Նոյեմբերի 23, 2024

Ստեփանակերտում Հայաստանի 1-ին Հանրապետության 105-ամյակին նվիրված համերգ է կազմակերպվել.

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 30, 2023

Հայաստանի 1-ին Հանրապետության 105-րդ տարերդարձին նվիրված տոնական համերգը սկսվել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական օրհներգներով։ Ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած դարասկզբի մայիսյան հերոսամարտերում և հայրենիքի պաշտպանության համար մղված հետագա բոլոր պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը: Միջոցառման ամբողջ ընթացքում զուգահեռներ էին տարվում նախորդ դարասկզբի և Արցախյան իրողությունների միջև` կարմիր թելի պես առանձնացնելով համաժողովրդական պայքարի գաղափարը: Հայաստանի 1-ին Հանրապետության նախաշեմին աղետալի փակուղում հայտնված ժողովուրդը կայացրեց ճակատագրական որոշում` ասում է ՀԱԵ Արցախի թեմի ներկայացուցիչ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը.

«Մահ կամ ազատություն: Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-րդի կողմից Մայր աթոռը լքելու և ավելի ապահով վայր տեղափոխվելու առաջարկի մերժումը գոտեպնդեց և ոգևորեց օրվա ռազմաքաղաքական ղեկավարությանը, ովքեր միասնաբար լծվեցին պայքարի կազմակերպմանը: Եկեղեցու զանգերի ղողանջը կենաց-մահու պայքարի էր կանչում բոլորին և հոգևորականների կողմից օրհնված և նրանց անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած պայքարը իրականություն դարձրեց Սարդարապատի հրաշքը»:

Հայաստանի 1-ին Հանրապետությանը ծնունդ տված մայիսյան հերոսամարտերի կարևոր դերակատարներից մեկը եղել է արցախցի դաշնակցական Արամ Մանուկյանը: Տեր հայրը խոսել է մայիսյան հերոսամարտերին Արցախի մասնակցության մասին:

«Արցախից մահապարտների խումբը Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ մասնակցել է այդ պայքարին, իսկ Մայր Աթոռի միաբան հոգևորականներից կազմված մահապարտների գունդը ևս ղեկավարում էր ծննդով արցախցի Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը: Սա նշանակում է, որ Արցախն անմնացորդ նվիրված էր հայ ժողովրդի ազգային -ազատագրական պայքարին, որովհետև այլ կերպ լինել չէր կարող: Այսօր էլ մեր ազգը ապրում է այդ ժամանակներին նման օրեր, երբ արդեն Արցախը ունի համազգային միասնության կարիք: Շատ կարևոր է այդ պատմական իրողությունների հիշատակումը և գործնական վերաարժևորումը»:

Հայաստանի 1-ին Հանրապետության ծնունդը ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը համարում է 20-րդ դարի ամենակարևոր իրադարձություններից մեկը: Խոսելով Հայաստանի 1-ին Հանրապետության անկման պատճառների մասին և այն կապելով այսօր Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերների հետ` պատմաբանը նկատում է, որ հայ ժողովուրդը երբեք չի կորցրել և այսօր էլ չի կորցնում անկախ պետականություն ստեղծելու հավատը:

«Վկան` մերօրյա Հայաստանի և Արցախի Հանրապետություններն են: Չնայած վերջին օրերին Բաքվի բռնապետի հոխորտանքներին, որը հետևանք էր նաև Հայաստանի օրվա իշխանությունների գաղափարական մուտանտիզմի քաղաքականության: Արցախի Հանրապետության բնակչությունը համայնք կամ խումբ չէ, այլ հազարամյակներ շարունակ իր հայրենիքում ապրող և պետականության գաղափարը բարձր պահող ժողովուրդ է, որն իր արտահայտությունը գտավ 20-րդ դարասկզբին և 20-րդ դարավերջին հայկական բոլոր պետականությունների վերականգնման ժամանակ»:

Լեռնիկ Հովհաննիսյանը ելույթն ավարտում է` մեջբերելով Հայաստանի 1-ին Հանրապետության ակունքներում կանգնած Արամ Մանուկյանի խոսքերը:

«Ոչ մի դաշինք ու զիջում. պետք է շարունակել պայքարը մինչև հաղթանակ: Վայ նրանց, ովքեր ստրկական ոգի ունեն, վայ նրանց, ովքեր զիջման և պայմանի են պատրաստվում և վայ այն ղեկավարներին, որոնք իրենց հուսահատ տրամադրությամբ և ստրկացման տանող ձեռնարկներով դավաճանում են հայ ժողովրդին»:

Տոնական համերգին ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը և այլ պաշտոնատար անձինք:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ