Սումգայիթյան ջարդը 35 տարի առաջ՝ 1988-ին փետրվարին, Արցախում սկիզբ առած շարժման ուղղակի պատասխանն էր՝ ադրբեջանական ձեռագրով։ Պետական մակարդակով մշակված, նախապես պլանավորված այս հանցագործությունը ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն։ Ջարդերի 3 օրվա ընթացքում մեր հազարավոր հայրենակիցներ ստիպված էին լքել իրենց տները, շատերը նաև ծննդավայրը։ Ականատեսները պատմում են այդ օրերին քաղաքում տեղի ունեցող քաոսի մասին, որն ամենևին էլ ապրիորի տեղի ունեցած անհնազանդություն չէր։ Այդ օրերին Սումգայիթում տեղի ունեցածի ականատեսն է եղել Սերժ Ավանեսովը։ Փետրվարի 27-ին ամուսիններով Բաքվից Սումգայիթ էին գնացել զարմիկի ծննդյան տոնը նշելու։ Սերժ Ավանեսովի հիշողություններում այդ օրերն անջնջելի հետք են թողել։ Իրադարձությունների հաջորդականությունը ներկայացնում է ժամ ու րոպեով։ Բաքու-Սումգայիթ երթուղայինն աշխատում էր 30 րոպեն մեկ։ Բացի դրանից, հեռախոսային կապի միջոցով երկու քաղաքներում ապրող հայերը մշտական կապի մեջ էին միմյանց հետ, հատկապես Արցախում սկիզբ առած շարժման օրերին։
«Երթուղայինով գնալու ժամանակ կինս կանխազգացում ուներ, ասում էր․ «Պատկերացնում ես՝ գնանք Սումգայիթ, այնտեղ էլ ցույցեր լինեն»։ Ավտոբուսից իջանք, տեսանք, որ ճանապարհը փակ է։ Կինս ասում է․ «Երևի այստեղ էլ է ցույց, որ ճանապարհը փակ է»։ Ասում եմ՝ չէ, երևի ավտովթար է տեղի ունեցել։ Գնում ենք 18-րդ կվարտալ՝ քրոջս տուն, կայարանից 5 րոպեի ճանապարհ է։ Քույրս մնաց զարմացած, ասում է․«Ինչպե՞ս եք կարողացել գալ, ես չէի կարողանում զանգել։ Արդեն հայերի հեռախոսներն անջատել էին»։
Տեղի ազգությամբ ադրբեջանցի հարևանները հայերին խորհուրդ էին տալիս տնից դուրս չգալ, դուռը ներսից փակել, անգամ ձայն չհանել, ձևացնել իբր տանը չեն։ Փետրվարի 28-ի առավոտյան, երբ քաղաքում համեմատաբար հանգիստ էր, որոշեցին գնալ մեկ այլ բարեկամի տուն։ Զրուցակիցս ճանապարհին ականատես եղավ իսկական քաոսի։ Սումգայիթում մնալն այլևս անվտանգ չէր։ Սրտացավ ադրբեջանցիներ ևս կային, որ պահեցին Ավանեսովների ընտանիքն իրենց տներում, անգամ օգնեցին դուրս գալ քաղաքից։
«Փետրվարի 29-ին մենք գնում ենք կայարան։ Այն ճանապարհին, որով մենք եկել էինք քրոջս տուն թափթփված էր, հայերի բեռները թափած, ճանապարհը արյունոտ էր»։
Սումգայիթն արյունոտ էր այդ 3 օրերին։ Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ ոտնձգությունների զոհերի մասին տարբեր աղբյուրներում տարբեր թվեր են։ Ըստ պաշտոնական տեղեկատվության Սումգայիթում 27 հայ է սպանվել։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ցեղասպանության ենթարկվածների թիվը հասնում է հազարի, որոնց աճյունները մինչև օրս էլ հայտնաբերվում են Սումգայիթի արվարձաններում շինարարություններ կատարելիս։ Սերժ Ավանեսովի որդին՝ Հովիկ Ավանեսովը, ով այժմ Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Կովկասագիտության» կենտրոնն է ղեկավարում, ուսումնասիրություններ է կատարել, պարզել, որ Սումգայիթի ցեղասպանության զոհերի թիվը 3000 է, եթե ոչ ավելի։
«26-27 զոհի մասին տեղեկությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Սումգայիթի ցեղասպանության հետ կապված շինծու դատավարությունների ընթացքում։ Այդ տվյալը հրապարակել է Ադրբեջանի դատախազությունը։ Մեր հետազոտական թիմը մի շարք հետազոտություններ է իրականացրել։ Կիրառելով հատուկ հաշվարկի մեթոդաբանություն մենք պարզել ենք, որ Սումգայիթի զոհերի թվաքանակն առնվազն 3000 է, եթե ոչ ավելին»։
Հետազոտությունն իրականացվել է Արցախում և Հայաստանում։ Ուսումնասիրողները հանդիպել են 100-ից ավելի ականատեսի հետ։ Սումգայիթյան զոհերի անհամեմատ մեծ թվի մասին խոսում են ոչ միայն հայկական, այլ նաև որոշ ադրբեջանական շրջանակներում։ Արևելագետ Զիյա Բունյաթովը, ով նաև Ադրբեջանում պաշտոնական դիրք ուներ, խոսել է 700 զոհի մասին։ Հովիկ Ավանեսովն իրենց հետազոտության մասին է պատմում։
«Մեր հետ հանդիպումներում և քննարկումների ընթացքում ականատեսները պատմում են, թե դիակներն ինչպիսի մեքենաներով էին տեղափոխում։ Խոսքը «Զիլ» և «Պազ» մակնիշի ավտոմեքենաների մասին է։ Մենք ուսումնասիրել ենք այդ մեքենաների տարողունակությունը։ Հաշվելով, թե ինչքան մարդ է տեղավորվում այդ մեքենաների մեջ և ինչքան մեքենաներ էին, ստացել ենք այդ թիվը․ խոսքը 3000-ի մասին է։ Սա մոտավոր թիվ է։ Սա այն սանդղակն է, որի սահմաններում մեզ հաջողվել է հետազոտություններ կատարել՝ խոսելով ավելի քան 100 ականատեսի հետ»։
Ոճրագործությունը ծրագրավորված է եղել նախօրոք։ Եվ սա իմանալու համար լուրջ ուսումնասիրությունների կարիք չկար։ Այդ են վկայում ջարդարարների մոտ հայերի բնակարանների ցուցակների առկայությունը, նախապես մշակված սցենարը և դերերի բաժանումը, ոճիրն իրականացնելու համար արտադրամասերում մետաղաձողերի և այլ գործիքների պատրաստումը, թմրանյութերի և ոգելից խմիչքի բաժանումը։ Բացի այդ, անջատված է եղել հայերի հեռախոսային կապը, միտումնավոր չեն գործել ՆԳ և շտապ օգնության ծառայություններըև այլն։ Այն ադրբեջանցիները, որոնք փորձել են օգնել իրենց հայ հարևաններին հետագայում պատժվել են՝ ասում է ադրբեջանագետը։ Իսկ հանցագործության իրական պատասխանատուները ներկայումս Ադրբեջանի վերնախավում նշանակալի պաշտոններ են զբաղեցնում։ Սումգայիթի ջարդերին ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական գնահատական չտրվեց։ Փետրվարի 29-ին խորհրդային զորքե մտցվեցին Սումգայիթ, բայց ինչպես Հովիկ Ավանեսովն է ասում, ռետինե մահակներով։ Նրանք սկսեցին միջամտել միայն այն ժամանակ, երբ ցեղասպանություն իրականացնողները բացահայտ հարձակվել էին նաև ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կողմից ուղարկված զորքերի վրա։
«Քանի որ այս իրադարձությունը քաղաքական գնահատական չստացավ, ստեղծվեց պարարտ հող։ Դրան մենք ականատես եղանք Բաքվում, Կիրովաբադ-Գանձակում, այնուհետև նաև Մարաղայում։ 1988 թ այդ գործողությունները հրապարակվող նյութերով չեն էլ որակվում որպես ցեղասպանություն։ Իրականում, երբ որ վեր ենք լուծում ցեղասպանության մասին կոնվենցիայի պրիզմայով, ապա առնվազն 5 կետից 3-4-ի դեպքում մենք կարող ենք ասել, որ Սումգայիթում ցեղասպանություն է տեղի ունեցել»։
Սա ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն։ Ադրբեջանը չի փոխել ձեռագիրը և շարունակում է գործել օրենքի սահմաններից դուրս։ Ինչպես այն ժամանակ խաղաղ ցույցին պատասխանեց ջարդով, այնպես էլ այսօր արցախցիների՝ իրենց հողում ապրելու հաստատակամությանը պատասխանում է շրջափակմամբ։ Աչքներիս տակ ունենալով Սումգայիթի օրինակը, պետք է շարունակենք պայքարել՝ ասում է Հովիկ Ավանեսովը։