«Ապագա Հայկականը» թիմը իրենց արցախյան այցը մեկնարկել է երիտասարդների հետ հանդիպմամբ: «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկաֆոնիայի կենտրոնում մայիսի 21-ին, տեղի է ունեցել հանդիպում-զրույց նախաձեռնության հիմնադիրների հետ: Գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը ներկայացրել է նախաձեռնության ստեղծման պատմությունն ու նպատակները:
«Նախաձեռնությունը ստեղծվել է անցած տարի և նպատակն է հանրային քննարկումների ճանապարհով մշակել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար ապագա ծրագրերին վերաբերող նախաձեռնություններ և դրանք տանել նաև լայն հանրային քննարկումների»:
2021 թվականին 300 փորձագետի ներգրավմամբ նախաձեռնությունը մշակեց 15 նպատակ, որոնք հանդիսանում են թիրախներ՝ Հայաստանի և Արցախի կայուն զարգացման համար: Դրանք ավելի մանրամասն մշակելու համար նախաձեռնվել են նաև լայն քննարկումներ: Առաջին քննարկումը տեղի ունեցավ հենց Արցախում:
«Մենք, իհարկե, չէինք կարող չսկսել Արցախից: Ֆորումը նվիրված է Արցախում ժողովրդագրական խնդիրներին, և մեր նպատակն է նոխորոշել այն քայլերը, որոնք հնարավոր են իրականացնել՝ իրադարձությունների զարգացման տարբեր սցենարների պարագայում»:
Այսքանը որպես նախաբան: Այնուհետև «Ապագա հայկականը» հիմնադիրները հանդես են եկել ողջույնի խոսքով, ներկայացրել Հայաստանի ու Արցախի ապագայի իրենց տեսլականը: Բոլոր հիմնադիրները կարևորել են այն փաստը, որ քննարկումների փուլը հենց Արցախից է սկսվում: Ծանոթությունից հետո ծավալվեց հարցուպատասխան. քննարկվեցին հարցեր կրթության դերից մինչև հայկական երկու պետությունների առջև ծառացած խնդիրներ: «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանի հարցը վերաբերում էր, ինչպես ինքն է ասում, կրթության փիլիսոփայությանը: Վերջիվերջո, ինչպիսի՞ քաղաքացի ենք մենք ուզում ունենալ՝ աշխարհաքաղաքացի, թե՞ հայ: Հարցին պատասխանում է Ռուբեն Վարդանյանը:
«Ես կփորձեմ 3 թեզ ներկայացնել: Ես վստահ եմ, որ 21-րդ դարը քաղաքակրթության դար է: Ոորովհետև, եթե մինչև 19-րդ դարը պատերազմները եղել են հողերի համար, ապա 19-21-րդ դարերում շատ կարևոր դարձավ capital-ը՝ փողը: 21-րդ դարում մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում ամեն ինչ: Կրթությունը միշտ է եղել կարևոր, բայց այսօր այն ոչ միայն հասարակության համար կարևոր մաս է, այլև նոր արժեքներ է ստեղծում: Երկրորդը, որ ուզում եմ ասել այն է, որ մենք իսկապես շատ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած. ո՞վ է հայը, հայ քաղաքացին և հայ հասարակությունը: Եվ երրորդ. ես իսկապես ուզում եմ ընդգծել, որ մեր հասարակությունում փոխվել է կանանց դերը: Ոչ միայն, որ նրանք ավելի ակտիվ են, այլև նրանց ընգրկումը հասարակության տաբեր ոլորտներում շատ մեծացել է»:
Կարևորելով քննարկված բոլոր թեմաները, երիտասարդները ընգծեցին նախ և առաջ անվտագության թեման: Կարելի է անվերջ խոսել կրթության խնդիրների, տնտեսության զարգացման և այլնի մասին: Բայց, երբ չունես ֆիզիկական անվտանգության երաշխիք, սրանք արդեն երկրորդական են դառնում: Կիսելով երիտասարդների մտահոգությունները՝ «Ապագա հայկական»-ի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը նշեց, որ նախաձեռնության գլխավոր նպատակներից է օրակարգ բերել համահայկական միասնությունը:
«Մոնթեի հայտնի խոսքը՝ «Եթե մենք կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը» պետք է շատ հաճախ կրկնենք: Շատ խորը իմաստ կա այդ ամենի մեջ: Եվ մեր նպատակն է նաև ջանքները միավորել, որպեսզի նախ սկսենք տեսնել, ապա նաև լուծել ապագայի խնդիրներն այսօրվանից»:
Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ պետք է շեշտը դնել միասնականության և ազգի զարգացման վրա. կազմենք մի ռազմավարություն, որով կկարողանանք դուրս գալ այս ճգնաժամից: Մենք լուրջ գոյաբանական ճգնաժամ ենք ապրում, որը, անշուշտ, նաև Հայաստանինը և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերինն է: Զրույցը շարունակվեց մինչև ուշ երեկո, ավելի ջերմ ու անմիջական մթնոլորտում՝ խարույկի շուրջ: