Նոյեմբերի 23, 2024

Հանրապետության գրեթե բոլոր երթուղիները սպասարկում են

By Սվետլանա Պետրոսյան Մարտի 14, 2022
Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանում սովորական աշխուժություն  է։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին միջպետական և ներհանրապետական  համարյա բոլոր երթուղիները սպասարկվել են։   Չի սպասարկվել միայն Մուշկապատ համայնքի երթուղին՝  «Արցախ» լրատվականին ասաց Ավտոկայանի փոխտնօրեն Ալբերտ Ավետիսյանը:
 
«Մուշկապատ-Ստեփանակերտ ճանապարհի մի քանի հատվածներ այսօր  դժվարանցանելի  էին։ Այդ պատճառով էլ երթուղին չի սպասարկվել»:
 
Երևան-Ստեփանակերտ երթևեկությունը սկսում է ժամը 8-ից: Ավետիսյանի խոսքով ողջ օրվա ընթացքում անընդհատ հետևվում էին երթևեկության ընթացքին, վարորդների հետ մշտական կապ պահում: Թեկուզ ճանապարհները սառցակալած էին, բայց փորձառու վարորդները ուղևորներին ապահով տեղ կհասցնեն՝ ասում է:
 
«Վարորդների հետ հեռախոսային կապ ենք հաստատել։  Ասացին, որ արդեն հասել են: Ճանապարհին որևէ խոչընդոտ չի եղել: Ճիշտ է՝ ճանապարհները  լավ վիճակում չեն, բայց փորձառու վարորդները կկատարեն իրենց աշխատանքը»:
 
Եթե հետիոտներին   ձյունը հիմնականում ուրախություն է պատճառում, ապա վարորդներին այն լրացուցիչ դժվարությունների առաջ է կանգնեցնում: Կոճողոտ համայնքի միկրոավտոբուսի վարորդը  այսօր դժվարությամբ  է հասել մայրաքաղաք,  չնայած  ճանապարհները ժամանակին են մաքրվել: 
 
«Ճանապարհները սառցակալած էին,   մի կերպ կարողացանք անցնել այն: Ճանապարհները մաքրվում են , առավոտյան 07:30 ճանապարհները մաքրող մեքենան եղել է Չլդրանում: Ուղղակի տեղումները չէին դադարում»։ 
 
Գազով շահագործվող երթուղիները գազի խափանման պատճառով չեն  դադարացրել երթևեկությունը։ Դրանք աշխատում են  բենզինով։ Ալբերտ Ավետիսյանի խոսքով՝ դրանք   Նախիջևանիկ և Պատարա համայնքների  երթուղիներն են։ Այս փոփոխությունը երթուղու արժեքի վրա չի ազդել։ 
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 14 Մարտի 2022 14:12
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ