Կրթության ոլորտում նախատեսված են մի շարք բարեփոխումներ՝ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: Նրա խոսքով՝ գերատեսչության քաղաքականության առանցքում համակողմանի զարգացած, խելացի քաղաքացի դաստիարակելն է: Նախադպրոցական կրթական համակարգը չի բավարարում մեր հասարակության պահանջները, հանրակրթական ոլորտում էլ բացթողումներ կան։
«Փոփոխված տարբերակով շրջանառված է նախադպրոցական կրթության մասին օրենքը, որը դեռևս հաստատված չէ։ Նախադպրոցական խմբերը գործում են ոչ լիարժեք, ունենք մասնակի թերություններ, բազմաթիվ աշխատանքներ են կատարված նախադպրոցական համակարգը պատշաճ մակարդակի բերելու ուղղությամբ»։
Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-9-րդ դասարաններում կրթական գործընթացն իրականացվում է պատշաճ մակարդակով։ Սխալները վկայում են կատարված աշխատանքի մասին՝ ասում է Անահիտ Հակոբյանը։ Արցախի և Հայաստանի կրթական ոլորտները միասնական համակարգում են գտնվում։ Այդ պատճառով բոլոր բարեփոխումներն ու որոշումները պետք է ընդունվեն համաձայնության սկզբունքով։ Այժմ շրջանառության մեջ է դրված նաև հանրակրթության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները:
«Օրենքի փոփոխման դեպքում հնարավոր կլինի որոշ բարեփոխումներ իրականացնել, հատկապես, համընդհանուր ներառականություն ապահովելու գործում։ Այս պահին ունենք թերացումներ կապված մտավոր թերզարգացած և որոշ հիվանդություններով տառապող երեխաներին հանրակրթության և նախադպրոցական նախակրթարաններում ընդգրկելու ուղղությամբ՝ համապատասխան մասնագետների բացակայության պատճառով։ Նոր օրենքով նախատեսվում է նաև հատուկ ռեսուրս դպրոցների առկայություն, որում արդեն ընդգրկված կլինեն այն երեխաները, ովքեր ունեն օժտված ընդունակություններ»։
Ներառականությունը չի վերաբերում միայն որոշակի արատներ ունեցող երեխաներին։ Արտակարգ ունակություններով օժտված երեխաներին նպատակահարմար է ընդգրկել ներառական կրթական հաստատություններում։ Այս հարցի շուրջ նախարարը հստակ պատկերացումներ ունի։
«Մենք համարվում ենք աշխարհի ամենախելացի ազգերից մեկը։ Մեր գենոֆոնդը բավականին առողջ է, հետևաբար ես նպատակահարմար եմ գտնում արտակարգ ունակություններով օժտված երեխաներին ընդգրկել նման կրթական հաստատություներում։ Այդ ծրագրի իրականացումը կլինի իմ գլխավոր նպատակներից մեկը»։
Միջին մասնագիտական, արհեստագործական կրթության ոլորտում իրականացվում են բազմաթիվ աշխատանքներ։ Ընթացքի մեջ է տարբեր մասնագիտությունների ուղղությամբ նոր բաժինների բացման աշխատանքը։ Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում մշակույթի ոլորտում՝ ասում է նախարարը։ Անահիտ Հակոբյանը կարևորում է մշակութային ժառանգության պահպանումը։ Հենց այդ մշակութային արժեքներով է աշխարհը ճանաչելու Արցախը։
«Մշակութային ոլորտում իրականացվող, իրականացված բոլոր միջոցառումները շարունակվելու են։ Ընդ որում, ես ընդգծեմ, որ այս ոլորտում հսկայական աշխատանքեր են տարվել իմ պաշտոնավարման ընթացքում։ Թե ամառային, թե՛ աշնանային շրջանում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ»։
Ֆինանսական միջոցների սուղ լինելու պատճառով Արցախը միշտ չի կարողանում աշխարհին ներկայացնել իր լավագույն մարզիկներին, բայց այնուամենայնիվ, Անահիտ Հակոբյանի գնահատմամբ, սպորտի ոլորտում ունեցած ձեռքբերումները փայլուն են։
«Սպորտի ասպարեզում, մենք, կարելի է ասել, փայլում ենք աշխարհի մակարդակով։ Մեր մարզիկները փայլում են։ Ապացույցը՝ Հայաստանում «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմի հաղթանակն է։ Մեր մարզիկները մրցանակային տեղեր են գրավել նաև աշխարհի մակարդակով»։
Անահիտ Հակոբյանի խոսքով՝ գերատեսչության նպատակը համակողմանի զարգացած, մեր հանրապետությանը արժանի քաղաքացի դաստիարակելն է: