«Հաբ Արցախ»-ի կողմից կազմակերպված միջոցառմանը հրավիրվել էին ակտիվ երիտասարդներ, Հայաստանի ու Արցախի հասարակական հատվածի ներկայացուցիչներ։ Արցախի կառավարությունից ներկա էր Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
«Քաղհասարակության էքսպոն կարևոր միջոցառում է, հատկապես կառավարության և հասարակական հատվածի շփումների, նախագծերի փոխգործակցության, գաղափարների փոխանակման հնարավորությունների տեսանկյունից։ Պատերազմից հետո բավականին ակտիվ համագործակցություն կա տարբեր կազմակերպությունների հետ, և կառավարության մարմիններն ակտիվ աշխատում են հասարակական հատվածի հետ։ Որպես Տարածքային կառավարման նախարար, ես կարևորում եմ հատկապես համայնքների ծրագրերը, ցանկանում, որ մասնագիտական կարողությունների զարգացման մասնագետներ նույնպես Արցախ գան»։
Քաղհասարակության առջև դրված խնդիրները, հասարակական հատվածի ռեսուրսների օգտագործումը պետության առջև դրված խնդիրների լուծման գործում, ինչպես նաև համագործակցությունը կառավարության հետ Արցախում լավ չեն պատկերացնում, ինչը բերում է ոլորտի թերզարգացածության։ Արցախում պատերազմից հետո բազմաթիվ խնդիրներ են առաջացել․ այդ ամենը պետությունը մենակ չի կարող հոգալ․ կարիքները գնահատելու և հասարակական հատվածի միջոցով խնդիրները լուծելու անհրաժեշտություն կա։ Սոֆյա Հովսեփյանը Արցախի սոցիալական վիճակին քաջատեղյակն է։ Նա Արցախի Սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրենն է և ավելի քան 8 տարի աշխատում է Արցախի հետ, իսկ պատերազմից հետո նաև ապրում Արցախում։ Խոսելու ժամանակները ավարտվել են, ասում է, և եկել է գործելու պահը․ Արցախն այսօր լուրջ մարտահրավերներ ունի, և քաղհասարակությունը չի կարող անմասն մնալ այդ գործից․ դրա համար հասարակական հատվածի իրավագիտակցության մակարդակի բարձրացման, նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտություն կա․
«Անհրաժեշտ է գործել․ եթե եկել ենք զուտ խոսելու համար, կլինի հերթական միջոցառում, որն օգուտ չի տա։ Քաղհասարակության մտածողությունն ու ընկալումը պետք է փոխվի։ Այսօր այլ Արցախ ունենք, այլ մարտահրավերներ և դրանց համահունչ պետք է գործել։ Պետությունը չէ, որ պետք է ֆինանսավորի, այլ իրենք պիտի կարիքը տեսնեն ու միջոցներ գտնեն»։
Խնդիրներն Արցախում շատ են։ Պետության ու հասարակական հատվածի հարաբերություններն էլ տարբերվում են․ հաճախ, ըստ բանախոսների, քաղհասարակություն տերմինը ճիշտ ընկալում չի գտնում, կամ պետական և ոչ պետական մարմիններն այնտեղ ներգրավված կադրերին փորձում են ուղղորդել այլ շահերի սպասարկման։ Սրանք խնդիրներ են, որոնք արգելակում են քաղհասարակության զարգացումը կամ շեղում նրան իրական նպատակների իրագործումից։ Դրա համար Սոֆյա Հովսեփյանը կարևորում է նման հանդիպումները, քաղաքացիական հասարակության փոխգործակցությունը օրենսդիր ու գործադիր մարմինների հետ՝ համարում պարտադիր․
«Այս ամենը պետք է դառնա քաղհասարակության գործունեությունը։ Կառավարության հետ փոխգործակցությունը, համաձայնեցումը, խնդիրների մասին տեղեկացումը, լուծումը։ Այս ամենը հասարակության գործուն, ակտիվ մասին պիտի հասցվի»։
ՀՀ կառավարության նախկին անդամն ու օրենսդիրի ներկայացուցիչը խոսեց նաև Արցախ տեղափոխման շարժառիթների մասին։ Ասում է՝ Արցախում է, քանի որ հեռվից կոչեր անելու փոխարեն Արցախը նաև ֆիզիկապես իր կողքին լինելու կարիք ունի․ ներսից ամեն ինչ անհամեմատ լավ է երևում․
«Քաղհասարակության ներկայացուցիչն իրավունք չունի շատ ինֆորմացվելու անվտանգային խնդիրների մասին, հնարավոր է՝ տեղյակ չի, որ դրանք անվտանգային բաղադրիչ են պարունակում, դրա համար պետք է ինֆորմացիան համաձայնեցվի՝ հատկապես Արցախի պարագայում։ Կառավարության հետ պետք է առաջնահերթությունները քննարկել, որպեսզի նպատակային աշխատեն»։
Քաղհասարակությունն ու անվտանգությունը․ այս նուրբ թեմային Արցախի պարագայում պետք է այնպես մոտենալ, որ ինչպես կառավարության, այնպես էլ հասարակության ներկայացուցիչները չվնասեն պետության շահը, կամ դրա տակ նեղ անձնական հարցեր չլուծեն․ Հայկ Խանումյանը քաղհասարակության զարգացման խնդիրներն է առանձնացնում․ նրա կարծիքով, լրջագույն խնդիրներ կան հենց երկրի տնտեսական կառուցվածքի հետ կապված․
«Նման կառուցվածք ունեցող երկրում, որտեղ մի զգալի մասը բյուջետային աշխատողներ են, քաղհասարակությունն իր դասական ձևով չի կարող գոյություն ունենալ։ Հատկապես պատերազմից հետո, երբ առաջացել են նոր շահերի խմբեր, որոնք ստիպում են կառավարությանը սոցիալական ծրագրեր անել, և կառավարությունը տեղի է տալիս։ Փող բաժանելու, սոցիալական ծրագրերի միջոցով խնդիրների լուծումը մեր պարտության ճանապարհն է։ Ցավոք»։
Խանումյանի կարծիքով հասարակության ինքնակազմակերպվածության բարձր մակարդակը մեզ հնարավորություն է տվել ժամանակին բանակ ստեղծել, պետական ինստիտուտներ ու հաղթանակ կերտել։ Նա կարծում է, որ քաղհասարակությունը պետք է զարգանա, և որ «սոցիալական ծրագրերի ազդեցությունը, երբ բոլորը փող են ուզում ոչ մի բան չանելու դիմաց, աղետի է բերելու»։ Մեզ պետք են ինքնաբավ քացաքացիներ, որոնք զարգացման խթանն են, իսկ սոցիալական ծրագրերը թուլացման են տանում։ Այդ պատճառով նա կարևոր է համարում համայնքների կարողությունների զարգացումը։ Այդտեղ կարող են մեծ օգուտ տալ հենց հասարակական կազմակերպությունները՝ արտաքին ներդրումների միջոցով։ Հայաստանում կա որոշակի փորձ, և այդ փորձը Արցախ բերելու ժամանակն է, կարծում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։