Ապրիլի 25, 2024

Մանուկն ու խաղաղությունը. Արցախում հունիսմեկյան բարեմաղթանքները խաղաղության մասին են.

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 01, 2023

Հետպատերազմյան, այսօր էլ շրջափակված Արցախում նման տոների հանդեպ վերաբերմունքը փոխվել է: Բայց մեծերն անում են հնարավորը փոքրերի օրը տոն դարձնելու համար: Ստեփանակերտի օղակաձև պուրակում այսօր տոնական աշխուժություն է. երգ երաժշտություն, գույնզգույն փուչիկեր, վաճառքի տաղավարներ: Իսկ հունիսմեկյան տոնի առթիվ երեխաներին ուղղված բարեմաղթանքները, տոնական շնորհավորանքները, մանուկների ցանկություններն ու երազանքները հայրենիքի հետ են կապված: Փոքրիկ Անահիտը, ինչպես ինքն է ասում, ոտանավոր էր նախապատրաստել.
"Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։"

Անահիտի մայրը աշխարհի բոլոր մանուկներին է շնորհավորում: Նրանց խաղաղություն, առողջություն և հաջողություն է ցանկանում:
"Թող ոչ մի մանուկ կյանքում պատերազմ չտեսնի, բոլոր երեխաները Արցախում ապրեն խաղաղ երկնքի տակ»:
5 տղաների մայր Լենա Ղուլյանը Ստեփանակերտի օղակաձև պուրակ էր եկել փոքր զավակների հետ: Բոլոր տոներին և առիթներին Լենան մեկ ցանկություն և բարեմաղթանք ունի:
"Բոլորիս խաղաղություն եմ ցանկանում, միայն դա ենք երազում, ուրիշ ոչինչ, որպեսզի մեր երեխաները ապրեն խաղաղ երկնքի տակ: Մեր մանուկները ուրախանում են անգամ սովորական փուչիկով: Մեր բոլորի անունից շնորհկալություն եմ հայտնում այս միջոցառումը կազմակերպելու համար»:
Ռաիսա տատիկը թոռնիկին էր բերել զբոսանքի, նրա բարեմաղթանքներն էլ նույնն են, երեխաներին անհոգ ու խաղաղ մանկություն է ցանկանում:
"Ցանկանում եմ, որ երեխաները ապրեն առանց պատերազմի, խաղաղ Արցախում, չմտածեն պատերազմի մասին, անհոգ մանկություն ունենան: Աշխարհի բոլոր փոքրիկներին կցանկանամ առողջություն»:
Հունիսմեկյան միջոցառումներ են կազմակերպվել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում:

Last modified on Հինգշաբթի, 01 Հունիսի 2023 14:35
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ