Այսօր Արցախի Հանրապետության 106 դպրոցում աշակերտները նշեցին Վերջին զանգն ու հրաժեշտ տվեցին դպրոցին։ Հրաժեշտ տվեցին ոչ սովորական ձևով և ոչ սովորական բառերով։ 44-օրյա պատերազմից հետո այլևս ոչինչ Արցախում նույնը չէ։ Նույնը չեն ուսուցիչների հայացքները, ծնողների խանդավառությունը, և նույնը չեն երեխաների աչքերը։ Այս տարի Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում hրաժեշտի միջոցառումը տարբերվում էր ավանդականից։ Չկային այդ դպրոցին հատուկ բազմամարդ տողանը, ծաղիկներով ու նվերներով աշակերտներին ուղեկցող ազգականներն ու հարազատները։ Ամեն ինչ համեստ էր, գեղեցիկ ու խոսուն։ Դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը ավարտական միջոցառման ձևաչափի փոփոխման որոշման մասին է պատմում․
«Այս տարի վերջին զանգը որոշել ենք այլ ձևաչափով նշել, հնարավորություն տալով իններորդցիներին արտահայտվել, ինքնադրսևորվել։ Ավանդական ձևաչափը կարծես մի քիչ հնացել է, չեմ ասում, թե ընդունելի չի, բայց մենք այս ձևաչափն ընտրեցինք։ Այսպես ավելի անմիջական է»։
Երեխաներն արտահայտվեցին, ու իրենց ասելիքն ասեցին լավագույն ձևով․ դահլիճում իններորդցիներն էին՝ թվով հինգ դասարան, ուսուցիչները, քիչ թվով հյուրեր։ Յուրաքանչյուր դասարան 15 րոպե ելույթ ունենալու հնարավորություն ուներ․ այդ 15 րոպեում ասվեցին ամենակարևոր բառերը, այն, ինչ ասելու կարիքն ինչ-որ տեղ չկար էլ. ամեն ինչ հասկացվում էր առանց խոսքերի։
«Բարի օր դպրոց, մեր սիրելի ուսուցիչներ և ընկերներ։ Այսօր հուզիչ պահեր ենք ապրում։ Հրաժեշտ ենք տալիս հիմնական դպրոցին։ Դասերից հետո մնացինք դպրոցում, չէինք ուզում հրաժեշտ տալ։Միշտ երազում էինք շուտ ավարտել դպրոցը։Բայց երբ գիտակցեցինք, որ շատ ենք կապված մեր կրթօջախին, չէինք ուզում, որ օրն ավարտվի»։
Կրթության գիտության մշակույթի, սպորտի նախարարության տեսուչ Արթուր Ավանեսյանը եկել էր ողջունելու առաջին դպրոցի իններորդցիներին և ընթերցելու նախարար Անահիտ Հակոբյանի ուղերձը։
«Այսօր Արցախում հնչող վերջին զանգը մեծ խորհուրդ ունի․ այն ազդարարում է ձեր մուտքը մեծ կյանք։ Դեպի ինքնադրսևորում, դեպի նոր ձեռքբերումներ»։
«Վստահ եմ, որ դպրոցում ստացած ձեր գիտելիքները ի նպաստ կդնեք պետության կայացման գործում։ Հավատում եմ, որ կյանք մտնելով որպես մեր հազարամյա պատմության դասերով կրթված սերունդ, կարդարացնեք ձեր ուսուցիչների ու ծնողների ակնկալիքները»,-ասված է ուղերձում։ Աշակերտները հուզել էին ներկաներին․ երախտագիտության իրենց խոսքով, զոհվածների հանդեպ խոնարհումով, ուսուցիչների հանդեպ ակնածանքով, հարազատ կրթօջախի նկատմամբ սիրով ու կարոտով։ Լենա Ավանեսյանի ձայնի երանգում թախիծ կար, խոսքում՝ հպարտություն, դպրոցը արժանի մարդկանց է մեծ կյանք ճանապարհում․
«Մենք տեսանք, զգացինք ձեր սերը, զգացմունքերը, սիրելի աշակերտներ։ Հաճելիորեն զարմացած եմ, կարծես թե աշակերտներ էիք սովորական, որ դաս էլ չէիք սովորում միգուցե, ուսուցիչների դժգոհության թիրախում էլ էիք։ Բայց այնքան կարևոր բաների մասին խոսեցիք։ Բազում դժվարություններ հաղթահարեցինք, ու նորից սկսեցինք ապրել Արցախում։ Վերադարձանք»։
Վերադարձանք, և փորձելով հաղթահարել դժվարությունները, սկսեցինք ապրել,-շարունակում է տնօրենը։ Իսկ չապրել չէր կարելի։ Դպրոցի դասերը նաև այդ մասին էին։ Պիտի ապրեին նաև այն տղաների փոխարեն, որոնք մի օր սովորական աշակերտներ էին, գուցե ավելի չարաճճի, քան այսօրվա շրջանավարտները, բայց որոնք տվեցին կյանքի ամենամեծ դասը մեզ, ապրողներիս։