Օլիմպիդայի հանրապետական արդյունքներն արդեն ամփոփվել են, հայտնի են նաև ՀՀ-ում կայանալիք դպրոցականների առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակիցների անունները: ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանն է մանրամասներ ներկայացնում:
«Այս տարի հանրապետական փուլին մասնակցել են 366 աշակերտ, որից ՀՀ-ում կայանալիք դպրոցականների առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացել են 49 աշակերտ»:
Նախորդ տարի առարկայական օլիմպիադա Արցախում կազմակերպվել է միայն բնագիտական առարկաներից և ՆԶՊ-ից, մասնակիցների թիվը 2 անգամ քիչ էր, մասնակցում էր՝ 120 աշակերտ: «Արցախ» լրատվականի հետ զրույցում Միքայել Համբարձումյանը նշեց, որ անցած 2 տարիները բացասաբար են ազդել կրթության որակի վրա, հասկանալի պատճառներով:
«Ամեն դեպքում այդ տարիները թողել են իրենց հետքը երեխաների կրթության մակարդակի վրա: Հետևաբար չի կարելի համեմատել նախորդ 2 տարիները սովորական, հանգիստ տարիների հետ: Այս տարվա մասին, եթե խոսենք, ապա կարող եմ ասել, որ այս տարվա համար՝ բավարար են, բայց ոչ գոհացուցիչ»:
Այս տարի օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացած 49 աշակերտից՝ 24-ը հումանիտար, 18-ը բնագիտական, իսկ 7-ը՝ ՆԶՊ առարկաներից են մասնակցում: Զրուցակցիս խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի հումանիտար առարկաներով հետաքրքրվածները գերակշռում են: Խնդիր է աշակերտների շրջանում բնագիտական առարկաներով հետաքրքրվածության բարձրացումը: Այդ հարցում առայժմ դրական միտում չի նկատվում:
«Սա նշանակում է, որ մեր դրվածքը տարիներ ի վեր վատանում է: Այդ տենդենցը դեռ շարունակվում է: Պետք է ծնողների, ուսուցիչների ու հասարակության կողմից առավել մեծ ուշադրություն դարձվի այդ առարկաներին, որպեսզի աշակերտների շրջանում էլ հետաքրքրվածության մակարդակը բարձրանա»:
Օլիմպիադաների հետ կապված հաճախ շրջանառվում է այն հարցը, որ աշակերտները բարձր արդյունք գրանցում են արտադպրոցական՝ անհատական պարապմունքների շնորհիվ: Միքայել Համբարձումյանն այս կարծիքը թյուր է համարում, ասվածը օրինակներով հիմնավորում:
«Կարող են մեկ կամ երկու հոգու վրա տարածվել, բոլորի վրա այդ կարծարտիպը տարածել չի կարելի: Ես կարող եմ նաև բացասական օրինակ ներկայացնել: Այն մարդիկ, որոնք պարապում են աշակերտի հետ, թույլ չեն տալիս իրենց աշակերտը մասնակցի օլիմպիադաների, որովհետև այլ ուսուցչի անունն է հնչելու: Այդպիսի դեպքեր էլ կան»:
Զրուցակցիս խոսքով օլիմպիադաների հիմնական նպատակը ոչ թե մրցակցային միջավայրի ստեղծումն է, այլ ընդունակ երեխաներին բացահայտելը, հետագայում նրանց գիտելիքը գրագետ օգտագործելու համար ի շահ Արցախի: