բայց ոչ երբեք քաղաքականությունը: Երևույթն Արցախում լրիվությամբ այլ ընթացք ստացավ: Արցախցի երիտասարդները ստեղծեցին ընդհատակյա խմբեր: Նրանք նպատակ ունեին պարզելու՝ ինչու՞ ԼՂԻՄ-ում իրավիճակը վատ է: Երիտասարդները գտան այս և բազմաթիվ այլ ինչուների պատասխանը:
«Ընդհատակյա խմբերը սկսեցին աշխատել մարդկանց հետ։ Ինչպե՞ս կարող էր 18, 20, 25 տարեկան երիտասարդը համոզել կուսակցական փորձ ունեցող մարդուն: Մարդ, ով 20-25 տարի կոմունիստ է եղել, հավատացել է Մոսկվային: Միշտ էլ ավագ սերունդը երիտասարդներին թերահավատորեն է վերաբերվում: Մեր ժամանակ էլ այդ ամենը կար, բայց մենք ունեինք մի առանձնահատկություն: Մենք ունեինք հզոր դպրոց, այն դաստիարակում էր հայրենասեր, կարգապահ, կիրթ անձնավորություն: Այստեղ կար նաև մեկ այլ կարևոր հանգամանք. պետական, համընդհանուր գաղափարախոսության կողքին առաջ եկավ նաև ազգայինը, իսկ դա խիստ վտանգավոր էր խորհրդային երկրում: Մենք մտանք վտանգավոր իրավիճակի մեջ»:
Իրավիճակի վտանգավորության աստիճանը գիտակցում էին ընդհատակյա շարժման ակտիվիստները: Բայց կար գաղափար և այդ գաղափարին հավատացող բազում երիտասարդներ: 1980-ականներն սկիզբ առած պայքարը, որ երկար տարիների քաղաքական խմորումների հիմնավորումն էր, և 1920թ․ ընդհատված պայքարի շարունակությունը, այսօր էլ չի ավարտվել: Մեր պայքարի ավարտը դժվար է կանխատեսել՝ ասում է Դավիթ Իշխանյանն ու պատմում 20-րդ դարավերջին ծավալված գործողություններում արցախցի երիտասարդների դերի կարևորության մասին:
«Մեզ վստահված էր և մեզ հետ աշխատում էին, որ յուրաքանչյուրս մեր գյուղերում, մեր համայնքներում ինքապաշտպանական ջակատներ ստեղծելու հնարավորությունը դիտարկենք: Մեզ վստահված էր աշխատանք տանել 1-ին, 2-րդ կուրսի ուսանողների հետ, հիմնականում տղաների: Այդ ժամանակաշրջանում մեզ վստահված էր նաև աշխատանքներ տանել Ստեփանակերտում գործող այլ ուսումնական հաստատությունների հետ»:
Ժամանակակիցները պետք է գրի առնեն պատմությունը: Շատ արժանավորներ հեռացել են կյանքից՝ իրենց հետ տանելով պատմական կարևոր իրադարձություններ: Այդ է պատճառը, որ սերունդների միջև կապը կտրված է՝ ասում է Դավիթ Իշխանյանը: Հանրապետության խորհրդարանի պատգամավորը մի քանի առանցքային կետեր է առանձնացնում, որոնք կարևոր էին և՛ այն ժամանակվա, և՛ ժամանակակից երիտասարդների համար:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է ընդունի և խորը համոզմունք դարձնի իր մեջ, որ ինքը զինվոր է՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ դիրքից: Երկրորդը՝ մենք պետք է լինենք գազափարի զինվոր, գաղափարական պայքարը որևէ այլընտրանք չունի: Երրորդը՝ հավերժ պայքարն է, հարատև պայքարը: Դուք պետք է Ձեր մեջ արմատավորեք, որ հայ ժողովուրդը դատապարտված է հարատև պայքար մղելու: Այդ հարատև պայքարի մեջ յուրաքանչյուրը ունի իր տեղն ու դերը»:
Արցախյան շարժումը, դրան հաջորդած ազգային ազատագական պայքարը, 44-օրյա պատերազմը և Արցախի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակը միևնույն հարթության վրա դիտարկելով՝ բանախոսները զուգահեռներ անցկացրին անցյալի ու ներկայի միջև։ Այդ զուգահեռներում ամենակարևորը երիտասարդության դերն է որպես շարժիչ ուժ՝ դեռևս չավարտված ազգային-ազատագրական մեր պայքարում: