«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն ավելի շատ հայտնի է գյուղատնտեսական ու բնակարանաշինական ծրագրերով։ «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ»-ը հիմնադրամի առաջին ծրագիրն էր՝ մշակույթի ոլորտում։ Ծրագրի առաջին միջոցառումը՝ Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանի համերգն Արցախում ջերմ ընդունվեց։ Այն դրական արձագանքներ, նաև աջակցություն է գտել։ Նպատակը՝ տեղի բնակչությանը մոտիվացնել էր։
«Այս նախաձեռնությունը շարունակական կլինի, նման այցելություններ հաճախ են լինելու։ Այսպես մենք կփորձենք ժողովրդին, թե՛ ուժ տալ, թե՛ օգնել բարձրացնել Արցախի հեղինակությունը և՛ Հայաստանում, և՛ միջազգային ասպարեզներում։ «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև հանրային ելույթներ, դասախոսություններ, կլոր սեղաններ, հանդիպումներ երիտասարդների հետ, ցուցահանդեսներ և այլն»։
Նախորդ տարի «Թուֆենկյան» հիմնադրամի ջանքերով Արցախում վերանորոգվել է 15 տուն։ 2022 թվականին բնակարանաշինական ծրագրերը շարունակվելու են՝ ասում է զրուցակիցս։
«Այս տարի, եթե չեմ սխալվում, մենք արդեն վերանորոգել ենք 2 տուն, ինչպես նաև Ծովատեղ գյուղի համայնքապետարանն ու բուժկետը»։
Բնակարանաշինական ծրագրից բացի «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը իրականացնելու է նաև մի շարք ծրագրեր այլ ոլոտներում։ Ռուբեն Ջանբազյանը գյուղատնտեսության ոլորտում իրականացվելիք ծրագրերի մասին է պատմում։
«Կարիքները բազմազան են։ Տնտեսության ոլորտում մեկնարկել են բազմաթիվ աշխատանքներ։ Մարտունու շրջանի գյուղերում ոչխարներ են բաժանվել այն մարդկանց, որոնք այս պատերազմի ընթացքում կորցրել են իրենց անասունները։ Այս ծրագիրը ևս շարունակական է լինելու»։
«Թուֆենկյան» հիմնադրամը Արցախի հետ կապված ծրագրերն իրականացնում է անշահախնդիր՝ «Արցախ» լրատվականին ասում է Ռուբեն Ջանբազյանը ։ Թե՛ լավ և թե՛ վատ ժամանակներում Արցախի կողքին լինելն է «Թուֆենկյանի» ամենակարևոր նպատակը։ Իսկ իրենց աշխատանքի լավագույն գնահատականը ժողովրդի վերաբերմունքն ու երախտագիությունն է։