Նոյեմբերի 23, 2024

1800 նվեր-փաթեթներ՝ արցախցի փոքրիկներին

By Վիկտորյա Սարգսյան Հունիսի 01, 2022

Ծրագրի բյուջեն 28 մլն դրամ է: Սա Արցախում ժողովրդագրական աճը խթանող առաջին մեծամասշտաբ ծրագիրն է՝ ասում է Genesis Armenia ուղեղային կենտրոնի PR պատասխանատու Գառնի Մութաֆյանը: Այն իրականացվում է «Ապագան հիմա է» բարեգործական ՀԿ հետ համատեղ, իսկ կազմակերպչական աշխատանքներին աջակցել են Արցախի առողջապահության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունները և ՏԻՄ-երը:  Գառնի Մութաֆյանի խոսքով՝ պատրաստվել է 1800 նվեր-փաթեթ:  

«Ծրագիրը նախատեսված է նորածնային տարիքից մինչև 1 տարեկան երեխաների համար: Սրանք նվեր- փաթեթներ են, որոնք պատրաստվել են հենց երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ: Փաթեթների մեջ ներառված են սրբիչներ, ծծակներ և կաթի շիշ, իսկ պայուսակն էլ ծնողները կարող են օգտագործել երեխաների իրերը իրենց հետ պահելու համար»:

 Ուրախությամբ է նշում՝ նվեր-փաթեթները պատրաստվել են Մարտունի քաղաքի աշխատարանում, որը նախորդ ամիս է բացվել կենտրոնի կողմից:  

«Փաթեթը և սրբիչները կարվել են Մարտունու աշխատարանում, որը արդեն մեկ ամիս է, ինչ գործում է: Նախորդ երկու օրերին եղել ենք Մարտունիում, Մարտակերտում, կլինենք նաև Աղավնոյում: Ասկերանի փաթեթները ուղարկել ենք, հետագայում սոցապ նախարարությունը տեղյակ կպահի, թե երբ կարող են ծնողները մոտենալ և ստանալ»: Ծրագրի շահառուները շնորհակալություն են հայտնում Genesis Armenia ուղեղային կենտրոնին և իրենց տոնական մաղթանքները հղում փոքրիկներին:  

«Շնորհակալություն եմ հայտնում նվերների համար: Աղջիկս շուտով մեկ տարեկան կդառնա: Իսկ մեր փոքրիկներին շնորհավորում եմ և մաղթում խաղաղ երիկինք և անհոգ մանկություն»: 

Նման միջոցառումները բարձրացնում են մանուկների տրամադրությունն ու նրանց օրը տոն դարձնում: Իսկ այն, որ փաթեթն ու սրբիչները կարվել են նոր բացված աշխատարանում, կրկնակի է կարևորում ծրագիրը: 

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 01 Հունիսի 2022 18:44
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ