Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչներն այսօր ժամը 11-ի սահմաններում որոշ ժամանակով փակել են գլխավոր ճանապարհը՝ ադրբեջանցիների ավտոմեքենաների շարասյունը կանգնեցնելու նպատակով` «Արցախ» լրատվականին ասել է ՆԳՆ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Կարմիր Շուկայի բնակիչների անասունները երբեմն անցնում են չեզոք գոտի կամ ադրբեջանցիների` Արցախի գրավյալ տարածքներ, իսկ ադրբեջանցիները տանում են կենդանիներին և չեն վերադարձնում։ Նման մի դեպք էլ օրեր առաջ է գրանցվել։ Այսօր գյուղի երիտասարդներն իմացել են, որ ադրբեջանական շարասյուն է անցնելու և փակել են ճանապարհը։
«Մենք չենք թողնի նրանց անցնել այս ճանապարհով, եթե նրանք չվերադարձնեն անասունները»,- ըստ Հունան Թադևոսյանի՝ ասել են հավաքվածները: Տեղում աշխատել են ոստիկանության աշխատակիցները` հնարավոր բախումները կանխելու համար։ Մեր զրուցակցի խոսքով` բանակցություններ են ընթացել նաև ռուս խաղաղապահների միջնորդությամբ, և հայկական կողմը բացել է ճանապարհը։ Ադրբեջանցիները խոստացել են վերադարձնել անասուններին։