Նոյեմբերի 23, 2024

Վերին Թաղավարդից՝ Ստեփանակերտի փոքրիկ հյուրատուն

By Վիկտորյա Սարգսյան Մայիսի 28, 2022

44 օրյա պատերազմի հետևանքով Թաղավարդը երկու մասի բաժանվեց։ Գյուղի մեծ հատվածը մնաց թշնամու հսկողության տակ, մեզ մնացած փոքր հատվածում, երեք կողմից թշնամիներով շրջապատված, շարունակում են ապրել տասնյակ ընտանիքներ։  Որոշները ստիպված էին լքել գյուղը և հաստատվել հանրապետության տարբեր հատվածներում։  Ռիտա տատիկը 48 տարի առաջ  Թաղավարդ հարս է եկել։ 4 երեխա ունի, 9 թոռ։ Հպարտությամբ է ասում՝ 9 թոռներից 7-ը մասնակցել են պատերազմին։ 

«7 թոռնիկներս արդեն իրենց պարտքը տվել էին հայրենիքին, բայց այս պատերազմում էլ բոլորը սահմանին էին։ Երբ զանգում էի ու ասում, որ շատ եմ մտածում իրենց մասին, բոլորը ինձ հանգստացնում էին»։ 

Այս տարիների ընթացքում հասցրել են տուն դնել, փոքրիկ տնտեսություն ստեղծել։ Ապրում էին գյուղացու հոգսերով և չեն էին պատկերացնում, որ մի օր կկորցեն այդ ամենը, կապրեն իրենց գյուղի  համեմատ մեծ քաղաքում և, անգամ, մշակելու մի փոքրիկ այգի չեն ունենա։ Բայց ասում է՝ հույսը չեն կորցրել։ Պետք է շարունակել ապրել Արցախում և գործով ապացուցել, որ հողի տերը մենք ենք։ 

«Թող մեր հայ ժողովուրդը չմոռանա  այս օրերն ու տառապանքը և այլևս թույլ չտա թշնամուն ոտք դնել Արցախ»։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ռիտա տատիկը ամենօրյա գործերով էր զբաղված՝ անասուններին էր կերակրում, այգում աշխատում։ Լսվեցին պայթուններ՝ անսպասելի,  ահասարսուռ։ 

« Շուրջբոլորս պայթունների ձայներ էին։ Հարևանուհուս հարցրեցի՝ ի՞նչ ձայներ են։ Ասեց՝ ոնց որ թշնամին է։ Չհավատացի, որ այսքան անսպասելի կարող է պատերազմ սկսել»։

 Որոշ ժամանակ գյուղում է մնացել, հաց էր թխում գյուղում մնացածների և սահման ուղարկելու համար։ Գնալով պայթունները ուժգնանում էին,   պատերազմի ձայնն  ավելի էր մոտենում։ Երբ արդեն իրավիճակը շատ լրջացավ նրանց գյուղից տարհանեցին։ Պատերազմից հետո անմիջապես վերադարձան Արցախ։ Երկար ժամանակ մնալու տեղ էին փնտրում։ Մեծ ընտանիքը ստիպված  էր բաժանվել։ Ինչքան փնտրեցին, մեծ ընտանքի համար մեծ տուն չգտնվեց:  Զավակներն առանձնացան՝ առանձին, փոքրիկ տներում: Իսկ Ռիտա տատիկն ու ամուսինը ապրում են մայրաքաղաքի մի փոքրիկ հյուրատնում։ Մեր ամբողջ զրույցի ընթացքում Ռիտա տատիկի կողքին համեստ նստած էր  ամուսինը՝ Բորյա պապիկը։ Մի խոսք անգամ չասաց: Վերջերս ինքնամփոփ է դարձել՝ ասում է զրուցակիցս: Փոխարենը Բորյա պապիկը հյուրատան փոքրիկների հետ է լավ լեզու գտնում: Իսկ երեխաներ այստեղ շատ   կան:  Եվ նրանց սերն  էլ փոխադարձ է: 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ