Նոյեմբերի 24, 2024

9-րդ անընդմեջ հաղթանակը` ՆԶՊ առարկայական օլիմպիադայից

By Վիկտորյա Սարգսյան Մայիսի 16, 2022
9-րդ անընդմեջ հաղթանակը` ՆԶՊ առարկայական օլիմպիադայից Artsakhpress
ՀՀ-ում կայացած նախնական զինվորական պատրաստության առարկայական օլիմպիադայում Արցախի թիմն արդեն 9-րդ անգամ է հաղթում: Համադասարանցիները, հարազատներն ու ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները թիմին մեծ հպարտությամբ են դիմավորել: Թիմի ավագ Մովսես Հովսեփյանն ասում է՝ հաղթանակի հանդեպ հավատը մեծ էր: Հենց դա էլ օգնել է նրանց հասնել այդ հաղթանակին:  
«Մրցույթը տևել է երկու օր: Առաջին օրը կատարել ենք 6 վարժաձև, իսկ երկորդ օրը վազք վարժաձևը: Շատ լավ տպավորություններով ենք վերադարձել, բարձր մակարդակով էր կազմակերպված օլիմպիադան: Բոլոր թիմերն ուժեղ էին, բայց հաղթեց ուժեղագույնը»: 
Թիմում 7 հոգի են՝ 5 տղա և 2 աղջիկ: Օլիմպիադան նախօրոք կազմակերվել է նաև շրջաններում: Առաջին տեղ զբաղեցրած աշակերտները մասնակցել են հանրապետական փուլին: Իսկ լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներն ընդգրկվել են Արցախի թիմում: Արսեն Հարությունյանն ու Նվեր Լազարյանը արդեն մի քանի տարի է աշխատում են թիմի հետ և պատշաճ կերպով պատրաստում նրանց  օլիմպիադային: Բայց նշում են, որ այս տարի հաղթանակը մի փոքր դժվար է տրվել:  
«Մարզաձևերի մեջ նոր, կատարելագործված մեթոդներ էին ավելացել՝ կոնկրետ թեստային առաջադրանքների մեջ: Բայց երեխաները այս դեպքում նույնպես գրավեցին առաջին տեղը՝  20 միավորից հավաքելով 18 միավոր»: 
Պատերազմից հետո հանրապետության կրթական հաստատություններում փոխվել է վերաբերմունքը ՆԶՊ առարկայի հանդեպ: ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի նախազորակոչային պատրաստության բաժնի պետ Դավիթ Օհանջանյանի խոսքով՝ այսօր նման հաղթանակները առավել քան կարևոր են:  
«Ընդհարապես յուրաքանչյուր առարկայի վերջնարդյունքը գնահատվում է օլիմպիադաների և քննությունների ժամանակ: ՆԶՊ առարկայական օլիմպիադայում Արցախի թիմը արդեն 9-րդ անգամ անընդմեջ հաղթում է: Պատերազմից հետո դա առավել քան կարևոր է, որովհետև օլիմպիադայում այնպիսի մրցաձևեր են, որոնք մեզ պետք են նաև մարտի դաշտում»:
 ՆԶՊ առարկայական օլիմպիադայի Արցախի թիմը ԿԳՄՍ նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրերով և արժեքավոր նվերներով, «Զորաց ակումբ» ՀԿ  կողմից՝ դրամական պագևներով: Իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից թիմի յուրաքանչյուր անդամ մեկ տարի շարունակ կստանա կրթաթոշակ:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ