Լրատվական դաշտ վերջին օրերին կրկին ներգցվել է Դադիվանքի՝ իբրև աղվանական լինելու թեման։ Դադիվանք վանական համալիրը Հայոց արևելից կողմանց ամենանշանավոր միջնադարյան կոթողներից է։ Այն որպես աղվանա-ուդիական ներկայացնելու փորձերը նոր չեն։ Ադրբեջանը, որը զուրկ է սեփական պատմական ժառանգությունից, իր ստեղծման օրից փորձում է յուրացնել Կուր-արաքսյան տարածաշրջանի բոլոր ժամանակաշրջանների և բոլոր ազգությունների պատմական ժառանգությունը․ հայկական, իրանական, կովկասյան։ Հայկական տարածքների բռնակալումը և դրանց հայաթափումն Ադրբեջանը փորձում է զուգորդել այդ տարածքներում հայկական հետքի ոչնչացումով։ Ազգագրագետ, հուշարձանագետ Համլետ Պետրոսյանը նշում է, որ նման փորձերը նոր չեն, սակայն այժմ դրան գումարվում է նաև Ադրբեջանի առավել շահեկան աշխարհաքաղաքական կացությունը․
Պետրոսյանը նաև կարծում է, որ Դադիվանքը որպես աղվանական ներկայացնելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողութան, քանի որ վանքի առ այսօր պահպանված կառույցներն ստեղծվել են Աղվանքի վերանալուց դարեր անց, իսկ հայկական գրությունները և դրանց բովանդակությունը ոչ մի կասկած չեն թողնում դրանց հայկական լինելու վերաբերյալ․
Համլետ Պետրոսյանը շեշտում է, որ Ադրբեջանի ուդիական փոքրաթիվ համայնքը, որին բաքվյան բռնապետը փորձում է վերագրել վանքի պատկանելիությունը, ոչ միայն գործիք է, այլ նաև՝ պատանդ Ալիևի ձեռքում։
Այդուամենայնիվ, մասնագետը նշում է, որ թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտն արդեն տասնամյակներ թերանում են Արցախի պատմամշակութային ժառանգության պատշաճ ներկայացման ուղղությամբ համապատասխան օրակարգի ձևավորման հարցում։ Նա միաժամանակ հույս է հայտնում, որ ապագայում հնարավոր կլինի առաջընթաց տեսնել այդ ուղղությամբ։