Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններն անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը: «Միացյալ Նահանգները կարծում է, որ մշտական երկխոսության, մշտական շփման միջոցով, այդ թվում ՝ բարձր մակարդակով, մենք կարող ենք անել հնարավոր ամեն ինչ ՝ երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը նպաստելու համար: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Ինչպես արդեն ասել ենք, չկա Ադրբեջանի անկախության և ինքնիշխանության ավելի մեծ ջատագով, քան ԱՄՆ-ն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցները շատ անգամ այցելել են և շարունակում են այցելել Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի: Դեսպանատան աշխատակիցներն այցելում են երկրի բոլոր շրջաններ՝ Ադրբեջանի հետ այնպիսի կարևոր հարցերի շուրջ շփումներ հաստատելու համար, ինչպիսիք են անվտանգությունը, առողջապահությունը, էներգետիկան և տնտեսական զարգացումը»,- «Ամերիկայի Ձայնի» ադրբեջանական ծառայության հարցմանն ի պատասխան ասել են ԱՄՆ դեսպանատնից։ Օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Շուշիում կազմակերպված միջազգային գիտաժողովի բացմանն իր ելույթում հայտարարել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները «բացահայտ անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը»։ Հաջիևը Շուշի այցելության հրավերի մերժումը գնահատել էր որպես Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության չճանաչում: Ինչ հետևություններ կարելի է անել դիվանագիտական այս փոխհրաձգությունից: Հարցի շուրջ Վիկտորյա Սարգսյանը զրուցել է քաղաքագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ:
«Նախ, կարծում եմ, Ադրբեջանի նման հռետորաբանությամբ խոսելաոճին առաջին անգամը չէ, որ ականատես ենք լինում։ Դեռ պատերազմից հետո և նույնիսկ պատերազմի ժամանակ հայտարարություններ եղան, որտեղ շարունակ «մուննաթ» էին գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ իրենց աշխատանքը չկատարելու և այլնի համար։ Դրանից հետո, երբ հանդիպում է տեղի ունեցել ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հետ Բաքվում, կրկին իրենց բողոքներն են արտահայտել ձևաչափի և նրանց կատարած կամ չկատարած աշխատանքի մասին։ Նաև նշեմ, որ Ռուսաստանի դեսպանը նույնպես հրաժարվում էր այցելել բայց, ցավոք սրտի, վերջերս այդ այցը տեղի ունեցավ։ Ինչ վերաբերում է մեր մյուս գործընկերների պատասխաններին և արձագանքներին ու որդեգրած քաղաքականությանը, ապա դրանք համարժեք չեն Բաքվի հռետորաբանությանը։ Դրանք բավականին զուսպ են։ Մի կողմից թվում է, թե պահպանվել է դիվանագիտական էթիկետը բայց մյուս կողմից այստեղ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության կամ խնդրի բանակցային ճանապարհով կարգավորման հարցն է, որքան ժողովրդական արժեքների և բռնապետության միջև իրավիճակի հարց։ Այսինքն մի երկրում, որը ղեկավարում է Իլհամ Ալիևը 19 տարի և ժառանգել է այդ պաշտոնը իր հորից, իրեն իրավունք է վերապահում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նման պետությունների հետ այդ տոնայնությամբ խոսել։ Կարծում եմ Բաքվին որոշակի զսպաշապիկներ պետք է հագցվեն»։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն արձագանքել է Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը՝ նշելով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այցելել են և այցելում են Ադրբեջանի բոլոր շրջաններ, այդ թվում՝ Աղդամ, Զանգելան և Ֆիզուլի։ Բայց Շուշիի անունը չի նշվել։ Դուք այստեղ տեսնում ե՞ք տարբերակված մոտեցում։
«Ես կարծում եմ իրենք որոշել են սկզբունքորեն հետաձգել դա։ Իրենց նպատակը հենց Մինսկի խմբի որոշակի վերականգնումն է, որովհետև իրենք չեն ցանկանում գործընթացներից դուրս մնալ։ Միաժամանակ կա Բրյուսելյան ձևաչափ, որտեղ հանդիպումներ են տեղի ունենում։ Բայց այդ ամբողջ սկզբունքները և փաթեթները մշակվել են հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։ Կարծում եմ՝ պետք է լինի հետևողականություն, որ Մինսկի խումբը գործարկվի և քննարկվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Որովհետև Ադրբեջանը ձգտում է այդ հարցը ընդհանրապես օրակարգից հանել։ Մենք այդ հարցում պետք կարողանանք ինտենսիվորեն և խելացի աշխատել գործընկերների հետ»։
Ի՞նչ հետևություններ կարող ենք անել այս հայտարարություններից։
«Ես կարծում եմ, որ մենք բովանդակային օրակարգերի խնդիր ունենք։ Օրինակ՝ օգոստոսի 31-ին նախատեսվում է Շառլ Միշել, Նիկոլ Փաշինյան և Իլհամ Ալիև եռակողմ հանդիպում։ Եվ մինչ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ օրակարգային խնդիրը խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր հանձնաժողովների հստակեցումն է, հայկական կողմը ընդամենը անատամ հայտարարություն է տարածում, որ հանդիպման ավարտին կտարածվի հայտարարություն։ Այսինքն մենք չենք կարողանում օրակարգ ստեղծել։ Կան լավ հայտարարություններ, բայց մենք որևէ կերպ չենք կարողանում դրանք օգտագործել»։