Նոյեմբերի 22, 2024

Երազանք, նպատակ, գործողություն. կամ ինչպես վերադառնալ կյանքին

By Մարգարիտա Ղուշունց Մայիսի 28, 2022

«Բանակցություններ, հաղորդակցում, առաջնորդություն» թեմայով դասընթացների մասին հայտարարվել էր նախապես։ Այն հրավիրել էր պատերազմին մասնակցած կամ վիրավորում ստացած երիտասարդներին նոր հմտություններ ստանալ, որոնք սովորեցնում են ձգտել ու հասնել նպատակներին: Դասընթացի օնլայն ձևաչափը հնարավորություն է տալիս մասնակցել՝ անկախ բնակության վայրից: Այդպիսով, «Նոր էջ» նախագիծը միավորեց երիտասարդների տարբեր շրջաններից: «Հեռանկար» ՀԿ-ի տնօրեն Հարութ Ղահրամանյան նախագծի ակտիվ մասնակիցներից է։ Լավ բիզնես սկսելու համար պետք է ունենալ համապատասխան գիտելիքներ ու մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ՝ ասում է նա: Օֆլայն դասընթացի հնարավորությունը բաց թողնել չէր կարող․

«Ծանոթ էի « Նոր էջ» նախագծի գործունեությանն ու Թևան Պողոսյանին։ Դասընթացն ինձ տվեց մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ. օրինակ, թե ինչու պետք է բանակցել, ինչ կարող է տալ այն մեզ, բանակցությունների ժամանակ ինչ կանոններով պետք է առաջնորդվել»։

Հայաստանի «Մարդկային ռեսուրսների զարգացման Ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Նոր Էջ» նախագծի շրջանակներում կյանքի հմտությունների մասին դասընթացներ անցկացվել են նաև Երևանում: Ստեփանակերտում այն կազմակերպվել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի անձնական նախաձեռնությամբ մայիսի 16-21-ը: Շահառուների թիվը մեծ էր, այդ պատճառով էլ այն կազմակերպվեց երկու խմբով: Յուրաքանչյուր խմբում 24 երիտասարդ էր տարբեր շրջաններից: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ երիտասարդները ծրագրին մասնակցել են մեծ սիրով ու հետաքրքրությամբ:

«Տղաները եկել են, խմբերում աշխատել ենք։ Հույս ունեմ, որ ես կարողացել եմ իրենց տալ այն ոգևորությունը, որով իրենք էլ հետո կնախաձեռնեն, որևէ գաղափար կիրականացնեն։ Եվ տա Ատված, որ հետագայում լինեն նաև այլ հնարավորություններ Արցախում նմանօրինակ դասընթացներ կազմակերպելու համար, որպեսզի ավելի ու ավելի շատ մարդ կարողանա տիրապետել ճիշտ հաղորդակցվելու, բանակցություններ վարելու հմտություններին և առաջնորդություն իրականացնել»։

Նման ծրագրերը կարևոր են հետպատերազմական շրջանում: Արցախում այն առավել ևս կարևորվում է՝ հնարավորությունների սահմանափակության տեսանկյունից: Որքան շատ լինեն «Նոր Էջի» նման նախագծեր, այնքան ավելի շուտ ոտքի կկանգնի Արցախը՝ ասում է Թևան Պողոսյանը։

«Ընդհանրապես ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ ձևավորվել է հատուկ պատերազմի մասնակից և վիրավորում ստացած անձանց հմտություններ տրամադրելու համար, որպեսզի մարդկանց օգնի վերագտնել իրենց։ Ծրագրի շրջանակներում անցկացրել եմ կյանքի հմտություններին նվիրված բանակցություններ, հաղորդակցում, առաջնորդություն թեմայով , որովհետև մարդիկ դրանով են մոտիվացվում՝ երազանքը նպատակ և իրականություն դարձնել»։

Թե «Նոր էջ»-ի, թե այլ նախագծերի շրջանակներում Թևան Պողոսյանը պատրաստակամ է կիսել իր գիտելիքները։ «Նոր էջ»- ի մենթորների խորհրդատվությունները չեն եզրափակվում միայն դասընթացներով։ Խոստանում է՝ առաջիկայում սպասվում են նոր ծրագրեր:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ