Արցախում կին ձեռներեցների արդեն երկրորդ խումբն է ձևավորվում։ Այսօր ծանոթության օր էր։ Նախակրթական փուլ անցած 25 մասնակիցներ ծանոթացել են միմյանց բիզնես ծրագրերին և գաղափարներին։ 18-ամյա Միլենան ամենաերիտասարդն է թիմում։ Մոտ 6 ամիս է՝ նա զբաղվում է արցախյան բարբառով ստիկեռների արտադրությամբ։ Ծրագրին դիմել է նոր գիտելիքներ ստանալու և հետագայում փոքրիկ բիզնեսն ընդլայնելու նպատակով։
«Ծրագրի մասին իմացել եմ ընկերուհուցս, ով ինձ առաջարկել է ՀԲԸՄ-ին ներկայացնել իմ արցախյան բարբառով ստիկեռները։ Քանի որ Արցախում նման ծրագրեր այդքան էլ շատ չեն կազմակերպվում, որոշել եմ մասնակցել և ստանալ այնպիսի գիտելիքներ, որոնք չեմ կարող գտնել համալսարանում, համացանցում և այլ տեղերում»։
«Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակներում մասնակիցներին առաջարկվում է եռամսյա բազային դասընթաց և ուղղորդում։ Այն միտված է ձեռնարկատիրական մտածելակերպի ձևավորմանը, շուկայի հետազոտության հմտությունների զարգացմանը, ֆինանսական գրագիտություն ստանալուն: Ծրագիրը նաև բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր ստեղծելու հնարավորություն է։ Ծրագրի ղեկավար Տաթևիկ Մանուկյանի խոսքով՝ դասընթացի փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը և հավակնում մինչև 2 մլն դրամի չափով դրամաշնորհի։
«Մասնակիցները ներկայացնում են իրենց բիզնես գաղափարը ժյուրիի անդամներին և հնարավորություն ունեն ստանալ մինչև 2 մլն դրամի չափով դրամաշնորհ։ Այնուհետև կա ուղղորդման փուլ, որի ընթացքում մենք հետևում ենք մասնակիցներին, կապ ենք պահում նրանց հետ։ Ասեմ, որ չունենք որևէ խտրականություն։ Այսինքն՝ մեզ կարող են դիմել տարբեր բիզնես ոլորտներից մասնակիցներ։ Նաև չունենք տարածքային և տարիքային սահմանափակումներ»։
Նախակրթական ու դասընթացի փուլերին հաջորդում է վերջին՝ դրամաշնորհի փուլը։ Այս փուլում ընտրվում են լավագույն երեք բիզնես ծրագրերը։ Բայց անկախ դրամաշնորհի փուլի արդյունքներից՝ բոլոր մասնակիցները դառնում են ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ցանցի անդամ։ Ծրագրի նախորդ փուլից հաջողված պատմությունները շատ են։ Տաթևիկ Մանուկյանն առանձնացնում է դրանցից մի քանիսը։
« Օրինակ «Արցախյան բարիքներ» բիզնեսը, որը բավականին ընդլայնվել է հատկապես պատերազմից հետո։ Այն արդեն պայմանագրեր ունի արտասահմանյան կազմակերպությունների հետ և արտահանում է իր ապրանքը։ Հաջողված բիզնեսներից է նաև « Grigorian’s natural cosmetics»-ը։ Դրանք բնական խնամքի միջոցներ են, որոնք օգնում են մաշկի տարբեր խնդիրների դեպքում»։
«Կին ձեռներեցներ» ծրագիրը արդեն 5 տարի է, ինչ գործում է։ Այն շարունակական կլինի՝ վստահեցնում է ՀԲԸՄ-ն: Շուտով կհայտարարվի նաև նոր խմբի հավաքագրման մասին։ Դիմումները կընդունվեն Արցախից ևս, բայց այս անգամ դասընթացները կանցկացվեն Գորիսում։