Նոյեմբերի 23, 2024

Անպատժելիությունը նոր հանցագործությունների հիմքն է․ Մեսրոպ Մաշտոց համալսարանում մամուլի ասուլիս է կազմակերպվել

By Ասպրամ Ավանեսյան Մարտի 31, 2023

20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ Թուրքիայի իրագործած ցեղասպանության անպատժելիությունը հող է նախապատրաստել արհեստածին Ադրբեջան պետության համար՝ իրականացնելու  սեփական ցեղասպան քաղաքականությունը։ Հայերի նկատմամբ ատելությունը պետական քաղաքականության մաս է այդ երկրում։ Ինչպես Թուրքիան «միջազգային հանրության» կողմից համապատասխան պատժի չարժանացավ, այնպես էլ առանց դատապարտման են մնացել Ադրբեջանի ոճրագործությունները Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Մարաղայում, Մինգիչաուրում։ Բոլոր չարիքների հիմքը անպատժելությունն է՝ վստահ է Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը։ 

«Դեռևս 1918 թ, երբ աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ եկավ Ադրբեջան արհեստածին պետությունը, շարունակեց այն նույն ցեղասպան քաղաքականությունը, որը իրականացնում էր Թուրքիան։ Հենց այդ ցեղասպան և հակահայկական քաղաքականության հենքի վրա ձևավորվեց Ադրբեջան պետությունը։ Մինչ օրս էլ այդ նույն քաղաքականությունը շարունակվում է։ Դրա վառ ապացույցը 1918 թ սեպտեմբերին Բաքվի հայերի ցեղասպանությունն է, որից հետո «ադրբեջանցիներ» հաստատվեցին Բաքվում»։ 

20-րդ դարի 20-ական թվականներին տեղի ունեցած ցեղասպանություններին քաղաքական և իրավական որևէ  գնահատական չի տրվել։ Նաև սա է խորհրդային տարիներին տեղի ունեցած բռնությունների պատճառ  դարձել՝ ասում է Հովիկ Ավանեսովը։ Անդրադառնալով 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած ջարդերին, համալսարանի ՈւԳԸ նախագահ Նելլի Խաչատրյանը ընդգծում է․ Սումգայիթյան ջարդերի զոհերի պաշտոնական թիվը՝ 27-ը, չի համապատասխանում իրականությունը։ Ուսանողուհու խոսքով Ադրբեջանը խնամքով թաքցրել է զոհերի ընդհանուր թիվը, մինչդեռ մի շարք ուսումնասիրություններ, այդ թվում Հովիկ Ավանեսովի կողմից արված, ցույց են տալիս, որ Սումգայիթում ջարդերի զոհ են դարձել 3000-ից ավելի հայեր։ Սումգայիթյան ցեղասպանությունը իրականցվել է «մահ հայերին» կարգախոսով՝ ասում է։ 

«Օրինակ՝ հայ կոմկուսի կենտկոմի փաստաթղթերից մեկում խոսվում է 400 զոհի մասին»։

 Զանգվածային բռնություններ էին տեղի ունենում ոչ միայն Սումգայիթում և Բաքվում, այլ նաև Մենգիչաուրի, Դաշքեսանի, Շամքորի, Շեքիի, Վարդաշենի, Խանլարի հայ ազգաբնակչության նկատմամբ՝ ընդգծում է ՈւԳԸ անդամ Մարիա Հակոբյանը։ Այս բնակավայրերում ապրող հայերը կա՛մ Արցախից էին տեղափոխվել, կա՛մ ծագումով արցախցի էին։ Եվ սրանով Ադրբեջանը փորձում էր կոտրել հայերի ոգին և ճնշել Արցախյան շարժումը։ 

«Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն դրսևորեց հատկապես Գանձակում»։

 Ցեղասպան քաղաքականությունը Ադրբեջան պետության ստեղծման հիմքն է։ Այդ քաղաքականությունը չճնշելու և չպատժելու պարագայում ականատես ենք լինելու նորերին։ Կովկասագիտության կենտրոնը և բաժնի ուսանողները տասնյակ  հետազոտություններ և ուսումնասիրություն են կատարել այդ թեմայով։ Դրանք  հասանելի են միջազգային տարբեր հարթակներում՝ օտար լեզուներով։ Աշխարհի 10֊ից ավելի խոշոր գրադարաններում և հետազոտական կենտրոններում առկա են այդ հետազոտություններն ու գրքերը։ Ադրբեջանը շարունակ կեղծ և շինծու «ապացույցներ» է ներկայացնում միջազգային կառույցներին, որոնցից մեկն էլ այն է, թե իբր 1918 թվականի մարտ-ապրիլ ամիսներին հայերի կողմից սպանվել են հազարավոր ադրբեջանցիներ։ Օրվան ընդառաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել, նշելով, թե իբր 1918թ․ մարտի 31-ին «միայն Ղուբայում առանձնակի դաժանությամբ սպանվել է ավելի քան 16 հազար մարդ, ոչնչացվել  167 գյուղ»։

 Հարցին արդյո՞ք ադրբեջանական կեղծ թեզերը միջազգային հարթակներում չեն հակակշռում հայկական կողմի ներկայացրած փաստերին՝ Հովիկ Ավանեսովը պատասխանում է․ «2020 թ պատերազմից հետո մեր իրավաբանական թղթապանակը անհամեմատ հարստացել է, և դրանք ճիշտ օգտագործել է պետք»։

Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 31 Մարտի 2023 15:57
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ