Նոյեմբերի 22, 2024

Եղեռնի «ապրող զոհերը»․ ինչպե՞ս են ապրում Թուրքիայի ծպտյալ հայերը

By Ասպրամ Ավանեսյան Ապրիլի 24, 2023

«Եկեք բացի սպանվողներից ու սպանողներից մի քիչ էլ ապրողների մասին խոսենք։ Այդպես է, 1915-ին մահացողների կողքին նաև ողջ մնացողներ եղան: Ի՞նչ եղան նրանք, նրանցից որքա՞նը դարձավ սփյուռք, իսկ որքա՞նը կարողացավ Թուրքիայում մնալով շարունակել իր կյանքը: Եվ եթե կարողացան շարունակել ապրել, ապա ի՞նչ պայմաններում»:

Խոսքերի հեղինակը Հրանտ Դինքն է։ Եվ իսկապես, Արևմտյան Հայաստանում ապրում են հայեր, որոնք ունեն ավելի շատ ուշադրության կարիք, որոնք ավելի լուրջ վտանգի առաջ են կանգնած։ Մենք մշտապես խոսում ենք Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին, բայց այս շրջանակում գոյություն չունեն պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, ներկայիս Թուրքիայում ապրող հայերը՝ ասում է Սոֆիա Հակոբյանը։ Նա ավելի քան 10 տարի է ուսումնասիրում է իսլամացված հայերի թեման։  

«Սա մի քանի պատճառ ունի․ նախ՝ Թուրքիայի մերժողական քաղաքականությունը մեզ ստիպել է մեր ջանքերը ուղղել 1915թ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ներկայացնելու ջանքին։ Այս կոնտեքստում մենք մոռացության ենք մատնել իսլամացած հայերի թեման։ Հայկական գիտական շրջանակներում երկար ժամանակ կար կարծիք, որ իսլամացված, հայերի մասին թեզը մեզ կխանգարի 1,5 մլն սպանված հայերի մասին թեզը առաջ տանելու հարցում, մինչդեռ սա շատ թերի պատկերացում է երևույթի մասին, որովհետև պիտի արձանագրենք շատ կարևոր մի փաստ, որ իսլամացված հայերը ցեղասպանությունից փրկված հայեր չեն, որովհետև կրոնափոխությունը, բռնի ուծացումը Թուրքիայի ցեղասպանական ծրագրի մաս է կազմել։ Այս մարդիկ ոչ թե փրկվածներ, այլ ցեղասպանության զոհ են»։  

Ցեղասպանությունը չի ենթադրում միայն ֆիզիկական ոչնչացում։ Հայտնի փաստ է, թե ինչպես են երիտթուրքերը փուլ առ փուլ, կազմակերպված, ծրագրված իրականացրել հայոց ցեղասպանությունը, թե ինչպես են հարյուր հազարավոր հայեր մազապուրծ եղել իսկական ոճիրից։ Բայց այդ ինչպե՞ս է ստացվել, որ շատ հայեր, խոսքն էլի հարյուր հազարների մասին է, մնացել իրենց հայրենիքում։ Սոֆիա Հակոբյանը մի քանի կարևոր հանգամանք է առանձնացնում։  

«Դրանցից ամենակարևորը և թերևս ամենաանտեսվածը զինված ինքնապաշտպանության գործոնն էր, որի օրինակները մենք տեսնում ենք Սասունի լեռներում, Մուսա լեռում, Դերսիմում, Համշենի լեռներում։ Երկրորդ կարևոր հանգամանքը ցեղասպանության պետական ծրագրի շրջանակներում իսլամացված որբերն են, որոնք չունեին ընտրության հնարավորությունը։ Նույնիսկ հայ որբերին մուսուլման ընտանիքներին հանձնելու հատուկ ծրագիր է տարվել։ Անգամ հատուկ որբանոցներ են բացվել, որոնք համակարգում էր Հալիդե Էդիփ անունով կինը, որը երիտթուրքական կառավարության մեջ բավականին լուրջ դեր է ունեցել և Քեմալ Աթա-թուրքի աջ ձեռքն է եղել»։ 

 Ինչե՞ս են ապրում Նրանք  Սեփական հողում՝ օտարի տիրապետության տակ ապրող հայի մեծագույն մտահոգությունը լեզվի, կրոնի և այդպիսով ինքնության պահպանության հարցն է։ Թուրքիայում ապրող՝ ցեղասպանությունից փրկվածների սերունդի համար խնդիրը սուր է դրված։ Հայկական եկեղեցիների գերակշիռ մասը՝ 36 եկեղեցի, Ստամբուլում է գտնվում։ Սոֆիայի խոսքով հատուկենտ գավառներում եկեղեցիներ են մնացել, որոնք չունեն մշտական քահանա, հայկական ընտանիքներն այտեղ հայկական ավանդույթներով պսակադրություն, կնունք անցկացնելու հնարավորություն չունեն։ Թուրքիայում գործող բոլոր 17 հայկական դպրոցները Ստամբուլում են գտնվում։ Գավառներում ուշացման վտանգն ավելի մեծ է։  

«Դպրոցների սակավությունը, գավառներում դրանց բացակայությունը մեծ խնդիր է Մուշում, Սասունում, Դերսիմում և այլն։ Ադյամանում այսպիսի մի երևույթ կա․ Նեմրութի ստորոտին ապրող հայերը իրենց աղջիկներին ուղարկում են Ստամբուլ՝ հայկական դպրոց, նրանք այնտեղ գիշերօթիկում են մնում։ Ամռանը վերադառնում են գյուղ և շարունակում են ապրող ծպտյալ ինքնությամբ։ Ստամբուլում նրանք հայ են, իսկ իրենց գյուղում ծածուկ ինքնությամբ են։ Պոլսահայերը հաճախ նրանց մասին ասում են՝ ձմռանը հայ են, ամռանը՝ տաջիկ»։  

Հայերեն խոսո՞ւմ են արդյոք Թուրքիայի հայերը, գիտե՞ն իրենց ինքնության մասին, խոսու՞մ են ցեղասպանության մասին, պահպանո՞ւմ են արդյոք կրոնը․ ամենահաճախ հնչող հարցերը, թուրքագետի խոսքով, մեկ ընդհանրական պատասխան չունեն։  

«Թուրքիան այն «ունիկալ» երկիրն է, որտեղ մենք կարող ենք հայերի ամենատարատեսակ, ամենաբազմազան, ամենախճճված խմբերի ու ենթախմբերի հետ գործ ունենալ։ Այսինքն մենք կարող ենք հանդիպել Զատկի պահքը մեզանից շատ ավելի պարտաճանաչ անողներից, Սուրբ Սարգսի տոնը Բիթլիսի լեռներում պարտաճանաչ անողներից սկսած մինչև օրը հինգ անգամ նամազ անող և հիջաբ կրող հայուհիների։ Այս բազմազանությունը մեկ անուն ունի՝ ցեղասպանություն»։ 

 «Մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ Թուրքիան ունի ցեղասպանության հետ մինչև վերջ առերեսվելու խնդիր, բայց չենք խոսում այն մասին, որ այդ խնդիրը ունենք նաև մենք»,-ասում է զրուցակիցս։ Կան թեմաներ, որոնց մասին մենք նախընտրում ենք լռել, այդ թեմաներից մեկը իսլամացած հայերի թեման է։ Այս թեմաներով մենք շատ ուշ ենք սկսել զբաղվել և սա շատ մեծ բաց է՝ ասում է։ Այլևս ուշանալու իրավունք չկա․ Թուրքիայում ապրում է այն վերջին սերունդը, որը կարող է պատմել ցեղասպանության մասին։ 

 «Նույն Մուշում, օրինակ, հայերենը հիշող վերջին սերունդն է ապրում։ Հիմա եթե չաշխատենք, վաղն անիմաստ է լինելու»։  

Մինչ Թուրքիան գրեթե ավարտին է հասցնում դար առաջ սկսածը, Հայաստանում չկա գոնե մեկ կազմակերպություն կամ մարմին, որ    կվավերագրեր Արևմտյան Հայաստանում ապրող մեր հայրենակիցների կյանքի պատմությունը։ Այդ կարևոր և պատասխանատու գործը մնացել է առանձին  անհատների հույսին, մինչդեռ դա պետական քաղաքականության մաս պետք է կազմեր, որովհետև, ինչպես Դինքն էր ասում՝ ամեն հայ իր պատմությամբ ցեղասպանության կենդանի փաստաթուղթ է։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ