Նոյեմբերի 25, 2024

Հայրենաճանաչողություն քվեսթների միջոցով

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 17, 2022
Քվեսթը խաղ է, որի նպատակը  հանելուկների և գլուխկոտրուկների  միջոցով նոր միջավայր ուսումնասիրելն ու բացահայտելն է։  Քվեսթ կարող են խաղալ անսահմանափակ թվով մարդիկ, ամենատարբեր թեմաների շուրջ։  Հարազատ գյուղը քվեսթի միջոցով  զարգացնելու գաղափարը Կոլխոզաշենի դպրոցականների մոտ ծագել է դեռ նախորդ տարի, երբ նրանք  ստեղծել են «Արցախի երիտասարդ քաղաքացիներ» ակումբը:    Այստեղ նրանք  ուսումնասիրել են փոփոխությունների հիման վրա զարգացումը,    վեր  հանել գյուղի խնդիրները: Դպրոցի աշակերտներին ամենաշատն անհանգստացրել էր   գյուղի ճանաչված չլինելու խնդիրը: Նրանք որոշել են, որ խնդիրը կարելի է  լուծել քվեսթի միջոցով:   Գրեթե 7 ամիս  աշակերտները պատրաստվել  են «Կոլխոզ-քվեսթի»: Աշակերտները  պատերազմից հետո «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի միջոցով  Կոլխոզաշեն եկած  Աշոտ Գաբրիելյանի գլխավորությամբ են պատրաստվել ու անցկացրել քվեսթը: 
 
«Ծրագրի նպատակն էր կոտրել գյուղի անվան հետ կապված կարծրատիպերը՝ տուրիստներին գյուղ բերելով: Բայց չէինք ուզում զուտ հետաքրքրաշարժ տեղերը ցույց տալ: Որոշենցինք այդ տեղերը ցույց տալ հետաքրքիր խաղերի միջոցով և այդպես առաջացավ քվեսթի գաղափարը: Նպատակը՝ Արցախում նոր տուրիստական ընկերություն ստեղծելն է»: 
 
Քվեսթը նաև նպաստել է  երիտասարդների   ակտիվացմանը: Միապաղաղ  առօրյայից երեխաներն էլ էին հոգնել, այդ իսկ պատճառով մեծ ոգևորությամբ են կազմակերպել քվեսթը՝ ասում է Աշոտ Գաբրիելյանը: 
 
«Խաղի կազմակերպիչները աշակերտներն էին, նրանք շատ մեծ աշխատանք են տարել, որովհետև ծրագրին մենք նախապատրաստվում էինք դեռևս նոյեմբեր ամսից: Խաղից հետո ոգևորվածությունը շատ մեծ էր, որովհետև նրանք տեսան իրենց աշխատանքի արդյունքը: Նրանց ոգևորել են նաև նոր ծանոթությունները, նոր գիտելիքները»:
 
 Երեխաների ոգևորությունը վարակիչ էր: Անուշ Առաքելյանը, որ Կոլխոզաշեն էր գնացել կազմակերպչական աշխատանքներում օգնելու համար փաստում է՝ նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն ոչ միայն գյուղերի զարգացման համար։  Դրանք  նաև երիտասարդների մտածելակերպն են  փոփոխում: Նոր ծանոթություններ, նոր գաղափարներ, նոր հորիզոններ բացում։ 
 
«Արցախի գյուղերում հիմա այսպիսի խնդիր կա, որ երիտասարդները գնում են, մեծահասակները գյուղում ապրելու շարժառիթ չունեն: Բայց գյուղացիների, երեխաների հետ շփվելուց հետո հասկանում ես, որ հակառակը: Քվեսթից հետո ես եկել եմ տուն, տնեցիքին ասում եմ՝ կարող է մենք բոլորով գնանք Կոլխոզաշենում ապրելու»:
 
  Անուշը գյուղացիների հետ   շփվելու համար մեկ օր ուներ ընդամենը: Հարցին, թե ինչպես էին տրամադրված գյուղացիները և ինչ տպավորություններով է եկել  գյուղից, Անուշը կոլխոզաշենցի  մի տատիկի խոսքն է հիշում: 
 
«Ասում է մինչև Աշոտի այս գյուղ գալը, մինչև այս ակտիվությունը բոլորս մտածում էինք երեխաներին գյուղից ուղարկենք, մենք էլ դուրս գայինք, իսկ հիմա ընդհակառակը։ Մենք ուզում ենք այստեղ ապրենք: Եվ երեխաների գյուղում ապրելու ցանկությունը, որ տեսնում ենք, հասկանում ենք, որ ամեն  դեպքում մեր ապագան մեր ձեռքերում է»:
 
 Քվեսթի առաջին խաղն անցկացվել է անվճար,  մասնակցել են 15 հոգի Արցախից ու Հայաստանից:  Աշոտ Գաբրիելյանն ասում է՝ որոշակի վերլուծություններից ու փոփոխություններից հետո արդեն կարող ենք համարել, որ Արցախում նոր տուրիստական ուղղություն է ստեղծվում` Մեր Կոլխոզաշենը` ԿոլխոզՔվեսթով։ Առաջին խաղը հաջողվել է,  վստահ են՝  ամեն  հաջորդն  ավելի հետաքրքիր է լինելու: 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ