Հունիսի 1-ը լավագույն առիթն էր «Սեր Արցախ»-ի մեկնարկը տալու համար, այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, ի նշան 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծնված և հայրենի հողին կյանք տվող երեխաներին պաշտպանելու անհրաժեշտության։ Հիմնադրամի ներկայացուցիչները շրջեցին մայրաքաղաքի ծննդատան սենյակներով ու բաժանեցին նվեր-տուփերը նորածինների մայրիկներին: Անի Սարգսյանը Հայաստանից Արցախ հարս է եկել: Առաջնեկին այսօր է ունեցել:
«Այստեղ եմ ամուսնացել և առաջին բալիկս հենց Արցախում ունեցել: Շատ շնորհակալ եմ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամին՝ ինձ ու բալիկիս այսպիսի անակնկալ մատուցելու համար»:
«Սեր Արցախ»-ը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ նրան աջակցում են դոնորները՝ ասում է հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանը: Դրամահավաքը այս պահին էլ շարունակվում է: Հավաքված յուրաքանչյուր լուման ծառայելու է ծրագրի ընդլայնմանը:
«Ծրագիրն իրականացնում ենք հունիսի 1-ից, սակայն այն շարունակական է լինելու: Արդեն մի քանի ամսվա իրականացվելիք ծրագիրը հաստատված է, ապրանքները գնված են: Նպատակն է՝ Արցախի բնակչությանը, նորածին մանուկներին ու իրենց ծնողներին ասել, որ Սփյուռքը ձեզ հետ է, ձեզ սիրում է և ձեր հանդեպ հոգատար է»:
Նվեր-տուփերում ներառված բոլոր պարագաները բարձրորակ հայկական արտադրանք են և ձեռք են բերվում Հայաստանում ու Արցախում: Յուրաքանչյուր տուփ ներառում է գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, խնամքի հիմնական պարագաներ, ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով պատրաստված մանկական գրքեր և փայտե անիվներով խաղալիքներ:
«Տուփերում յուրաքանչյուր ապրանք նախագծված և ստեղծված է Աննա Աստվածատուրյանի կողմից: Մանրամասն ուսումնասիրված է՝ ինչ է պետք ծնողին, երեխային՝ ծննդյան առաջին օրերից»:
Այսօր նվեր-տուփեր ստացավ 16 բալիկ: Ծրագիրը կիրականացվի նաև շրջկենտրոնների ծննդատներում: Հիմնարդամի ներկայացուցիչները շարունակաբար կայցելեն ծննդատներ և կհանձնեն նվերները: