10 օր շարունակ Արցախի մի շարք դպրոցներում կազակերպվել են «Արցախն ապրում է» խորագրով միջոցառումներ՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Մենք՝ արցախցիներս գիտենք կյանքի գինը՝ ասում է նախարարության լեզվի պետական տեսչության պետական տեսուչ Ռուբեն Օսիպովը:
«Դրա համար մենք պետք է ապրենք, հիշենք մեր հերոսների անունները: Մենք պետք է ապրենք, որպեսզի պահպանենք մեր մշակույթը, ավանդույթները, լեզուն, որը ստեղծվել է դարերով: Դպրոցներում տեղի ունեցած բոլոր միջոցառումները կազմակերպված էին բարձր մակարդակով, սա ուսուցիչների պրոֆեսիոնալիզմն է, որի համար ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը պարգևատրել է նրանց»:
Նախարարությունը շնորհակալագրեր է հանձնել դպրոցների տնօրեններին, մեթոդմիավորման նախագահներին: Անահիտ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր կազմակերպիչներին, նաև հույս հայտնում, որ հետագայում ևս շարունակվելու է նրանց համագործակցությունը:
«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին: «Արցախն ապրում է» խորագիրը պատահական չէ ընտրված: Մենք բարձր կպահենք 44-օրյա պատերազմում զոհված մեր նահատակների անունն ու պատիվը: Կփորձենք Արցախ աշխարհը դուրս բերել ծանր իրավիճակից և լինել նրանց արժանի հետնորդները»:
Նախարարությունը դպրոցի տնօրեններին ու մեթոդմիավորման նախագահներին պարգևատրել է շնորհակալագրերով, իսկ կազմակերպիչ ուսուցիչներին՝ ծաղկեփնջերով: