Հայաստանի Սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ և Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ՝ այստեղ են գտնվում Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մասնագետները։ Այսօր հոգեբան Նարինե Աբրահամյանը հանդիպում է ունեցել բուժաշխատողների, ուսուցիչների, սոցաշխատողների հետ, նաև պատասխանել լրագրողների հարցերին։ Մանրամասները Վիկտորյա Սարգսյանի ռեպորտաժում։
Վերջին շրջանում հանրապետությունում ավելացել է ծանր հանցագործությունների թիվը։ Հաճախ դրանք կատարվում են առանձնակի դաժանությամբ։ Թվում է՝ միայն պատերազմն է այսպիսի երևույթների պատճառը։ Բայց Հայաստանի Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյանի խոսքով՝ շատ հաճախ տրավմատիկ, կրիզիսային իրավիճակները բացահայտում են այն ներքին քողարկված խնդիրները, որոնք եղել են անհատի մեջ կամ նրա ընտանիքում։
«Հետպատերազմական տրավմաները խորը ազդեցություն են թողնում և, կոպիտ ասած, իրենք իրենցով չեն հաղթահարվում։ Անմիջապես պատերազմին հաջորդող շրջաններում դրանք շատ սուր չեն դրսևորվում։ Բայց մեկ տարի հետո տրավմատիկ ապրումները ակտիվանում են։ Այսինքն՝ աջակցության կարիք մենք ունենում ենք որոշ ժամանակ անց»։
Հոգեբանական խնդիրներն ավելի ցայտուն կերպով արտահայտվում են հատկապես ճգնաժամային տարիքներում։ Այս դեպքում սովորաբար անհրաժեշտություն է լինում որոշակի աջակցության։ Բայց հաճախ ընտանիքի անդամները և ծնողները կարծում են, որ հոգեբանական օգնություն անհրաժեշտ չէ։ Մասնագետի գնահատմամբ՝ սա շատ սխալ մոտեցում է։
«Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ մտածում են, թե անցյալում այդ խնդիրները հաղթահարել են առանց հոգեբանի աջակցության։ Երկրորդ պատճառն այն է, որ մարդիկ դեռևս շփոթում են հոգեբան- հոգեբույժ եզրույթները։ Հոգեբանական խնդիրների լուծումը թույլ է տալիս հեռու մնալ ցանկացած տեսակի հոգեկան շեղվածությունից»։
Խնդիրն ավելի սուր են զգում առաջնային օղակի աշխատողները՝ բուժաշխատողները, ուսուցիչներն ու սոցաշխատողները։ Այս ծրագիրն էլ միտված է քննարկել այն տեխնիկաները, որոնք կօգնեն հաղթահարելու կամ թեթևացնելու նրանց ծանր հուզական վիճակները։ Մասնագետի գնահատմամբ՝ այս «օգնող» մասնագիտությունները շատ ավելի մեծ անձնային ներքին ռեսուրսներ են պահանջում։
«Թեման մասնագիտական այրումն է՝ ի՞նչ է իրենից ներկայացնում, ե՞րբ է առաջանում, ինչպե՞ս կարելի է հաղթահարել և կանխարգելել։ Բայց, անշուշտ, մասնագետները հնարավորություն կունենան իրենց հուզող հարցերը ուղղել, իրենց հետաքրքրող թեմաները առաջարկել»։
Հոգեբանները հաճախ խուսափում են խորհուրդ տալուց՝ ասում է Նարինե Աբրահամյանը։ Իրենք հավատում են, որ յուրաքանչյուր մարդ ունի ներքին ռեսուրսներ, և հոգեբանական յուրաքանչյուր աշխատանք ուղղված է այդ ներքին ռեսուրսն արթնացնելուն։ Բայց առաջարկում է ամեն իրավիճակում գտնել մի լավ բան, որ ձեզանից է կախված և փորձել դա անել։
«Երբեք երկրորդական մի համարեք ձեր լավ ինքնազգացողությունը։ Սկսեք սիրել ձեզ»։